ԱՄՆ-ում Շնոբելյան մրցանակներ են հանձնել գիտության մեջ ամենաանհեթեթ ձեռքբերումների համար
ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական ձեռքբերումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար: Ինչպես հաղորդվում է մրցանակի կայքում, պարգեւատրման 28-րդ ամենամյա արարողությունը սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ), պարգեւը հանձնվել է տասը կատեգորիաներում։
Խաղաղության Շնոբելյան մրցանակն այս տարի բաժին է հասել Իսպանիայից եւ Կոլումբիայից մի խումբ գիտնականների, որոնք չափել են ավտոմեքենա վարելիս բղավելու եւ հայհոյելու հաճախականությունը, դրդապատճառներն ու հետեւանքները:
Գրականության բնագավառում մրցանակը շնորհվել է Ավստրալիայի, Էլ-Սալվադորի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին, որոնք պարզել են, որ մարդկանց մեծամասնությունը չի կարդում առավել բարդ կատեգորիայի ապրանքներին վերաբերյալ հրահանգները: Տնտեսության բնագավառի մրցանակն ստացել են Կանադայից, Չինաստանից, Սինգապուրից եւ ԱՄՆ-ից այն գիտնականները, որոնք ուսումնասիրել են աշխատակիցների կողմից ագրեսիվ ղեկավարների դեմ վուդու տիկնիկների օգտագործման արդյունավետությունը:
Բժշկության գծով մրցանակն ստացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք առաջարկել են երիկամների քարերը բուժել ամերիկյան բլրակներով սուրալով: Բժշկական կրթության բնագավառում ձեռքբերումների համար պարգեւն ստացել է «Կոլոնոսկոպիա (հաստ աղիի պատերի օպտիկական հետազոտություն)՝ նստած դիրքում» զեկույցի հեղինակը:
Վերարտադրողական բժշկության գծով պարգեւն ստացել են այն հետազոտողները, որոնք փոստային նամականիշերն օգտագործել են արական սեռական օրգանի ճիշտ աշխատանքն ախտորոշելու համար: Սնվելու բնագավառի մրցանակն ստացել են Զիմբաբվեից, Տանզանիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները, որոնք պարզել են, որ մարդկային հաննիբալիզմը ամենացածր կալորիականություն ունեցող սննդակարգն է նրանց թվում, որոնցում առկա է միսը:
Շվեդիայից, Ռումինիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ինդոնեզիայից եւ Իտալիայից գիտնականների խումբն ապացուցել է, որ կենդանաբանական այգիներում շիմպանզեները մարդկանց նույնքան հաճախ եւ նույնքան լավ են նմանակում, որքան մարդիկ են նմանակում շիմպանզեներին, ինչի համար մրցանակի Է արժանացել մարդաբանության բնագավառում:
Պարգեւը նաեւ ստացել են Շվեդիայից, Կոլումբիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից այն կենսաբանները, որոնք ապացուցել են, որ սոմելյեները կարող են հոտով որոշել ճանճի ներկայությունը գինու գավաթի մեջ: Քիմիայի բնագավառում Շնոբելյան մրցանակը հանձնվել է պորտուգալացի գիտնականին, որն ուսումնասիրել է մարդկային թուքը որպես մաքրող միջոց օգտագործելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: