Բաժիններ՝

ՀՀ նախագահի տիկինն ու Իտալիայի նախագահի դուստրն «Մեգերյան կարպետ»-ում ծանոթացել են հայկական գորգագործության ավանդույթներին

Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:

Ընկերության «Հովհաննես և Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում հետևեցին աշխատանքային գործընթացին:

Ընկերության գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը շրջայցը սկսեց հյուրերին գորգերի պատրաստման տեխնոլոգիան, գույների ստացման եղանակները ներկայացնելով, ապա ցուցադրեց Վասպուրական գորգը, որը թվագրվում է 17-18-րդ դարերով:

Լաուրա Մատարելան և Նունե Սարգսյանի տեսան նաև Վիշապագորգը, որի օրիգինալ տարբերակը պահվում է Լոնդոնում: Վիշապագորգ կա նաև Հիսուսի Հարության տաճարում, Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում, ինչպես նաև Վիշապագորգ է ստեղծվել Երևանի 2800- ամյակի առիթով. այս գորգի տեսքով խճանկարը տեղադրվել է Կարապի լճի հարևանությամբ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բացառիկ գորգի մոտ, որի կրկնօրինակը նվիրել են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Հռոմի պապին, «Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին, և այլոց, «Մեգերյան կարպետ»-ի հյուրերը լուսանկարվեցին: ՀՀ նախագահի տիկնոջը դուր եկավ գորգի գունային համադրությունը: «Շատ գեղեցիկ գունային համադրություն է»,- ընդգծեց Նունե Սարգսյանը:

«Մեգերյան կարպետ» ընկերության տնօրինությունը Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելային նվիրեց Խոր Վիրապի և Արարատի պատկերով գորգ, Մերգերյանների հավաքածուից մետաքսե շարֆ՝ հայկական գորգի նախշերով, ինչպես նաև արծաթե զարդ՝ «Զանգեզուր» գորգի պատկերով:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու Իտալիայի Հանրապետության նախագահի դուստրը շրջայցի վերջում համտեսեցին հայկական լավաշ, ապա շնորհակալություն հայտնեցին «Մերգերյան կարպետ» ընկերության աշխատակազմին ջերմ ընդունելության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս