Տնտեսական ցուցանիշներով մանիպուլյացիաներ անելու գայթակղությունը

Մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ «168 Ժամ» թերթում և 168.am կայքում անդրադարձել ենք այդ ցուցանիշներին՝ թե՛ առանձին-առանձին (տնտեսական ակտիվության մասին, արտաքին առևտրի մասին, և այլն), թե՛ ընդհանուր կտրվածքով։

Հունիսի ցուցանիշներին վերաբերող հրապարակումներից մեկը վերաբերում էր Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձին։ Նախ հիշեցնենք՝ խոսքն ինչի մասին էր, հետո անցնեմ առաջ։

Այսպես, 2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում նախորդ տարվա հունիսի համեմատ  նվազել է 6.1%-ով և կազմել 171 950 դրամ։

Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը նվազել է 9.1%-ով և կազմել 143 904 դրամ, ոչ պետական հատվածում՝ նվազել է 9.1%-ով և կազմել 189 271 դրամ։ Այս տվյալները, հիշեցնենք, վերցված են ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Ինչպես խոստացել էինք, մի փոքր պարզաբանենք միջին աշխատավարձի փոփոխությունը։

Թեպետ պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն մասնագետները գտնում են, որ միջին աշխատավարձի ցուցանիշի նվազումը պայմանավորված է ստվերի դեմ պայքարով՝ չգրանցված աշխատողներին գրանցելու հանգամանքով։ Մասնավորապես, որոշ խոշոր գործարարներ մայիսին և հատկապես հունիսին գրանցել են մեծ թվով չգրանցված աշխատողների։ Ու քանի որ այդ աշխատողները հիմնականում ցածր աշխատավարձ ստացողներ են, միջին աշխատավարձի ցուցանիշն այս պրոցեսի հետևանքով նվազել է։

Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ» (Yerevan City սուպերմարկետների ցանց) ընկերությունում գրանցված աշխատողների միջին թիվը մինչև ապրիլ ամիս եղել է միջինը 4200, իսկ մայիսին միանգամից ավելացել է մինչև 5200։ Հունիսի տվյալը դեռ չկա, սակայն համոզված ենք՝ հունիս ամսին գրանցված աշխատողների թիվը նույնպես աճած է լինելու։

Նույնը վերաբերում է նաև մյուս խոշոր ցանցերին և այլ ոլորտներում գործող խոշոր ընկերություններին։ Սպասարկման ոլորտի ընկերություններում (ռեստորաններ, սրճարաններ և այլն) նույնպես վերջին 2 ամիսներին ընթանում է աշխատողներին գրանցելու ակտիվ պրոցես, հատկապես, որ հարկային օրենսդրության վերջին փոփոխություններով չգրանցված աշխատող պահելու պատիժը խստացվել է։

Սա, ինչ-որ առումով, բացատրում է մասնավոր հատվածի աշխատավարձի նվազումը, սակայն պետական հատվածի դեպքում այս բացատրությունը չի գործում, և հարկ կլինի լսել պատկան մարմինների մեկնաբանություններն այդ հարցով։

Այսքանը՝ կոնկրետ աշխատավարձի մասով։

Հիմա անցնենք հաջորդ ասելիքին, որն արտացոլված է նյութի վերնագրում։ Տնտեսական իրողություններն ու դրանց մասին լուրերն այս պատմության մի կողմն են։ Մյուս՝ ցավոտ կողմը տնտեսական լուրերի ընկալումն ու դրանց մեկնաբանությունն է սոցիալական ցանցերում և մամուլում՝ տարբեր օգտատերերի կողմից։

Օրինակ, հայտնի օգտատերերից մեկն իր էջում հրապարակել էր միջին աշխատավարձի նվազման մասին այս լուրը 168.am կայքից և գրել՝ հեղափոխության առաջին արդյունքները։ Ասել է թե՝ տեսնո՞ւմ եք, թե հեղափոխությունն ինչ վնաս է տվել։

Գրառման տակ, ինչպես և կարելի էր սպասել, ակտիվ քննարկում էր ծավալվել։ Ոմանք համաձայնել էին օգտատիրոջ հետ, ոմանք (թեմայից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ) նշել էին, որ միջին աշխատավարձի ցուցանիշը նվազել է գրանցված աշխատողների թվի աճի արդյունքում (այսինքն՝ այն, ինչի մասին մենք նոր խոսում էինք)։

Սակայն, ցավոք սրտի, կան օգտատերեր, որոնք առանց թեմայի մեջ խորանալու՝ վիրավորում են լուրը հրապարակած լրատվամիջոցին՝ մեղադրելով ստելու կամ միայն վատ բաները ներկայացնելու մեջ։ Ու, ցավոք սրտի, նման օգտատերերը շատ են ու առավել ագրեսիվ։

Ստելու մասով, կարծում ենք, կարիք չկա խոսել. խոսքը վերաբերում է պաշտոնական ցուցանիշներին, որոնք հրապարակվել են ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից։ Չե՞ք հավատում ՎԿ-ի տվյալներին, ձեր իրավունքն է, սակայն այս դեպքում ստախոսության մեջ պետք է մեղադրել ոչ թե ԶԼՄ-ին, այլ հենց ՎԿ-ին։ Սակայն նման բան չեն անում, որովհետև քաղաքականապես ճիշտ չի լինի. ՎԿ-ն արդեն ներկայացնում է նոր կառավարությանը, և այդ կառույցի ղեկավար Ստեփան Մնացականյանն էլ վերանշանակվեց իր պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ինչ վերաբերում է միայն վատ լուրեր ներկայացնելուն, ապա դա առնվազն աբսուրդ է։ Տնտեսական լրահոսում մենք ներկայացնում ենք պաշտոնական տվյալների վրա հիմնված լուրեր՝ առանց տարբերակելու՝ դրանք լա՞վն են, թե՞ վատը (լավատեսակա՞ն են, թե՞ հոռետեսական)։ Օրինակ, առաջինը մենք ենք «168 Ժամում» ներկայացրել, որ այս տարվա առաջին կիսամյակում օդային ուղևորահոսքի հաշվեկշիռը դրական է եղել (20 հազարով ավելի շատ մարդ եկել է, քան գնացել), և, որ նման բան վերջին տարիներին չի եղել։ Ի դեպ, այս լուրը սոցիալական ցանցերում «նոր շունչ է առել» և ակտիվ շրջանառվում է նաև այլ ԶԼՄ-ներով։

Ու ընդհանրապես, տնտեսական լրահոսում մենք զերծ ենք մնում մի բանը մյուսով պայմանավորելու գայթակղությունից։ Որովհետև պատճառահետևանքային կապերը հիմնավորելը բարդ գիտական աշխատանք է։ Օրինակ, երբ տնտեսական աճի դանդաղման տվյալները տեսնելուն պես ոմանք հայտարարում են, թե դա հեղափոխության պատճառով է, դա մերկապարանոց հայտարարություն է, քանի դեռ դրա տակ հստակ վերլուծություն չկա։ Մերկապարանոց է նաև, երբ հայտարարում են, որ օդային ուղևորահոսքի դրական հաշվեկշիռը պայմանավորված է հեղափոխությամբ։ Միգուցե այդ պնդումները ճիշտ են, սակայն, քանի դեռ լուրջ հիմնավորումներ չկան, այդ պնդումներն ընդամենը սուբյեկտիվ կարծիքներ են։

Օրինակ, մի քանի օգտատերեր գրել են՝ «իսկ ինչո՞ւ չեք ասում, որ աշխատողների թիվն աճել է»՝ այդ հարցով իբր ապացուցելով, որ լուրի մեջ միտում կա։ Պատասխանը պարզ է՝ որովհետև լուրը հրապարակվելու պահին որևէ պաշտոնական տվյալ չկա, որ գրանցված աշխատողների թիվն աճել է։ Կլինի՞՝ դա էլ կներկայացվի։ Ասեմ, որ Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակելու է երկրորդ եռամսյակի զբաղվածության և գործազրկության ցուցանիշները, որոնց մանրամասն կանդրադառնանք։

Զերծ ենք մնում նաև միանշանակ գնահատականներից, որովհետև տնտեսության մեջ ամեն մեդալ ունի երկու երես։ Օրինակ, հարկերի աճը հարկատու տեսանկյունից վատ է, պետբյուջեի եկամուտների տեսանկյունից՝ լավ։  Կամ՝ հանքարդյունաբերությունը տնտեսության տեսանկյունից լավ է, բնապահպանության տեսանկյունից՝ վատ։ Մենք փորձում ենք ներկայացնել մեդալի երկու կողմերը։ Այլ հարց է, որ որոշ մարդիկ տեսնում են միայն այն կողմը, որն իրենց ձեռնտու է։ Իհարկե, դա յուրաքանչյուրի իրավունքն է՝ ամեն մեկն ունի իր շարժառիթները և շահերը։

Սակայն խնդրում և հորդորում եմ՝ ԶԼՄ-ին և նյութերի հեղինակներին մի ներքաշեք ձեր մանիպուլյացիոն խաղերի մեջ։ Կոնկրետ տնտեսական լուրերի և հոդվածների մասով՝ ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի (որտեղի՞ց է ստացվել այսինչ տվյալը, կամ ինչի՞ հիման վրա եմ կոնկրետ եզրահանգման եկել)։ Պատրաստ եմ ընդունել իմ սխալը, եթե սխալված լինեմ։ Սակայն, երբ մարդն իր առաջ նպատակ է դրել տեսնել միայն այն, ինչը ինքն է ուզում տեսնել, և ցանկություն ու տրամադրություն չունի խորանալ փաստերի մեջ ու հիմնավորումներ տեսնել, նման մարդկանց խորհուրդ կտամ կարդալ Դաննինգ-Կրյուգերի էֆեկտի մասին, որը բացատրում է, թե ինչու են տգետներն ավելի ինքնավստահ և ագրեսիվ։

Տեսանյութեր

Լրահոս