«Սաբոտաժ կարող ես անվանել այն դեպքում, երբ դու գործարքի ես գնացել նախկին իշխանությունների հետ, ու նրանք պայմանավորվածությունը չեն կատարել». Արմեն Բադալյանը՝ Դավիթ Խաժակյանի հայտարարության մասին

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է՝ հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետի ընտրության մի քանի հնարավոր սցենար կա։ 168.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ Երևանի ավագանիում «Հանրապետական» խմբակցությունը փորձի իր թեկնածուին առաջադրել։

«Երկրորդ տարբերակն այն է, որ միգուցե համաձայնության գան կառավարության, այսինքն՝ իշխող նոր քաղաքական ուժի և Երևանի ավագանիում նրա քաղաքական հենարան հանդիսացող «Ելք» դաշինքի հետ, ու էլի ՀՀԿ-ից ընտրեն, բայց արդեն «Ելքի» առաջադրած ՀՀԿ թեկնածուին։ Տարբերակ երրորդն այն է, որ ՀՀԿ-ականները պաշտպանեն «Ելքի» թեկնածուին, չնայած այնտեղ համապատասխան անձնավորություն չկա։ Վերջին տարբերակն այն է, որ ընտրությունները չկայանան, օգոստոսին կայանան արտահերթ ընտրություններ, ինչը բարդ իրավիճակ կստեղծի, որովհետև օգոստոս ամիսն ընդհանրապես ընտրությունների համար հակացուցված ամիս է, արձակուրդի են գնում, տրամադրություն չկա, մարդիկ ուրիշ գործով են զբաղվում, քարոզարշավները շատ դժվար կլինի անցկացնել այս շոգին, և այլն։ Այսինքն՝ կստեղծվի ավելի բարդ իրավիճակ։ Թե հիմա այս տարբերակներից որը կլինի, այս պահին դժվար է ասել»,- նշեց Ա. Բադալյանը։

Հարցին՝ եթե Երևանի քաղաքապետ ընտրվի կրկին ՀՀԿ-ի թեկնածուն, անիմաստ չի՞ լինի Տարոն Մարգարյանի հրաժարականը, Ա. Բադալյանը պատասխանեց՝ անիմաստ ոչ մի բան չկա. «Որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց՝ առանց պատճառաբանելու, թե ինչն էր իր հեռանալու պատճառը, որովհետև իրավապահ մարմինները նրա նկատմամբ կարծես որևէ մեղադրանք չէին առաջադրել, և միգուցե ինչ-որ ներքին պայմանավորվածություն կար, որ նա հեռանում է, և քաղաքը հանձնում են նոր իշխանություններին։ Եթե նման պայմանավորվածություն չի եղել, ՀՀԿ-ն շատ հանգիստ կարող է իր թեկնածուին առաջադրել»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սաբոտաժ էր որակել ՀՀԿ-ի կողմից հուլիսի 16-ին քաղաքապետի ընտրություն անցկացնելու որոշումը։

Ա. Բադալյանը, խոսելով Դ. Խաժակյանի այս հայտարարության մասին, նշեց, որ Հայաստանում շատ տարածված ավանդույթ է դարձել այն հանգամանքը, որ, երբ իշխանության գլուխ է գալիս նոր ուժ, և նախկին իշխանության ներկայացուցիչներն ինչ-որ գործողություններ են անում, ապա անմիջապես այդ գործողությունները որակվում են՝ որպես սաբոտաժ։

«Ի՞նչ է նշանակում՝ սաբոտաժ, իսկ ո՞վ ասաց, որ պետք է «Ելքի» թեկնածուն որոշի՝ ՀՀԿ-ի գործողությունը սաբոտա՞ժ է, թե՞ սաբոտաժ չէ, միգուցե սաբոտաժ էր Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջո՞ւմը, ոչ ոք իրավունք չունի մյուսի գործողությունն անվանել սաբոտաժ։ Սաբոտաժ կարող ես անվանել այն դեպքում, երբ դու վստահ ես, որ դու գործարքի ես գնացել նախկին իշխանությունների հետ ինչ-ինչ հարցում, ու նախկին իշխանություններն իրենց բանավոր պայմանավորվածությունը չեն կատարել, ու դրա համար դու նրանց գործողությունն անվանում ես սաբոտաժ։ Այդ դեպքում «Ելքի» անդամը թող ասի՝ իրենք նախկին իշխանությունների հետ անդրկուլիսյան բանակցություններ են վարել ու պայմանավորվածությո՞ւն են ձեռք բերել, որ հիմա էլ ՀՀԿ-ի գործունեությունը նրանք անվանում են սաբոտաժ։

Չի կարելի ամեն ինչ անվանել սաբոտաժ։ Ցանկացած քննադատություն նոր իշխանությունների հասցեին դառնում է սաբոտաժ, ցանկացած հրապարակում, որ դուր չի գալիս իրենց, սկսում են անվանել սաբոտաժ։ Եթե չի եղել պայմանավորվածություն, ես չեմ համարում սա սաբոտաժ, իսկ եթե եղել է այդ պայմանավորվածությունը, թող իշխանությունները բացատրություն տան երևանցիներին, թե ինչու են նրանք գնացել նախկին իշխանությունների հետ ինչ-ինչ բանակցությունների»,- նշեց Ա. Բադալյանը։

Քաղտեխնոլոգն ավագանիում եղած երկու ընդդիմադիր խմբակցություններում Երևանի քաղաքապետի թեկնածու չի տեսնում։ Հարցին՝ եթե ընտրությունները լինեին օգոստոսի 8-ին, ինչպես ընդդիմությունն էր պահանջում, ի՞նչ էր փոխվելու այդ ընթացքում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.

«Ես չգիտեմ, միգուցե ինչ-որ անդրկուլիսյան բանակցություններ են գնում։ Չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ «Ելքում» և «Երկիր Ծիրանիում» Երևանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու չկա։ Օրենքի կետերին համապատասխանելը շատ քիչ է, պետք է նաև տեսնել՝ այդ մարդը կարո՞ղ է քաղաքը ղեկավարել, թե՞ չի կարող, որովհետև չի կարելի քաղաքը վերածել փորձադաշտի։ Քաղաքապետի կայացած թեկնածու այդ երկու խմբակցություններում չկա»։

Ա. Բադալյանը գտնում է, որ ՀՀԿ-ում կա առնվազն երկու քաղաքապետի թեկնածու, սակայն չցանկացավ անուններ նշել։

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս