Պաշարների տարօրինակ կուտակումը Հայաստանում
Ինչպես արդեն նշել ենք, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով և ընթացիկ գներով կազմել 2 471 մլրդ դրամ։ Այսպես կոչված, ծախսային եղանակով ՀՆԱ-ի բացվածքը ցույց էր տալիս, որ ՀՆԱ-ի 21.2%-ը (շուրջ 530 մլրդ դրամ) համախառն կուտակումն է։
Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է՝ վերջին տարիների կտրվածքով։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում համախառն կուտակումը կազմել էր 298.9 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 13.7%-ը։
Գծապատկեր 1-ում մենք ներկայացրել ենք համախառն կուտակման ծավալներն ու կշիռը ՀՆԱ-ի մեջ 2014-2018 թվականներին՝ ըստ եռամսյակների։ Ինչպես տեսնում եք, երբեք չի եղել, որ առաջին և երկրորդ եռամսյակներում այդպիսի ցուցանիշներ լինեն։
Ընդհանուր առմամբ, կուտակման աճը դրական միտում է, քանի որ համախառն կուտակումը արտացոլում է արտադրության նոր միջոցների արտադրության (մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և շինություններ (այդ թվում` բնակարանային), վրա կատարվող ծախսերը։ Այլ կերպ ասած, հասարակությունը սկսում է ավելի շատ մտածել ոչ թե ընթացիկ սպառման, այլ՝ ներդրումների, հետագա բարեկեցության վրա, ինչը երկարաժամկետ առողջ տնտեսական աճի հիմնական գրավականներից է։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կուտակման ցուցանիշներին՝ նշելով, որ ներդրումների մասին խոսելիս լավ կլինի ուշադրություն դարձնել նաև համախառն կուտակմանը։
Սակայն այս ամենի մեջ կա մի անհասկանալի կետ։
Համախառն կուտակման մեջ մտնում է՝ ինչպես հիմնական միջոցների (սարքավորումներ և այլն) կուտակումը, որը կարող է համարվել որպես ներդրում, այլ նաև՝ նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը։
Ինչպես տեսնում եք Գծապատկեր 2-ում, 2017 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների համեմատ աճել է թե՛ հիմնական միջոցների կուտակումը, թե՛ պաշարների փոփոխությունը։ Սակայն պաշարների փոփոխության աճը խիստ մեծ է։ Օրինակ՝ եթե 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը 9 մլրդ դրամ էր, ապա 2018 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 112 մլրդ դրամ է, երկրորդ եռամսյակում՝ 98.5 մլրդ դրամ։ Ցուցանիշն աճել է 11-12 անգամ։
Որպեսզի ավելի հստակ երևա, որ նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը վերջին տարիների օրինաչափությունից, մեղմ ասած, շեղվում է, կարող եք աչքի անցկացնել նաև 3-րդ գծապատկերը, որտեղ ըստ եռամսյակների ներկայացված է միայն պաշարների փոփոխությունը։
Ինքներդ կարող եք համոզվել, որ այսպիսի ցուցանիշներ երբեք չենք ունեցել։ Անգամ եղել են եռամսյակներ, որ պաշարների փոփոխությունը բացասական է եղել (պաշարները նվազել են)։ Պաշարների կտրուկ աճի միտումը նկատվել է 2017 թվականի չորրորդ եռամսյակում, որից հետո պրոցեսն ավելի է արագացել։
Ընթերցողներից ոմանք կարող են միանգամից հարցնել՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Այդ հարցին անհնար է պատասխանել, քանի որ ամբողջական տվյալներ չկան։
Պաշարների փոփոխության կտրուկ աճը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Օրինակ, դա կարող է նշանակել, որ ՀՀ ընկերությունները արտադրել են, բայց չեն կարողացել իրացնել ներքին շուկայում կամ արտահանել, և ստիպված պահուստավորել են։ Կամ հակառակը՝ ներմուծել են և շուկա դուրս չեն բերել արտադրանքը։
Պաշարների աճը պայմանավորված կարող է լինել միջանկյալ սպառմամբ, երբ, ասենք, հումքը գնել են, բայց դեռ ամբողջությամբ չեն օգտագործել արտադրության մեջ։
Ամեն դեպքում, պաշարների այսպիսի կտրուկ աճն ինչ-որ իմաստով նշանակում է «հապաղում»՝ պահեստում մնացած ինչ-որ բան։ Ու քանի որ այդ «ինչ-որ բանը» շատ կտրուկ է աճել, ապա պետք է հասկանալ, թե դա ինչով է պայմանավորված, միգուցե իրոք մտահոգվելու և քայլեր ձեռնակելու կարիք կա։
Նշենք, որ մենք այս մասին հարց ուղղեցինք նաև Արծվիկ Մինասյանին։ Պարզվեց, որ պաշարների կտրուկ փոփոխությունը նախարարությանն էլ է հետաքրքրել, և նրանք իրենց համակարգման ոլորտում գտնվող ընկերությունների միջոցով փորձում են հասկանալ դրա պատճառները։