Բաժիններ՝

Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն ընտանի կենդանի չունի

Դոնալդ Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ոչ մի ընտանի կենդանի չունի: Այս դիտարկումն արել է ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը, որն օգոստոսի 28-ին հոդված է հրապարակել այն ամենահայտնի ընտանի կենդանիների մասին, որոնք պետության ղեկավարներին էին պատկանում ԱՄՆ-ի ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում։

Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահների շրջանում ամենատարածված կենդանին եղել է շունը, ընդ որում՝ 45 ղեկավարներից 30-ն ունեցել է գոնե մեկ շուն, որը տերերի հետ միասին ապրել է Սպիտակ տան Արեւմտյան թեւում: Երկրի գլխավոր նստավայրում ընտանի կենդանիներ պահելու ավանդույթի սկիզբը դրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը (1789-1797 թթ.), որն Սպիտակ տան առջեւի փոքրիկ մարգագետնում ման էր տալիս ամերիկյան ֆոքսհաունդ ցեղատեսակի իր սիրեցյալին:

ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1861-1865 թթ.) Արեւմտյան թեւում պահում էր որսորդական շուն՝ Ֆիդո անունով քերծեին: Երեսունմեկերորդ նախագահ Հերբերթ Հուվերը (1929-1933 թթ.) սիրում էր լուսանկարվել իր գերմանական գամփռների հետ: Ֆալա անունով շոտլանդական թերիերը պատմության մեջ մտել է այն բանի շնորհիվ, որ հաճախակի էր ուղեկցում իր տիրոջը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, եւ նրա հետ միասին հատնվում կինո- եւ ֆոտոխցիկների օբյեկտիվում:

ԱՄՆ-ի երեսուներեքերորդ նախագահ Հարրի Թրումենը (1945-1953 թթ.) հոգի էր տալիս Ֆելլեր անունով իր սիրելի կոկեր-սպանիելի համար: Շների մեծ սիրահար էր Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջելալդ Քենեդին (1961-1963 թթ.): Նա միանգամից վեց ընտանի կենդանի ուներ: Սպիտակ տան ղեկավարներից վերջինը, որը շներ էր պահում, եղել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009-2017 թթ.), որն ուներ պորտուգալական վասսերհունդ ցեղատեսակի երկու շուն՝ Բո եւ Սաննի անուններով:

Ինչպես նշում է Business Insider-ը, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դեռեւս ընտանի կենդանի ձեռք չի բերել այն պահից, երբ տեղափոխվել է Սպիտակ տուն: Ինչպես պնդում է հրատարակությունը, ԱՄՆ-ի վերջին ղեկավարը, որն իր նստավայրում շուն չի պահել, եղել է ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակքինլին (1897-1901 թթ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս