
Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և ՄԱԿ-ը հուլիսի 31-ին Սոչիում Սիրիայի հարցով կանցկացնեն խորհրդակցություն

Սոչիում հուլիսի 31-ին կանցկացվի քառակողմ խորհրդակցություն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
«Վաղը նախատեսված է պլենար նիստ: Առավոտյան կկայանա խորհրդակցություն քառակողմ մասնակցությամբ: Կլինեն երաշխավոր երկրները և Ստեֆան դե Միստուրան: Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը նույնպես այստեղ է և անցկացնում է ակտիվ խորհրդակցություն Թուրքիայի պատվիրակության ևՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Մենք նույնպես նրանց հետ կհանդիպենք, դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը»,- ավելացրել է նա:
Ավելի վաղ տեղի էր ունեցել հանդիպում Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչների միջև, անցկացվել են խորհրդակցություններ ռուսական և իրանական պատվիրակությունների մասնակցությամբ, ինչպես նաև կայացել է հանդիպում Ստեֆան դե Միստուրայի հետ:
Հուլիսի 30-ին Սոչիում սկսվել է միջազգային բարձր մակարդակով երկօրյա հանդիպում Սիրիայի հարցով: