Բաժիններ՝

«Անցումային արդարադատության» փորձը Լեհաստանում

Սառը պատերազմից ի վեր պետությունների ներքաղաքական գործընթացները հաճախ են դիտարկվում «դեկոմունիզացիա», «անցումային արդարադատություն», «հիշողության քաղաքականություն» և «քաղաքական արդարություն» սահմանումներով ու ընդհանուր հասկացություններով։ Խոսքը նախկին բռնապետական, ավտորիտար և միակուսակցական քաղաքական համակարգերի փլուզման կամ փոփոխության գործընթացների մասին է։ Այդ շարքում են խորհրդային հանրապետությունների ու սոցիալիստական ճամբարի, Հարավային Եվրոպայի, Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի երկրների ժողովրդավարացման գործընթացները։ Այդ գործընթացները գլխավորապես առնչվում էին հենց «անցումային արդարադատության» խնդրին։ Ըստ էության, բոլոր այդ երկրների նորանշանակ կառավարությունների քաղաքական օրակարգն էր «հին ռեժիմի» (ֆր. ancien régime) սխալների և հետևանքների ուսումնասիրությանը, վերանայման ու վերացման ուղղված քայլերը:

Համաշխարհային պատմության մեջ «անցումային արդարադատության» և ժողովրդարացման գործընթացների բազմաթիվ օրինակներ կան։ Այս համատեքստում տարբեր երկրների անցումային գործընթացները՝ մասնավորապես «անցումային արդարադատության» փորձառությունը, պայմանականորեն կարելի է  բաժանել է երկու խմբի։ Առաջին խումբը այսպես կոչված «դատապարտել և պատժել» քաղաքական փիլիսոփայության կրողներն էին։ Այդպիսիք են՝ Արևելյան Գերմանիան և Չեխոսլովակիան։ Մյուսը՝ «ներել և մոռանալը», ինչպես օրինակ՝ Լեհաստան, Իսպանիա, Հունգարիա։ Որպես «փափուկ անցումի» լավագույն օրինակ, ինչպես նաև Հայաստանի համար գուցե դասական նախադեպ, կարող է կիրառելի լինել լեհական  փորձը։

Լեհաստանում «անցումային արդարադատությունը» տեղի ունեցավ մի քանի փուլով 1991-1997-2001-2006թթ։ Ընդունվեցին երկու օրենքներ և մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնց տրամաբանության շրջանակներում իրականացվեց «ներել և մոռանալ» քաղաքական բանաձևի հանրային պահանջը։

Իշխող լեհական կոմունիստական կուսակցության և ընդդիմության՝ «Սոլիդարության» շարժման միջև, քաղաքական բանակցություններ էին տեղի ունենում 1985թ սկսած։  Արդյունքում 1989թ նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, ձևավորվեց ազգային համաձայնության կառավարություն, և նորընտիր վարչապետը հռչակեց «կոշտ գծի» քաղաքականությունը։ Տեղի ունեցավ իշխանության «փափուկ» փոխանցում։  Իշխանության «փափուկ» անցման չգրված պայմանն էր «հին ռեժիմի» ներկայացուցիչների հանդեպ «վհուկների որսի» և հետապնդումների բացառումը։ Ըստ այդմ՝ ստեղծված նոր իրականությունում բոլորի, հատկապես՝ նախորդ ռեժիմի ու նրա համակիրների համար գերակա պայման էր նոր ժողովրդավարական կառավարման կարգի ու արժեհամակարգի ընդունումը։

Հարկ է նշել, որ ապախորհրդայնացման գործընթացի հիմքը լյուստրացիան էր՝ գլխավորապես ուղղված կուսակցության հիմնական ուժային հենարանների՝ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), Անվտանգության ծառայության (ԱԾ) և Գաղտնի ոստիկանության (ԳՈ) վերափոխմանը ու վերակառուցմանը։ Այս կառույցների լուծարումն ու նոր մարմինների ստեղծումը ժամանակի հրամայական էր։ Ավելին՝ նախատեսվում էր նաև դատական համակարգի վերակազմավորում՝            հաշվի առնելով այդ համակարգի կախվածությունը (երբեմն ոչ ֆորմալ ստորակայությունը)  նախորդ ռեժիմի անվտանգության ծառայություններից։ Հազարավոր մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվում և բանտ էին ուղարկվում շինծու գործերով ու ձևական դատական գործընթացների արդյունքում։

Այս պայմաններում բնական է, որ նոր քաղաքական ուժերը, իրականացնելով դեկոմունիզացիա և լյուստրացիա, չէին կարող խուսափել դատական համակարգին անդրադառնալուց։ Մինչ լյուստրացիայի օրենքի ընդունումը, լեհական իշխանությունները կիրառեցին ոչ պարտադրողականության, ազատ կամարտահայտության տարբերակը։ Այն նախատեսում էր, որ, օրինակ, դատավորները և դատախազները, ընդունելով իրենց մեղավորությունը, կարող էին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Ներվեցին և աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորություն ստացան այն դատավորները և դատախազները, ովքեր ոչ հանրայնորեն, բայց ամենայն մանրամասնությամբ և գրավոր տեքստով համապատասխան ատյանի առաջ խոստովանեցին նախորդ ռեժիմի օրոք գործած հանցանքները։ Հակառակ դեպքում՝ նրանք ազատվում էին աշխատանքից՝ առանց վերականգնման իրավունքի։ Խուսափելով երկարաժամկետ, ծախսատար ու ժամանակատար կարգապահական ընթացակարգերից՝ պատիժ էր նախատեսում միայն այն դատավորներին և դատախազներին, ովքեր կեղծ հայտարարագրեր էին ներկայացրել։ Վիճակագրությունը փաստում է, որ այդպիսի ստուգումների արդյունքում դատախազների միայն 10 տոկոսն ու գլխավոր դատախազության աշխատակիցների 1/3-ն էր ազատվել աշխատանքից։ Հետաքրքիր է, որ հանրային կարծիքը թերահավատորեն էր վերաբերվում այդ տվյալներին՝ համոզված, որ իրական պատասխանատուներն ավելի շատ էին։

Գործընթացը բավականին երկար տևեց, ինչը փաստվում է այն հանգամանքով, որ լյուստրացիայի մասին առաջին օրենքը Լեհաստանում ընդունվեց միայն 1997թ.։ Օրենքը պարտադրում էր, որ բոլոր ընտրված պետական պաշտոնյաները (մարզային կառավարչի տեղակալից մինչև նախարարներ, դատախազներ, հասարակական լրատվամիջոցների ղեկավարներ, վարչապետ ու նախագահ) ներկայացնեին գրավոր հայտարարագրեր` նշելով, թե արդյոք 1944-1990 թթ. գիտակցաբար էին աշխատել կամ համագործակցել գաղտնի ծառայությունների հետ:

Օրենքը նախատեսում էր լյուստրացիոն դատարանի ստեղծումը հանրապետության գլխավոր դատախազի գլխավորությամբ։ Այս ատյանը պետք է ստուգեր ներկայացված հայտարարագրերի իսկությունը։ Լեհաստանի Սահմանադրական դատարանի պարզաբանումների համաձայն՝ անվտանգության ծառայության հետ գործակցությունը պետք է լիներ գիտակցված, գաղտնի և անմիջականորեն կապված լիներ ծառայության գործունեության հետ։ Պետական պաշտոնյան կամ այդ դիրքին հավակնողը 10 տարով զրկվում էր քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, եթե կեղծ տեղեկատվություն ներկայացներ։ Ավելին՝ նրանց անունները հրապարկվում էին պետական օրաթերթերում՝ հասարակական պարսավանքի համար։ Մյուս կողմից, իրենց գործունեությունը բացահայտած Անվտանգության ծառայության գործակալներն ու իրազեկիչները պահպանում էին իրենց աշխատանքը և ազատվում վերոնշյալ պարսավանքից։

Օրենքի գործադրման ամենամեծ խոչընդոտը, սակայն, դատավորների հրաժարումն էր Լյուստրացիոն դատարանին մաս կազմելուց։ Թեև դատավորները և դատախազները առաջինն էին, որ անցել էին նմանատիպ ընթացակարգերով, բայց նրանք հրաժարվում էին մաս կազմել այդպիսի դատարանի։ Նրանք խուսափում էին և, ըստ այդմ, գործնականում հրաժարվում էին բացահայտել Գաղտնի ծառայությունների գործակալներին։ Ընդդիմանալով լյուստրացիոն գործընթացին իրենց մասնակցությունից՝ այս մարդիկ կոչ էին անում քաղաքական մեթոդներով պայքարել հակասական օրենքի դեմ։

2000թ. Լեհաստանի նախագահ Կվաշնիեվսկին խորհրդարան ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ։ Այն իր տրամաբանությմաբ շարունակում էր 1997թ. «փափուկ» լյուստրացիայի օրենքի ավանդույթները՝ բավականին սահմանափակելով լյուստրացիոն դատարանի և օրենքի կիրառելիությունը։ Առաջարկվող փոփոխությունների փաթեթը նախատեսում էր.

հետախուզական, հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետ համագործակցող անձինք ազատվում էին օրենքի առջև պատասխանատվությունից։

եթե անձը մեղադրվում էր իր հայտարարագիրը կեղծելու համար, լյուստրացիոն դատախազը պետք է կանխավ տեղեկացներ մեղադրյալին սպասվող դատական պրոցեսի մասին, իսկ դատարանն իր հերթին պետք է հստակ որոշեր մեղավորությունը՝ առանց հղում կատարելու ապացույցների աղավաղման կամ թերի լինելու վրա։

փոխվում էր «համագործակցության» սահմանումը, որի ներքո ընկալվում էր այն լրտեսությունը, որը վնաս էր հասցրել եկեղեցուն, դեմոկրատական ընդդիմությանը, արհեստակցական միություններին՝ հարվածելով «ազգի ինքնիշխանության դրսևորումներին»։

2001թ օրենսդրական փոփոխության արդյունքը դարձավ այն, որ լյուստրացիոն դատարանով անցած 23 հազար գործերից ընդամենը 300-ն էին հաստատել իրենց համագործակցությունը անվտանգության ծառայությունների հետ։ Նախագահական վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության արդյունքում լյուստրացիոն դատախազը մեկ տարվա ընթացքում դատարան էր ուղարկել թվով 7 գործ, որոնք «ապացուցելի» էին համարվում։ Լեհական մամուլը ծաղրում էր, որ այդ գործելաոճի դեպքում փաստաթղթերի ու գործերի ողջ ծավալի ուսումնասրության համար կպահանջվեր 1333 տարի։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ Լեհաստանը մեկն էր այն երկրներից, որտեղ «կասկածյալներն ու մեղավորները» լյուստրացայի միջոցով «նոր կյանք սկսելու» երկրորդ հնարավորությունն էին ստանում։ 23 հազար լյուստրացիոն հայտարարագրերի գործերով անցնող «կասկածյալների» միայն չնչին մասը ճանաչվեց օրինախախտ, իսկ զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին էլ ավելի քիչ թվով անձինք։ Մյուս կողմից, լյուստրացիոն դատարանում գործերը շատ դանդաղ էին քննվում և 2001թ. օրենսդրական փոփոխությունը պարզապես առկախեց ու ավելի բարդացրեց գործընթացը։ Ի հեճուկս սրա՝ Լեհաստանը անհամեմատ շոշափելի արդյունք գրանցեց «անցումային արդարադատության» մյուս երկու՝ անվտագության մարմինների փաստաթղթերի և դատական վարույթների հանրայնացման ոլորտներում։

Գոռ Մադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս