Շուրջ 10 երկրի համալսարաններ համախմբվել են Հայաստանում նոր ասպիրանտական ծրագրի մեկնարկն ազդարարելու
Հայաստանում մեկնարկում է կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիաների և միջավայրի առողջապահական անվտանգության մասնագիտություններով ասպիրանտական ծրագիրը: Այն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի կողմից՝ նպատակ ունենալով պատրաստել միջազգային մակարդակի գիտական կադրեր՝ տարածաշրջանային մի շարք համալսարանների համագործակցային ցանցի ստեղծմամբ։ Մասնավորապես, այս նախագծի շուրջ իրենց գիտական ներուժն են համախմբել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի 10 մասնակից համալսարանները:
Կրթական ծրագրի վերջնականացման, կողմերի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով Երևանում օգոստոսի 6-ին մեկնարկեց համաժողով, որին մասնակցում էին գիտնականներ նշյալ երկրների համալսարաններից, օտարերկրյա և հայ ուսանողներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանյան գրասենյակի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում հետբուհական կրթության միջազգային մակարդակի բարձրացմամբ կարելի է բնագավառը դարձնել սպառողականից շահութաբեր, նվազեցնել «ուղեղների արտահոսքը» երկրից, իսկ սփյուռքի երիտասարդների համար Հայաստանի հետբուհական համակարգը դարձնել ավելի գրավիչ։ «Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար, տաղանդավոր երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու համար գնում են զարգացած երկրներ և մնում այնտեղ։ Ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրներում առաջատար գիտնականները ևս գերադասում են աշխատել զարգացած երկրներում, իսկ այդ գիտական պոտենցիալի կորուստը բերում է սոցիալ-տնտեսական զարգացման խաթարման։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի առաջատար գիտնականները հնարավորինս ներգրավված կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գիտաուսումնական ծրագրերում և միջազգային փորձի ներգրավմամբ կստիպեն տեղական չինովնիկներին հրաժարվել իրենց կոռումպածին և գիտաավերիչ քաղաքականությունից»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը։
Նա շեշտեց, որ հետբուհական կրթության այս ծրագրով իրենք նպատակ ունեն օժանդակել գիտական ներուժի զարգացմանը, հետբուհական մասնագիտական կրթության որակի միջազգային մակարդակի համապատասխանեցմանը և ինովացիաների ներդրմամբ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հայրապետյանը խիստ կարևորեց նաև սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն այս ծրագրին, սակայն մտահոգություն հայտնեց, որ մասնակցության հայտ ներկայացրած Վրաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երիտասարդների մեջ ոչ մի սփյուռքահայ չկա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ պրոֆեսոր Ահմեդ Ֆահմին ասաց, որ այս ծրագրի ֆինանսավորմամբ իրենց կառույցը նպաստում է գիտության ոլորտում միջազգային համագործակցությանն ու ազգերի միջև ամուր կապեր ստեղծելուն: «Յոթ տասնամյակ առաջ, երբ հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր կանոնադրությամբ հաստատեց, որ խաղաղության հնարավոր է հասնել մարդկանց ինտելեկտուալ և բարոյական համերաշխության միջոցով»,-նշեց նա:
Ահմեդ Ֆահմին նշեց, որ ժամանակակից մարդկության առջև ծառացած մի շարք խնդիրների, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, բնապահպանական հարցերը, ֆինանսական բարեկեցությունը և այլն, լուծմանը կարելի է հասնել արժեքի վրա հիմնված գիտական գիտելիքի միջոցով։
Գիտնականի խոսքով՝ այսօր շատ երկրների մարտահրավերներից է այն, որ գնալով պակասում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ և բնագիտական ուղղություններով (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա) ֆակուլտետները դատարկ են մնում: «Մարդիկ ձգտում են գիտության ու տեխնոլոգիաների առաջընթացի արգասիք տեխնիկայի կիրառմանը, բայց իրենք ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում դրանց ստեղծմամբ: Երիտասարդները հետ են շրջվում գիտական ուղղություններից, ինչն անհանգստացնող միտում է:Սրա պատճառները բազմակողմ են, որոնցից է նաև ուղեղների արտահոսքը»,-ընդգծեց Ահմեդ Ֆահմին՝ կարևորելով այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը:
Ստեղծված ցանցի մասնակից Ստամբուլի Մեդենիյեթ համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Դասդաղի խոսքով՝ շատ կարևոր է այս նախագծի իրագործումը, քանի որ այն մեծ հնարավորություններ կստեղծի շրջակա միջավայրի խնդիրների լուծման համար: «Գիտնականների համար ունենք ծրագրեր ու թեմաներ օդի էլեկտրամագնետիկ աղտոտման, կենսաբանական համակարգերի առնչությամբ»,-ասաց նա: Պրոֆեսորը նշեց, որ Թուրքիայից երեք ուսանող հետաքրքրված են այս ծրագրով ուսանելու հնարավորությամբ:
Զահրա Ֆարջամին, ով բժշկություն է ուսումնասիրում Իրանի համալսարաններից մեկում, ասաց, որ Հայաստան գալու և ասպիրանտական այս ծրագրով սովորելու ցանկություն ունի: Նա, մասնավորապես մասնագիտացած է քաղցկեղի ուսումնասիրման մեջ, ունի երկու հոդված դրա ախտորոշման վերաբերյալ: «Օդի աղտոտվածության դեմ պայքարը շատ կարևոր է, քանի որ մարդկանց մեջ տարածված թոքերի քաղցկեղը հենց աղտոտվածության պատճառով է, այս հիվանդությունը հաղթահարելու միջոցներից է մաքուր օդ ունենալը»,-նշեց պարսկուհին:
Ասպիրանտական այս ծրագրի մասնակիցները տեսական գիտելիքի ստացման հատվածը պետք է իրականացնեն Հայաստանում՝ տեղի և հրավիրյալ մասնագետների կողմից, իսկ արդեն գործնական հատվածը իրենց թեմաներով մասնագիտացված ցանցի համալսարաններում: