Բաժիններ՝

Կոնգրես օրինագիծ է մտցվել Պուերտո Ռիկոյին նահանգի կարգավիճակով ԱՄՆ-ի կազմի մեջ ընդունելու մասին. NBC

ԱՄՆ-ի 51-րդ նահանգ է մտադիր դառնալ Պուերտո Ռիկոն, որի իշխանություններն ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ են մտցրել իրեն պետության կազմում ընդունելու մասին։

«Դա առաջին քայլն է Պուերտո Ռիկոյի ապագաղութացման ճանապարհին: Ներկայացված օրինագիծը թույլ կտա լուրջ քննարկում սկսել կղզու վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու շուրջ»,-NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Պուերտո Ռիկոյի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես Կոլոնը, որը օրինագիծ է մտցրել ամերիկյան խորհրդարանի ստորին պալատ:

ԱՄՆ-ի կազմի մեջ Պուերտո Ռիկոյին ընդունելու նախաձեռնությունը ներկայում պաշտպանում են ընդամենը 14 կոնգրեսականներ՝ Դեմոկրատական կուսակցությունից եւ 20-ը՝ Հանրապետական կուսակցությունից՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ձայնի իրավունք ունեցող 435 անդամներից: Ինչպես նշում է հեռուստաալիքը, առայժմ դա չափազանց քիչ է, որպեսզի վստահությամբ խոսվի այդօրինակ որոշում ընդունելու հեռանկարների մասին:

Սակայն Կոնգրեսում հավանության արժանանալու դեպքում օրինագիծը թույլ կտա որոշել գործողությունների պլանը, որպեսզի 2021 թվականի հունվարին Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ-ի նոր նահանգը: 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից բռնակցված Պուերտո Ռիկոյի ներկայիս միջազգային-իրավական կարգավիճակը շատ հակասական է:

Այսպես, պուերտոռիկացիները պաշտոնապես համարվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ, բայց հարկեր չեն վճարում դաշնային գանձարան եւ իրավունք չունեն մասնակցել նախագահի ընտրություններին: Կղզում բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է ԱՄՆ-ի Կոնգրեսին: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պուերտո Ռիկոյի շահերը ներկայացնում է կոմիսար-նահագահը, որը ձայնի իրավունք չունի:

Կղզում գործադիր իշխանությունը գտնվում է նահանգապետի ձեռքում: Կղզին բավականին զգալի օգնություն է ստանում Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից: 2012 թվականին Պուերտո Ռիկոյում անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը հանդես է եկել ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին:

Սակայն, ինչպես ընդգծվում է բանաձեւում, «Պուերտո Ռիկոյի եւ Միացյալ Նահանգների քաղաքական ներկայացուցիչները մինչ այժմ ձեռնամուխ չեն եղել ապագաղութացման գործընթացին»: 2017 թվականի հունիսին կղզում անցկացվեց եւս մեկ հանրաքվե, որտեղ հաղթեցին ԱՄՆ-ի կազմի մեջ արշիպելագի՝ որպես նոր նահանգի մտնելու կողմնակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս