«Կա խնդիր լրատվամիջոցների վրա հանրային հոգենաբանական ճնշման, ընդ որում՝ երկկողմանի». Սամվել Մարտիրոսյան

Հարցազրույց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

– Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում տարբեր հայտարարություններ են հնչում, հատկապես նախկին իշխանավորների կողմից, որ մեր երկրում վտանգված է և ոտնահարվում է խոսքի ազատությունը, ինչը մեծ հարված է ժողովրդավարությանը։ Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգներ։

– Ոտնահարման դեպք կամ վտանգ ես չեմ տեսնում մարդու իրավունքների տեսանկյունից, այսինքն՝ պետություն-հասարակություն հարաբերություններում։ Ես չեմ տեսնում խնդիր, որ պետականորեն ճնշվում է խոսքի ազատությունը։ Դրա հետ կապված այլ խնդիրներ կան։ Առաջինը՝ շատ լրագրողներ արձանագրում են, որ տեղեկատվության ազատության հետ կապված տեխնիկական պրոցեդուրային խնդիրներ կան, այսինքն՝ գրավոր հարցումներին պետական կառույցները, որ պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել, ուշացնում են, այսինքն՝ հստակ է, որ պետական կառույցներում իշխանության փոխանցման ընթացքում ինչ-որ բան փչացել է, պետք է սարքել։ Ես այդտեղ միտում չեմ տեսնում, ինստիտուցիոնալ խառը վիճակի հետ է կապված։

Մյուս խնդիրն այն է, որ դեռ չեն հստակեցվել մամուլ-պաշտոնյաներ հարաբերությունները, որոնց մի մասն անցել է «Ֆեյսբուք»։ Այստեղ կրկին ազատության ոտնահարման խնդիր չկա, այլ ոճի փոփոխություն կա։ Խոսքի ազատության տեսանկյունից պաշտոնյաներն առնվազն ավելի հասանելի են դարձել։ Կա խնդիր լրատվամիջոցների վրա հանրային հոգենաբանական ճնշման, ընդ որում՝ երկկողմանի, այսինքն՝ այլակարծությունը շատ ավելի դժվար է ընդունվում, քան մեկ տարի առաջ։ Սա իրավիճակային է, որովհետև էմոցիոնալ դաշտը լարված է՝ հաշվի առնելով, որ լուրջ քաղաքական պայքար է ընթանում։

Այսինքն՝ ԶԼՄ-ների աշխատանքում ռեալ կան խնդիրներ, որն ավելի շուտ իրավիճակի հետ է կապված, իսկ խոսքի ազատության տեսակետից ես վատթարացում չեմ տեսնում, հակառակը՝ կա լիբերալիզացիա։ Դաշտի հստակեցում է գնում, բայց ակնհայտ է, որ միտումը դեպի ազատականցում է և, ես չեմ կիսում մտահոգությունը, որ խոսքի ազատության հետ կապված խնդիր կա։

– Այլակարծությունը կարելի՞ է դասել վերացող երևույթների շարքին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի տապալումը բնորոշեց, թե ճնշվում է այլակարծությունը։ Իսկ մյուս կողմն էլ ասում էր, որ քաղաքացիներն իրենց իրավունքն են իրացնում։

– Ասուլիսի տապալումն ընդհանրապես լավ բան չի, բայց այստեղ կարծես շահերի բախում է եղել, մի կողմից մարդիկ են եղել, որ դժգոհել են, մյուս կողմից եղել է ասուլիս տալու ցանկություն ունեցողը և, միգուցե, այստեղ իրավապահ մարմինները պետք է իրենց դրսևորեին ու կարողանային իրավիճակը կարգավորել։ Բայց համաձայնեք, որ ներկա իրավիճակում կարծիք հայտնելու խնդիր չունեն նաև ծայրահեղ ընդդիմադիր անձինք, առնվազն սկսած տեխնիկական հնարավորություններից, որ մարդը կարող է սոցցանցերով ասուլիս կազմակերպել, հարցեր ստանալ ու պատասխանել, որ դարձել է ընդունված պրակտիկա, վերջացրած նրանով, այդ հանդիպումը ԶԼՄՆ-երի հետ կարող է այլ վայրում այլ ձևով կազմակերպել։ Բայց հարցն այն է, որ գտնվում ենք հասարակական շատ էմոցիոնալ իրավիճակում և, ես չէի բնութագրի ձևավորված իրավիճակը որպես խոսքի ազատության ճնշում։ Սրանք կոնկրետ քաղաքական և հասարակական պայքարի դրսևորումներ են և, իմ կարծիքով, այն բավականին ցիվիլ է անցնում, քան կարող էր լինել։

– Այդ լարվածությունը կպարպվի՞ ընտրությունների արդյունքում, երբ իրավիճակն ավելի կկայունանա։

– Մինչև չլինեն ընտրություններ, բնականաբար, իրավիճակն անկայուն է լինելու, դա ակնհայտ է։ Ընտրություններից հետո ինչ կլինի, դժվար է ասել։ Այսօրվա իրավիճակով, կարծում եմ, կհանգստանա, եթե անսպասելի փոփոխություններ ու ֆիգուրներ չլինեն մինչև մայիս։ Քանի որ շատ արագ ու անսպասելի է դրությունը փոխվում, դժվար է ասել, բայց ինձ թվում է՝ կհանդարտվի։ Ավելին՝ կարծում եմ, քիչ-քիչ կգնա հանդարտեցման նույն սոցցացներում, որովհետև պարզապես հասարակությունն ունակ չէ անընդհատ էմոցիոնալ լարված վիճակում մնալ։

– Սոցցանցերի և լրատվամիջոցների խնդիրը, որ կայքերը վերահրապարակում են քաղաքական գործիչների կամ հեղինակավոր վերլուծաբանների ցանցային գրառումները, իսկ հետո տվյալ անձը հեռացնում է դրանք, և ստացվում է, որ ԶԼՄ-ն հրապարակել է կեղծ տեղեկատվություն։

– Ոչ, չի ստացվում կեղծ տեղեկատվություն, որովհետև սոցցանցը հանրային տիրույթ է, և եթե գրառումն արվել է հրապարակային, ոչ միայն ընկերների համար, առավել ևս հանրային հայտնի մարդու կողմից, այստեղ խնդիրը լրատվամիջոցներինը չէ, այլ տվյալ անձինը։

– Բայց եթե նա համոզվել է, որ սխալ է եղել ու հեռացրել է, բայց կայքերն արդեն տարածե՞լ են։

– Պետք է մարդն ուղղակի ներողություն խնդրի, դա ընդունված պրակտիկա է լրատվության մեջ, օրինակ՝ սխալ տեղեկատվությունը ոչ թե ուղղակի ջնջում են, այլ հերքում են։ Նորմալ է, բոլոր մարդիկ էլ կարող են սխալվել, բայց առնվազն փաստ է, որ լրատվամիջոցը չի մեղավորը։

– Առավել ևս հիմա, որ իշխանության ներկայացուցիչները սոցցցանցն ավելի շատ են օգտագործում որպես տեղեկութուն տարածելու միջոց։

– Այո, և ինչն, օրինակ, շատ լրագրողների դուր չի գալիս, որովհետև փաստացի իրենց «գործին խփում են»։

– Կեղծ օգտատերերի հետ կապված մի խնդիր կա, որ նրանց կողմից հարձակումը ԶԼՄ-ի վրա ոչ միայն բարոյահոգեբանական է, այլ նաև նյութական, այսինքն՝ սկսում են մերժել տվյալ ԶԼՄ-ի ֆեյսբուքյան էջը և ԶԼՄ-ն ֆինանսական կորուստ է կրում։ Այս խնդրի մասին չի խոսվում։ Ի՞նչ լուծում ունի այն։

– Դա մի քիչ խնդրահարույց է, մի քանի շերտ կա։ Բնականաբար, գտնվելով ֆեյսբուքում, ԶԼՄ-ն ինչ-որ առումով նաև խոցելի է դառնում։ Կա մի քանի լուծում, նախ՝ շատ լրատվամիջոցներ թողնում են իրենց գնահատելու բաժինը, որը նորմալ է ռեստորանների համար, բայց անիմաստ է ԶԼՄ-ների համար, մարդիկ տեսնում են, թե վարկանիշը ցածր է։

Խորհուրդ կտամ դա վերացնել։ Երկրորդ՝ հարձակումը զուտ մեկնաբանությունների տեսքով, երբ վատ արտահայտություններ են գրում, հեշտ չէ, բայց լուծելի է, ԶԼՄ-ն պետք է հրապարակի շփման իր կանոնները և բոլոր նրանց, ով խախտում է, արգելափակի։ Նաև գոյություն ունեն հայհոյանքների ֆիլտրեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել հարձակումների տարափը։

Կարծում եմ՝ բողոքների հետ կապված խնդիրներ շատ չեն լինի, որովհետև «Ֆեյսբուքը» ավտոմատ չի բավարարում այդ բողոքները։ Բայց իսկապես լինում են դեպքեր, երբ ԶԼՄ-ները արգելքի տակ են ընկնում և չեն կարողանում գրառում անել, բայց շատ դեպքերում դա ոչ թե հարձակումների, այլ խմբագիրների սխալի արդյունք է, որ չգիտեն ինչպես ճիշտ աշխատել սոցցանցերում, և նույն նյութը հազար ու մի խմբում տարածում են, ու արգելքի տակ հայտնվում այդ պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս