Բաժիններ՝

«Գալակտիկոսի վե՞րջը»: Արդյո՞ք «Ռեալը» խնդիրներ ունի

Օրերս «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի տրանսֆերային նոր քաղաքականության մասին:

«Մենք լավ գիտենք, որ ֆուտբոլում տրանսֆերային լանդշաֆտը շատ ցնցող ձևով փոխվել է, իսկ մենք պետք է ընդունենք նոր իրողությունը և հարմարվենք դրան: Մենք նաև չպետք է մոռանանք, թե որքան կարևոր է երիտասարդական կազմը մեր հիմնական թիմի համար: Այն, ինչպես հայտնի է, մեր ինքնության հիմնական տարրերից մեկն է:

Ինչպես ես նշել էի մի քանի օր առաջ, մենք համալրելու ենք թիմը հրաշալի ֆուտբոլիստներով: Մենք արդեն ստորագրել ենք 2 երիտասարդ ֆուտբոլիստի: Մենք լիովին վստահում ենք երիտասարդ տաղանդներին, ովքեր մեկ օր կցանկանան աշխարհի լավագույնը դառնալ: Այդ պատճառով «Ռեալն» ուժեղացնում է երիտասարդ ֆուտբոլիստների որոնման գործընթացը»,- ասել է Պերեսը:

Շաբաթվա սկզբին «Ռեալը» ներկայացրեց իր նորեկին՝ դարպասապահ Անդրեյ Լունինին: Ուկրաինացի դարպասապահի զգացմունքները մեղմվեցին, երբ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանկարծ որոշեց ելույթ ունենալ:

«Աստիճանաբար մենք ստեղծում ենք նոր հիմք ներկայի և ապագայի համար»,- սկսեց նախագահը: -Մեր մեծ թիմում ցանկանում ենք ավելացնել երիտասարդ և տաղանդավոր խաղացողների, որոնք մի քանի տարի հետո կփայլեն: Նրանք ամեն օր քրտնաջան աշխատում են, պատրաստ են շատ բան զոհաբերել և փորձել առավելագույնը ցույց տալ:

Վերջին տարիների ամենակարևոր գավաթների նվաճումից հետո մենք շարունակելու ենք իրադարձությունների նման ընթացքը: Կարևոր չէ, թե որքան դժվար են մարտահրավերներն ու փորձությունները, որոնք սպասում են մեզ: Նրանք, ովքեր կրում են այս նշանը կրծքավանդակի վրա, երբեք չեն հանձնվում նոր բարձունքների ճանապարհին»:

Որո՞նք էին այս ելույթի թիրախային արտահայտությունները.

• «Աստիճանաբար մենք ստեղծում ենք նոր հիմք ներկայի և ապագայի համար: Մեր մեծ թիմում ցանկանում ենք ավելացնել երիտասարդ և տաղանդավոր խաղացողների, որոնք մի քանի տարի հետո կփայլեն»:

• «Վերջին տարիների ամենակարևոր գավաթների նվաճումից հետո մենք շարունակելու ենք իրադարձությունների նման ընթացքը»:

Պերեսը ակնհայտորեն ակնարկեց, որ առաջիկա տարիների ընթացքում ակումբին հետաքրքրում են միայն երտասարդ, տաղանդավոր և դեռևս չբացահայտված ֆուտբոլիստները: Սա չի նշանակում, որ «Ռեալը» լիովին կլինի առանց աստղերի, պարզապես ակումբը չի պատրաստվում աստղերի վրա ծախսել մեծ գումարներ: Marca-ն նշում է, որ Պերեսը չի ցանկանում թիմը կառուցել որոշակի խաղացողների շուրջ, իսկ AS-ը այս հայտարարությանը արձագանքել է «Գալակտիկոսի վե՞րջը» վերնագրով:

Պերեսի վերջին հսկայական գործարքը՝ 75 միլիոնը Խամեսի համար

«Ռեալի» փոփոխությունները տեղի են ունեցել ավելի քան երեք տարի առաջ, պարզապես Պերեսը չէր խոսում դրա մասին: 2014-ի ամռանը ակումբը 75 մլն եվրո է ծախսել Խամեսի համար և այլևս խոշոր գնումներ չի իրականացրել: 45 միլիոնը 18-ամյա Վինսիուսա Յունյորի համար, ով ստորագրվել է 2017 թվականի ձմռանը (մինչև 18 տարեկան հասակը չէր կարող տեղափոխվել Մադրիդ), այդ պահից սկսած ամենամեծ ձեռքբերումն էր:

Ստացվում է, որ այս ժամանակահատվածում «Ռեալը» ոչ մի խաղացողի վրա չի ծախսել ավելի քան 31 մլն եվրո (այդքան գումար վճարվել է Կովաչիչի և Դանիլոյի համար):

Աշխարհի առաջնությունից հետո բոլորը մադրիդյան ակումբից խոշոր տրանսֆերներ էին սպասում: Մամուլում խոսվում էր, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Մբապեին և Նեյմարին: Onda Cero ռադիոկայանի El Transistor հաղորդման ընթացքում փորձագետները խոսել են այս թեմայի շուրջ: Նրանցից մեկը, հիմնվելով ֆրանսիական ակումբի ղեկավարությանը մոտ աղբյուրների խոսքերի վրա, ասել է, որ ակումբը միանշանակ չի վաճառի Կիլիան Մբապեին:

Նեյմարի վերաբերյալ որոշումը վստահվել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Սակայն, մադրիդյան ակումբն էլ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իրենք ոչ մի առաջարակ չեն արել Նեյմարին:

«ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված անընդհատ եկող հաղորդագրությունների ֆոնին «Ռեալը» ցանկանում է պարզաբանել, որ մենք մտադիր չենք որևէ առաջարկ անել խաղացողի համար:

Երկու ակումբները հիանալի հարաբերություններ ունեն: Եթե «Ռեալը» մտադիր լինի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողի, ապա մենք առաջին հերթին ակումբին կտեղեկացնենք դրա մասին»,- ասված է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ:

Հիմա մադրիդյան ակումբի ամենահավանական տրանսֆերը Տիբո Կուրտուայի ձեռքերումն է: Նրա համար մադրիդյան ակումբը կարող է վճարել 35-40 միլիոն՝ կոպեկներ ժամանակակից ֆուտբոլի համար:

Պերեսին կարելի է մեղադրել ժլատության մեջ, բայց դա այդպես չէ: Պերեսը անգամ զգուշավոր չէ, նա պարզապես շատ երկար է մտածում: Ամեն անգամ, երբ նրան մեղադրում են տրանսֆերաին անհաջող քաղաքականության մեջ, նա հրավիորւմ է մադրիդյան ակումբի թանգարան, որտեղ քննադատերին սպասում են Չեմպիոնների լիգայի երեք գավաթները՝ նվաճված վերջին 3 մրցշրջանների ժամանակ:

Մրցանակաները Պերեսի քաղաքականության միակ քաղցր արդյունքները չեն: 2014-15 մրցաշրջանից սկսած ակումբը խաղացողների գնումների համար ծախսել է 371.25 մլն եվրո, իսկ վաճառքներից ստացել է 426.85 մլն եվրո (շահույթ` 55.6): El Mundo-ի ուսումնասիրության համաձայն՝ 222 եվրոպական թիմեր ավելի վատ ցուցանիշ ունեն, քան մադրիդյան գրանդը: Հիմնական մրցակիցը` «Բարսելոնան», 349 մլն եվրո ունի:

Թվում է, թե այս չորս տարիները լավագույնն են Պերեսի կարիերայում. նա երբեք այսքան հեռատես և ճշգրիտ չի եղել:

Արդյո՞ք Պերեսի կյանքում ամեն ինչ կարգին է, և այս տրանսֆերային քաղաքականությունը արվում է, որովհետև պետք է խնայել:

Փետրվարին իսպանական «Ֆորբսը» հրապարակեց 2017 թվականի ընթացքում երկրի 50 անենահաջողակ ղեկավարների ցուցակը: Առաջին տեղը զբաղեցնում էր հենց Պերեսը (նա հանդիսանում է Իսպանիայի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի ղեկավարը, որի կազմում կա 176 հազար մարդ և այն ունի 32 մլրդ եվրո տարեկան շրջանառություն)։

Իրականում «Ռեալում» նույնպես ամեն ինչ հրաշալի է: Անցյալ մրցաշրջանը թիմը ավարտել է 178 մլն եվրո շահույթով, և վերաստորագրել է կարևոր հովանավորչական պայմանագրեր: Սեպտեմբերին ակումբը երկարաձգել է համաձայնությունը Emirates-ի հետ՝ 280 մլն եվրո՝ 4 տարվա համար:

Ակումբը պայմանավորվածություն ունի նաև adidas խանութների ցանցի հետ՝ մինչև 2031 թվականը: Ամեն տարի «Ռեալ» կստանա 150 մլն եվրո: Իսկ մարտին Պերեսը հայտարարեց, որ ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել Telefonica-ի հետ՝ 100 մլն եվրոյով:

Telefonica-ն հեռահաղորդակցության ոլորտում աշխատող իսպանական ընկերություն է, որը զբաղեցնում է ութերորդ տեղը աշխարհում՝ սպասարկելով 325 մլն բաժանորդի:

Հիմա Պերեսը ունի շատ գումար, սակայն չի ցանկանում անել շատ ծախսեր:

2000-ականներին, երբ Պերեսը եկավ մադրդիյան ակումբ, հայտարարեց, թե թիմում լինելու են լուրջ փոփոխություններ: Այդ ժամանակ 60 մլն եվրոյի դիմաց արքայական ակումբ տեղափոխվեց Լուիշ Ֆիգուն: Այս տրանսֆերը շատ սկզբունքային էր Պերեսի համար, քանի որ հարցումները ցույց էին տվել, որ մադրիդիստ երկրպագուները ամենից շատ հենց պորտուգալացուն են ցանկանում տեսնել իրենց թիմում:

2003-2006 թվականներին «Ռեալը» մնաց առանց մրցանակների, իսկ Պերեսը որոշեց, որ անհաջողության պատասխանատվությունը իրենն է և հրաժարական տվեց: Սակայն, առաջին 6 տարիների ընթացքում նա շատ օգտակար գործեր կատարեց: Ֆլորենտինոն հրաժարվեց շահույթ չհետապնդող ակտիվներից (օրինակ՝ վաճառվեց հին կենտրոններից մեկը 480 միլիոն դոլարով), կառուցեց 1.2 միլիոն քառակուսի մետր և ստեղծեց VIP-հատված «Սանտիագո Բեռնաբեուում»: Պերեսը, իհարկե, գիտեր, որ կվերադառնա ակումբ:

Հաջորդ երեք տարիների ընթացքում «Ռեալ Մադրիդը» ղեկավարում էր Ռամոն Կալդերոնը, ով խոստացել էր երկրպագուներին` Կրիշտիանու Ռոնալդուին, Ֆաբրեգասին և Կակային, սակայն նրա երեք ամենախոշոր գնումները ավելի համեստ էին՝ Ռոբեն, Սնեյդեր և Վան դեր Վարտ: Պերեսը վերադարձավ արդեն 2009 թվականին և անմիջապես ցույց տվեց, որ պատրաստ է Ռոնալդուի և Կակայի համար վճարել 160 միլիոն եվրո: 2013-ին նա կրկին կարևոր քայլ արեց՝ Բեյլի համար վճարելով 101 միլիոն:

***
2018 թվականի մայիսին Պերեսը կարողացավ հանգիստ շունչ քաշել՝ այժմ նա հստակ ցույց տվեց բոլորին, որ կարող է խելամտորեն աշխատել՝ առանց տիեզերական գումարների հասնելով հիանալի արդյունքի:

Մադրիդյան ակումբի տրանսֆերային քաղաքականությունը այս տարի գուցե մեկ քայլ հետ է, սակայն ֆուտբոլային փորձառությունը ցույց է տալիս, որ Պերեսը սրանով կարող է երեք այլ առաջ անել:

Հիմա Պերեսը ունակ է դրան, քանի որ նա գիտի, թե ինչ է անում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս