«Բանակցային գործընթացի բացակայությունը փորձում են լրացնել ռազմական «դիվանագետները»». Փոլ Սթրոնսկի

«Պաշտպանության նախարարները փորձում են լցնել այն բացը, որը սովորաբար լցվում է բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարների և միջնորդների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին` անդրադառնալով Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարների վերջին հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հարվածներ կհասցվեն Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարին: Նա հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Նա նաև ասել է, որ ներկայումս իրադրությունը կայուն, հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նրա խոսքով՝ նման հանգիստ իրավիճակ չի եղել, սակայն հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին:

Լևոն Մնացականյանի վերոնշյալ հայտարարություններից առաջ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն էր կոշտ հռետորաբանություն կիրառել՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: Նա նշել էր, որ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ նախաձեռնի, ապա հայկական կողմը գուցե չկարողանա դիմադրել իր ողջ արսենալը գործի դնելու «գայթակղությանը»: Նա նաև հստակեցրել էր, որ Հայաստանը խաղաղություն «խնդրողի» դերում չէ:

Փոլ Սթրոնսկին ասաց, թե այն իրավիճակը, որը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ներկայումս անելանելի է, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հասկանում են, որ այս հակամարտությունում իրենց ունեցած լծակները ներկայումս չեն կարող զիջել, խոսքը տարածքների հանձնման և Հայաստանի ապաշրջափակման մասին է:

Նրա խոսքով՝ այս հարցերում կողմերի անզիջում դիրքորոշումը նրանց թույլ է տալիս կարծել, որ իրենց անվտանգությունը՝ այս հարցերում չզիջելով, ապահովված է: Բնականաբար, ըստ վերլուծաբանի, ինչ-որ առումով դա ճիշտ է, ուստի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է շատ մտածված լինի, որպեսզի կողմերից ոչ մեկը չտուժի դրա արդյունքում: «Այս տրամադրություններն ու դիրքորոշումները ստեղծել են դիվանագիտական վակուում, միջնորդները չգիտեն` ինչպես գործընթացն առաջ շարժել, կողմերին կառուցողական հուն տեղափոխել, եթե նրանք այս կարևոր հարցերում պատրաստ չեն զիջումների, քանի որ այդ զիջումները դիտարկվում են՝ որպես անվտանգություն նրանց համար:

Սրան զուգահեռ՝ իրավիճակը սրվում է կոնֆլիկտի գոտում, քանի որ կողմերը պահանջներ ունեն միմյանց նկատմամբ, չկա բանակցային գործընթաց, և յուրատեսակ բանակցողներ են դառնում ռազմական գերատեսչությունների ղեկավարները, զուգահեռաբար սրվում է նաև պատերազմի հռետորաբանությունը, որը երկու կողմերից համարժեք հայտարարություններ է պահանջում: Ուստի հենց այդ պատճառով պաշտպանության նախարարները վերջին օրերին առաջին պլանում են հայտնվել, նրանք փորձում են լցնել այն բացը, որը սովորաբար լցվում է բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարների և միջնորդների միջև:

Ուստի այն, ինչ տեղի է ունենում, տրամաբանական է` բանակցային գործընթացի բացակայությունը փորձում են լրացնել ռազմական «դիվանագետները», ինչը ոչ միշտ է նշանակում՝ մարտական գործողություն, քանի որ սրանք նախևառաջ կանխարգելիչ հայտարարություններ են, կողմերից ոչ մեկին պետք չէ պատերազմ: Լսեցինք, որ եղավ նմանատիպ հայտարարություն նաև Ադրբեջանի կողմից հայկական ատոմակայանի վերաբերյալ: Կողմերը շատ արագ արձագանքում են միմյանց, հուսանք, որ իրականում իրավիճակը չի հասնի սրման»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Սթրոնսկին:

Նա դրական համարեց հայաստանյան և ադրբեջանական մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որ Նյու Յորքում սեպտեմբեր ամսին նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում:

«Հուսանք, որ հակամարտող երկրների ղեկավարների հանդիպման համար իրական նախապատրաստություններ տեղի կունենան այդ հանդիպմանը, քանի որ նախարարների առաջին հանդիպումը հուլիսին, ինչպես երևաց, ծանոթություն էր, որը ներկայիս լարված իրավիճակում ընդունելի չէ»,- նկատեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս