Արցախում հայկական ուժերի դիրքերին հարվածած իսրայելական անօդաչու արտադրող ընկերությունը շարունակում է ֆինանսական կորուստներ կրել

Օգոստոսի 29-ին իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը հայտնել է, որ Իսրայելի գլխավոր դատախազությունը մտադիր է մեղադրական հայց ներկայացրել ընկերության դեմ: Իսրայելի գլխավոր դատախազության հայտարարությունը հաջորդել է շուրջ մեկ տարի տևած համատեղ նախաքննությանը, որին ներգրավված էին Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների նախաքննության բաժինը, պաշտպանության նախարարությունը և գլխավոր դատախազությունը:

Ընկերության գլխավոր տնօրենը, նրա տեղակալը, զարգացման գծով և մարքեթինգի տնօրենները կկանչվեն դատական լսումների: Ընկերությունը մեղադրվում է Իսրայելի պաշտպանական արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու մեջ: Ըստ The Times of Israel կայքի՝ գործը կապված է 2017 թ. Ադրբեջանում «մահապարտ» անօդաչու սարքը փորձարկելիս Արցախում հայկական ուժերի դեմ օգտագործելու դեպքի հետ:

Ինչպե՞ս սկսվեց

2017 թ. օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջան այցելած ADS ընկերության պատվիրակությանը Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները «խնդրել են» մահապարտ ԱԹՍ-ն փորձարկել հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են դա անել, սակայն սարքը գործի են դրել պատվիրակության ղեկավարները: Հոդվածում նշված էր, որ փորձարկումներն արվում էին Orbiter-1K-ի գնման պայմանագիր ստորագրելու համար:

Օգոստոսի վերջին ADS-ը հայտարարեց, որ Իսրայելի ՊՆ-ն միջադեպի քննության արդյունքում սառեցրել է Ադրբեջանին Orbiter-1K անօդաչուների վաճառքի արտոնագիրը: Ըստ իսրայելական ընկերության տրամադրած տեղեկության՝ խոսքը 20 մլն դոլարի պայմանագրի մասին է:

 Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների դեմ պայքարի բաժինն այս գործով նախաքննություն է սկսել: ADS-ը, լինելով բաց բաժնետիրական ընկերություն, Թել Ավիվի արժեթղթերի շուկայի կայքում հրապարակած հայտարարությունում որոշակի մանրամասներ էր ներկայացրել:

Իսրայելում պաշտպանական նշանակության արտադրանքների արտահանման արտոնագրերի տրամադրման, արտահանման վերահսկման համար պատասխանատու է Իսրայելի պաշտպանության նախարարության ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab): Հենց Malmab-ի կայքում հրապարակվել է Իսրայելի «Պաշտպանական արտահանման վերահսկման մասին» օրենքի անգլերեն տարբերակը, որի երկրորդ մասը վերաբերում է արտոնագրերի տրամադրմանը: 14-րդ և 15-րդ կետերը սահմանում են Իսրայելի քաղաքացիների, ռեզիդենտների կամ ընկերությունների պարտականությունները: 

Մասնավորապես 15-րդ կետում նշվում է, որ որևէ անձ չի կարող, առանց համապատասխան արտոնագրի, զբաղվել գործունեությամբ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանական ծառայությունների մատուցում, եթե ծառայություն գնողը Իսրայելի քաղաքացի կամ ռեզիդենտ չէ, կամ արտասահմանյան ընկերություն է: «Պաշտպանական ծառայությունը» վերաբերում է  պաշտպանական սարքավորմանը, սպառազինությանը, այդ թվում՝ դրա նախագծումը, արտադրությունը, հավաքումը, արդիականացումը, ինչպես նաև շահագործումը և փաթեթավորումը, հրահանգավորումը և խորհրդատվության տրամադրումը: 

Այսպիսով, եթե իսրայելական ընկերությունն իրոք ներգրավվել է Արցախի զինուժի դեմ մահապարտ ԱԹՍ-ի փորձարկմանը, ապա խախտել է Իսրայելի նշված օրենքը: Ինչպես կտեսնենք ստորև, անկախ դատական գործով կայացվելիք որոշումից, ADS-ը շուրջ մեկ տարի շարունակվող նախաքննության արդյունքում արդեն իսկ հսկայական ֆինանսական վնասներ է կրել: 

Ինչպե՞ս է ազդել միջադեպը իսրայելական ընկերության վրա 

Դեռևս 2017 թ. օգոստոսին՝ մամուլում միջադեպի մասին տեղեկություն հայտնվելուց հետո, իսրայելական ընկերության արժեթղթերի գինը սկսեց նվազել: Եթե օգոստոսի 10-ին ընկերության մեկ բաժնետոմսը Թել Ավիվի արժեթղթերի շուկայում արժեր 1714 շեկել (~476 դոլար), ապա արդեն օգոստոսի 29-ին արժեթղթի շուկայական արժեքը նվազել էր ավելի քան 14 տոկոսով՝ կազմելով 1458 շեկել (~407 դոլար): Նոյեմբերի 14-ին քրեական գործի վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո ընկերության արժեթղթերի գինը կրկին նվազեց՝ հասնելով 1099 շեկելի (~310 դոլար):

Արժեթղթերի գնի նվազումը շարունակվեց նաև 2018 թ.: Հուլիսի 23-ի դրությամբ ընկերության մեկ բաժնետոմսն արդեն արժեր 710 շեկել (~195 դոլար), ինչը գրեթե 60 տոկոսով պակաս էր 2017 թ. օգոստոսի գնից: Հուլիս-օգոստոս շրջանում նկատվեց արժեթղթերի գնի ավելացում, ինչին, սակայն, կրկին փոխարինեց նվազումը՝ արդեն օգոստոսի 29-ին գործով նոր տեղեկության հրապարակումից հետո: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2018 թ. օգոստոսի 27-ի դրությամբ կազմում էր 500 մլն շեկել (~138.5 մլն դոլար): Սակայն այս պայմաններում էլ օգոստոսի 27-ի դրությամբ ընկերության արժեթղթերի գինը շուրջ 50 տոկոսով ավելի քիչ էր քան նախորդ տարվա նույն հատվածում: 

