Բաժիններ՝

Հայի հետֆեյսբուքյան խելքը

Լուրը սրսուռ վերնագիր ուներ` «Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում»: Մի՛ շտապեք չարախնդալ, որ Վարդենիսում էլ բուհ կա: Որովհետև լուրի բովանդակությունն ավելի ահասարսուռ է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն բուհը «Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառել է շուրջ 6 մլն 230 հազար դրամի վնաս»:

Պարզ հաշվապահությունը հուշում է, որ այս բուհը երկու տարվա ընթացքում պիտի 31 մլն 150 հազար շահույթ թաքցրած լինի նման պարտք կուտակելու համար: Սկսենք հաշվարկել, թե ինչպես է հնարավոր դա: Նախ՝ ինչ գիտենք Վարդենիս քաղաքի մասին, բացի այն փաստից, որ գտնվում է Երևանից 170 կմ հեռու: Ավանդության համաձայն, այն հնագույն բնակավայր է, որ հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը:

Գիտենք, որ Վարդենիսում ԽՍՀՄ ԳԽ որոշմամբ՝ կրկնակի հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համարձումյանի կիսանդրին, ծննդավայր Թբիլիսիի փոխարեն՝ դրվել է այստեղ: Իսկ հիմա իմացանք, որ սույն բնակավայրում նաև Վ. Համբարձումյանի անունը կրող բուհ կա: Ոստիկանության հաղորդագրության մեջ այդպես էլ նշված է` «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողայոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել»:

Արձանագրենք, որ բուհը գործում է՝ որպես ՍՊԸ: Այսինքն` մասնավոր է: Ազգային վիճծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենիսում 2015թ. 12 հազար 500 բնակիչ կար: Փաստորեն, 12 հազար 500 բնակիչ մեկ բուհ ունի, որը հասցնում է երկու տարում այդքան մեծ չափի շահութահարկ թաքցնել: Թե որքան ուսանող ունի բուհը՝ պարզ չէ: Dasaran.am համարյա պետական, այսինքն՝ պատասխանատու կայքը տեղեկացնում է, որ բուհն ունի երեք ֆակուլտետ` Հայոց լեզվի և գրականության, Պատմության, Տարրական մանկավարժության և մեթոդաբանության: Հայաստանի բուհական համակարգի փորձագետների բացատրությամբ, մարզային համարյա բոլոր մասնավոր բուհերում Մանկավարժության ֆակուլտետ կա:

Դա բացատրվում է նրանով, որ գործող օրենսդրության համաձայն, հանրակրթական դպրոցներում ուսուցիչ աշխատելու համար մանկավարժական կրթությունը պարտադիր է: Համալսարանական և այլ կրթություն ունեցող անձինք դպրոցից «չարտաքսվելու» նպատակով այդ բուհ կոչվող հիմնարկներից մանկավարժի դիպլոմ են «ապսպրում»: Ահա թե ինչու այդքան մանկավարժական բուհ կա մարզերում:

«Իսկ որքան բուհ կա Հայաստանում»՝ հարցին պաշտոնական վիճակագրությունը պատասխանում է` 63 բուհ կամ ֆիլիալ: Այս թվի հետ չհամաձայնելով՝ «Սփյուռ. տեղեկատուն» մայրաքաղաքային ու մարզային 89 բուհի ու ֆիլիալի տվյալներ է հրապարակում:

Բայց վերադառնանք պաշտոնական տվյալներին, որովհետև ոչ պաշտոնականն ավելի մռայլ պատկեր է ստեղծում: Հայաստանի 63 բուհերում սովորում է 81 հազար 700 ուսանող: Ուսանողների 36 տոկոսը (29 հազար 200) սովորում է խորհրդային անցյալից ժառանգություն մնացած «հեռակա» կոչվող համակարգում: Այսինքն՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր, կրթություն չի ստանում: Փոխարենը՝ ստանում է դիպլոմ: Դիպլոմ, ուր առկա-հեռակայի մասին ոչ մի նշում չկա: Ավելին՝ Հայաստանում գործող 63 բուհերի մեջ կան նաև արտասահմանյան բուհերի ֆիլիալներ:

Ընդ որում՝ հեղինակավոր բուհերի ֆիլիալ ներկայացողներ: Օրինակ, տարիներ առաջ Հրազդան քաղաքում (պաշտոնապես 41 հազար 600 բնակիչ) գործում էր Մոսկվայի պետական համալսարանի ֆիլիալ ներկայացող կառույց: Պարզ բան է՝ ապրում ենք ազատական տնտեսական մոդելի ձգտող երկրում և չենք կարող արգելել բուհական մասնավոր հատվածը: Բայց փոխարենը, որպես երկիր, պարտավոր ենք չափորոշիչներ սահմանել ու ստուգել, որ այդ կառույցները չխաբեն իրենց հաճախորդ-ուսանողներին: Դա իսկապես պետության գործն է՝ ի դեմս Կրթության նախարարության: Խնդիրը միայն մասնավոր բուհերի կրթական ցածր մակարդակը չէ:

Նորանշանակ ու արդեն պաշտոնաթող չինովնիկներից մեկը համարյա 26 օր կարողացավ պաշտոնավարել: Որովհետև պատմաբան էր ներկայացել ու մի լղարիկ հոդվածի մեջ շիլաշփոթ խառնել էր պատմական փաստերը՝ Հին աշխարհից մինչև Ղարաբաղյան պատերազմ: Խառնել էր ու փորձել վերլուծել: Հետո պատմաբանին հարցազրույցի էին կանչել: Ու հետո սկսվեց ֆեյսբուքյան դրաման: Պատմաբանն իր հետ չհամաձայնողներին հերթական խառնաշփոթով պատասխանեց:

Կրթության որակի հարց է. մարդը միքսել կամ խառնել էր Ջորդանո Բրունոյի ու Յան Հուսի մահապատիժները: 1600թ. դեպքը 1415թ. դեպքի հետ խառնելը կարելի է, իհարկե, ներկայացնել ճաշակի հարց: Իրականում դա կրթության որակի խնդիր է: Թվերը հիշելը, ի վերջո, պարտադիր չէ: Նույնիսկ պատմաբանի պարագային: Բայց պատմաբանի համար իմանալը, որ Ջորդանո Բրունոյին մահապատժի է ենթարկել Հռոմի նահանգապետի (իմա` աշխարհիկ) դատարանը, երևի կարևոր է:

Հատկապես, երբ դա մատուցվում է՝ որպես վերլուծական փաստարկ: Ինչ անես, երևի նաև այս դեպքի համար է մարդկությունը 600 տարուց ավելի հիշում Հուսի վերջին խոսքը` «O sancta simplicitas!»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս