«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արձանագրված խախտումները շուրջ 300 միլիոն դրամի չափով են. նախարար
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի հետքերով ստուգումներ են իրականացվում նաև այլ խոշոր բուժհաստատություններում: Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ունեն ստուգումների պլան, որում ներառվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ բուժհաստատության չարաշահման դեպքին, ապա դրա առնչությամբ նյութերն ուղարկվել են դատախազություն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում խախտումներ հայտնաբերվել են, դրա մասին հաղորդագրությունն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար կա՞ն արդյոք քրեական գործի տարրեր: Խախտումների հիմնական բնույթը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, այսինքն՝ պացիենտները հիվանդանոց չեն պառկել, բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը մոտ 300 միլիոն դրամի մասին է»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Ավելի մանրամասնելով՝ նախարարը նշեց, որ նշյալ բուժհաստատությունում պետության կողմից հատկացվող սոցփաթեթի շրջանակներում բուժզննում անցած անձանց 90 տոկոսը ձևակերպվել է որպես ստացիոնար բուժում ստացող, նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ, բայց վերջիններս չեն ստացել բուժում: Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարող ենք եզրահանգել, որ այսպիսի խախտումները համատարած բնույթ են կրել և մյուս բուժհաստատություններում ևս արձանագրվել են, նախարարն ասաց, որ քանի դեռ չկան փաստեր, ինքը դա չի կարող պնդել:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ երեկ իր ստորագրած հրամանով նախարարության աշխատակիցները կարող են նաև օպերատիվ կերպով ստուգումներ իրականացնել բուժհիմնարկներում՝ հիմնականում հիվանդների շարժը երեկոյան ժամերին ուսումնասիրելու նպատակով:
«Մեր աշխատակիցները մտնեն Երևանի գրեթե բոլոր մեծ հիվանդանոցներն ու պարզեն, օրինակ, գրանցված 100 հիվանդից քանիսն են ներկա, քանիսը բացակա, դա ևս կարող է չարաշահումների տեղիք տալ»,-հավելեց պաշտոնյան: