«Խորհուրդ կտամ՝ վարչապետը վերանայի իր կադրերին». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ կադրեր է ընտրել՝ գյուղատնտեսության ոլորտի ղեկավարներ նշանակելու համար։ Հ. Բերբերյանին անհանգստացրել է վարչապետ Փաշինյանի պատասխանը գործարար Ռուբեն Վարդանյանին, երբ վերջինիս եկամտաբերության վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում անգամ մինչև հիմա չգիտեն, թե 1 կգ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է։
«Ընդհանրապես ինքնարժեքի որոշման խնդիրն այսօր խնդրահարույց է հարկային մարմիններում, հատկապես՝ գյուղմթերքի, սննդամթերքի հետ կապված։ Նախորդ տարի ՊԵԿ-ը դիմել էր Գյուղնախարարությանը, որ մեկ կիլոգրամ մսի նորմատիվները հայտնեն։ Մի նամակ էլ մեզ էր եկել, բայց քանի որ գլխավոր նամակն ուղղված էր Գյուղնախարարությանը, մի զավեշտալի պատասխան էին տվել։ Իմիջիայլոց, դա նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականն էր։ Գյուղնախարարությունը երեք տարի ժամանակ էր խնդրել, որ հավի մեկ կիլոգրամ քաշի նորմատիվները մշակեն։ Դա ընդամենը մեկ ժամվա աշխատանք է մեր միավորման մասնագետների համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։
Նորմատիվները որոշելու համար, ըստ Բերբերյանի՝ մասնագիտական հմտություններ են պետք. «Հաշվի է առնվում կերամիավորը, կերի մեջ ինչ կոմպոնենտներ, վիտամիններ են մտնում, դրանից գալիս է կերի ինքնարժեքը, գումարվում են նաև պահման պայմանները, էներգատար ծախսերը, և ստանում ենք մսի ինքնարժեքը։ Սակայն մեզ մոտ այսօր չկան այդ նորմատիվները, որոնցով կառավարությունը, հարկային մարմինները կարող են ուղղորդվել։ Մինչև այսօր նորմատիվային ցուցանիշներ չունենք, 25 տարվա երկիր ենք։ Այսօր մեր կառավարությունում չենք տեսնում այն մասնագետին, ով կարող է այդ նորմատիվները մշակել»:
Եթե նորմատիվները լինեն, ապա, նրա խոսքով՝ կտրուկ թանկացումներ էլ չեն լինի. «Մեկ շիշ գինու ինքնարժեքը 400 դրամ է մեր հաշվարկներով, բայց ներքին շուկայում վաճառվում է 4 դոլարով։ 400 դրամը ներառում է նաև ակցիզային հարկը։ Էլ չեմ ասում՝ արտահանումների ժամանակ. ո՞նց կարող է իտալական կամ բուլղարական մեկ շիշ գինին լինել 1.5 եվրո, իսկ հայկական գինին լինի 5 դոլար, դա աբսուրդ է։ Ես չեմ խոսում հնեցված գինիների մասին, ես խոսում եմ մեկ տարեկան գինիների մասին։ Ինչ վերաբերում է կարտոֆիլի ինքնարժեքին, ապա դրա նորմատիվները որոշելու համար, եթե հանրապետական ինքնարժեքն է պետք, դա ուրիշ աշխատանք է։
Վերցվում է հանրապետական միջին բերքը, ծախսերը և այլն։ Լավ ֆերմերը մեկ հեկտար կարտոֆիլի վրա ծախսում է 700-900 հազար դրամ. դրա մեջ մտնում են սրսկումները, պարարտանյութը, տեղական սերմացուն։ Իսկ եթե արտասահմանյան սերմացու է, այդ ծախսերը կարող են ավելի շատ լինել»։
Նրա դիտարկմամբ՝ պրիմիտիվ գիտելիքներ են պետք դրա համար. «Ես մնում եմ զարմացած, թե ինչ կադրերով է հագեցած մեր Գյուղատնտեսության նախարարությունը։ Էլ չեմ ասում այն օգնականների մասին, որոնք պարտավոր էին վարչապետին տեղեկացնել։ Զարհուրելի է, որ այսօր մեր երկիրը սննդի արդյունաբերության նորմատիվներ չունի։ Դա կօգներ մեր հարկային մարմիններին ստուգումներն ավելի կոռեկտ անցկացնել։ Խորհուրդ կտամ՝ վարչապետը վերանայի իր կադրերին, եթե իրոք ցանկություն կա, որ մենք այս բարեփոխումների ժամանակաշրջանը հստակ անցնենք։ Թե չէ՝ չի կարելի ասել՝ մենք Հայաստանում չենք իմանում՝ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է, դա ի՞նչ ասելու բան է»։
Բերբերյանը հավելեց, որ գյուղացին միշտ էլ նախարարության կարիքն ունի. «Մենք երբեք դեմ չենք եղել Գյուղատնտեսության նախարարությանը, մենք դեմ ենք եղել տգետ վարման քաղաքականությանը»։