Եթե ուշադիր նայենք ստորև բերված գրաֆիկին, ապա կտեսնենք, որ նշված գործով յուրաքանչյուր նոր տեղեկության հրապարակումը էականորեն ազդում է ADS-ի բաժնետոմսերի գնի վրա:  

ADS ընկերության արժեթղթերի գինը 2017 թ. օգոստոսի 10 – 2018 թ. օգոստոսի 29-ի միջակայքում: Աղբյուրը՝ Թել Ավիվի արժեթղթերի շուկայի կայք: Արժեթղթերի գինը ներկայացված է ԱՄՆ դոլարով: 

Ընկերության ֆինանսական բարդությունների ֆոնի վրա՝ 2018 թ. օգոստոսին, իսրայելական մեկ այլ խոշոր ընկերություն՝ Rafael Advanced Defense Systems-ը, ADS-ի ղեկավարությանն առաջարկել էր գնել ընկերությունը 430 մլն շեկելով (~116.6 մլն դոլար): Սակայն ADS-ի ղեկավարությունը հրաժարվել էր վաճառել ընկերությունը: 

ADS-ը օգոստոսի 26-ին հրապարակել է 2018 թ. առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվություն, որտեղ նշվում է, որ ընկերության եկամուտի կտրուկ նվազումը բխում է անօդաչուների վաճառքի կրճատումից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ հիմնական պատճառը Orbiter-1K անօդաչուների հետ կապված միջադեպն է: Սակայն զեկույցի 26-րդ էջում նշվում է, որ, իրենց ունեցած տեղեկություններով, նախաքննության ավարտից հետո արտոնագիրը կրկին կհատկացվի, և իրենք կկարողանան «պայմանագրով նախատեսված ժամկետներում կատարել գործարքը»: 

Ինչպե՞ս կարող է ազդել միջադեպը Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վրա 

Ադրբեջանն անօդաչու թռչող սարքեր գնում է հիմնականում Իսրայելից: Բացի ADS-ից, Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառում են նաև իսրայելական այլ ընկերություններ, այդ թվում՝ Israel Aerospace Industries (IAI) և Elbit Systems: Մահապարտ անօդաչուների միակ մատակարարը ևս ADS-ը չէ: 2016 թ. ապրիլյան մարտերում Ադրբեջանը հայկական կողմի դեմ կիրառել է Harop մահապարտ ԱԹՍ-ներ: Ադրբեջանի ԶՈւ, այդ թվում նաև պետական սահմանապահ ծառայության սպառազինությունում նշված տեսակի մահապարտ ԱԹՍ-ների առկայությունը փաստում են նաև ավելի ուշ հրապարակված լուսանկարները, տեսանյութերը: Harop-ներն արտադրում է IAI ընկերությունը: Այսպիսով նշված միջադեպը Ադրբեջանին ամբողջովին չի զրկել Իսրայելից մահապարտ ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունից: 

Այլ հարց է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը/հավաքումը: 2011 թ. մարտին Ադրբեջանում բացվեց Իսրայելի հետ համատեղ գործող ԱԹՍ-ների հավաքման Azad Systems ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրվել է հենց Aeronautics Defense Systems-ի հետ համագործակցությամբ: Այստեղ հավաքում են Aerostar և Orbiter տիպի անօդաչուներ: Բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ մինչ օրս Ադրբեջանում հավաքել են Orbiter-2M և Aerostar հետախուզական ԱԹՍ-ներ: 

2016 թ. ընթացքում ադրբեջանական կողմը հայտնեց, որ գործարանում հավաքում են նաև «Զարբա» (Orbiter-1K) մահապարտ ԱԹՍ-ներ: Նույն տարվա սեպտեմբերին սարքը ներկայացվեց Ադրբեջանի նախագահին: Սեպտեմբերի 27-ին Բաքվում ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության նախարարները ստորագրեցին Ադրբեջանի զինուժին նշված ԱԹՍ-ներից մատակարարելու մասին համաձայնագիր։ 2017թ. ապրիլին ապրիլին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը հայտարարեց, որ սկսել են աշխատել նույն ԱԹՍ-ի՝ կումուլյատիվ մարտական մասով տարբերակի արտադրության ուղղությամբ: 

2017 թ. օգոստոսին սկսված նախաքննությունից հետո ադրբեջանական կողմն այլևս չանդրադարձավ այս անօդաչուներին, ինչպես նաև չարձագանքեց միջադեպին: Այսպիսով, կարող ենք առնվազն ենթադրել, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, ընդհատել է Ադրբեջանում Orbiter-1K ԱԹՍ-ների հավաքման աշխատանքները, ինչպես նաև Ադրբեջանին տվյալ անօդաչուների մատակարարման գործընթացը: Բացի այդ, նշվածը հիմք է տալիս վերապահումներով մոտենալ նաև 2016 թ. Ադրբեջանում այս անօդաչուների արտադրություն սկսելու մասին հայտարարություններին: Բացի այդ, չենք կարող բացառել նաև, որ միջադեպի հետևանքով ADS-ի կրած ֆինանսական վնասները կարող են ազդել կամ արդեն ազդել են նաև Ադրբեջանում գործող համատեղ ձեռնարկության մյուս նախագծերի վրա: 

Տարոն Հովհաննիսյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս