Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին կոչ է արել ընտրական օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրություններ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին:

Զեկույցում նշված է, որ պետք է անցկացվի ընտրության օրը գրանցված խախտումների պատշաճ հետաքննություն, դիտարկվեն ընտրատեղամասերի տեսախցիկների աշխատանքը, ստորագրված ընտրացուցակներն, ինչպես նաև վավեր և անվավեր քվեաթերթիկները:

ԵԱՀԿ (ԺՀՄԻԳ) զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գործող կայքերի արգելափակման և արգելման գործառույթը դատարաններին փոխանցելու հարցը, առաջարկ է կատարվել զրպարտությունը ապաքաղաքականացնելու վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, իշխանությունների կողմից պետական սեկտորի աշխատակիցների ուղղորդման դեպքեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին 2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն: Միջազգային մի շարք կազմակերպությունների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակել փաստարկներ, որոնք կարող էին հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել էր առանց խորհրդարանում բաց քննարկումներ կազմակերպելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս