Բաժիններ՝

«Մենք ակնհայտ ունեցել ենք քրեական գործ հարուցելու հիմքեր». Արթուր Դավթյանը՝ Հանրային ՀԸ-ում չարաշահումների փաստով քրեական գործի մասին

Հանրային հեռուստատեսության մասով քրեական գործը դեռևս նոր է ուղարկվել նախաքննության, և մեղադրանքներ առայժմ չեն առաջադրվել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր պետք էին, դրանք առկա են։ Մնացածը կքննվի քրեական գործի նախաքննության փուլում, կպարզվի այդ ամեն ինչը»,- ասաց Ա.Դավթյանը։

Հարցին՝ այս փուլում կա՞ն հիմքեր, որոնք մեղադրանք առաջադրելու համար բավարար են, գլխավոր դատախազը պատասխանեց, որ դրա մասին կկարողանա խոսել այն փուլում, երբ կունենանք մեղադրանք. «Այս պահին ես հավաստում եմ, որ մենք ակնհայտ ունեցել ենք քրեական գործ հարուցելու հիմքեր»։

Նա հրաժարվեց նաև անուններ տալ` նշելով, որ դա կպարզվի նախաքննության ընթացքում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում: Պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս