Ադրբեջանական կողմը հնարավորություն է տեսել ՀՀ նոր վարչապետին փորձարկելու համար, ուժի ցուցադրությամբ «բռնելու նրա թույլ կողմը»

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին և նշել, որ «այդ առումով Ադրբեջանը մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում»։ Ի՞նչ է սա նշանակում՝ հավանությո՞ւն Ադրբեջանի վարքին, թե՞ զգուշացում, որ Մոսկվան Ադրբեջանից սպասում է այդպիսի վարք։

– ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արել է ոչ ամենահաջող, տրամաբանորեն հակասական արտահայտությունը։ Խոսքի անուղղակի նպատակը՝ Բաքվին ցույց տալ, որ էսկալացիան Ռուսաստանի շահերից չի բխում, հասկանալի է։ Ուղղակիորեն՝ արևելյան դիվանագիտության չափորոշիչների համաձայն, նա որոշել էր գովաբանել Ադրբեջանին, իբրև թե Բաքուն միշտ էլ խուսափել է ուժային լուծումից, այսինքն՝ հաշվի է առնում ռուսական շահերը։ Բնականաբար, պարոն Վոլոդինը չի կարող չիմանալ, որ դա բոլորովին այդպես չէ, և հակառակն ապացուցող փաստերը շատ-շատ են, բայց ռուսական ասացվածքի համաձայն՝ «бодливой корове Бог рогов не дал», ինչը նշանակում է՝ վնասելու ցանկություն ունեցողը չունի դրա հնարավորությունը։ Մենք պետք է ոչ թե բառերի վրա սևեռվենք, այլ՝ իմաստի։ Տվյալ դեպքում արևելյան քաղցրավենիքով շղարշված իմաստն այն է, որ կոչ է արվում հրաժարվել ռազմական մտադրություններից։ Միաժամանակ, զարմանալի չէ, որ Ալիևը Վոլոդինին չի լսել։

Բանակցային առումով դիտարկելիս՝ Ադրբեջանը շփման գծում զինուժի կուտակումներով փորձում է հաղորդակցության դաշտ բերել բանակցություններին այլընտրանքի իր ջանքերը: Այսինքն՝ նրանք ուղիղ ասում են, որ պատրաստ են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ամենևին պարտադիր չէ դրան պատասխանել նույն համաչափությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ արձագանքեց այդ իրադրությանը բանավոր կերպով։ Սակայն պատասխանը պետք է լինի ոչ միայն բանավոր։ Ես զինվորական գործի մասնագետ չեմ և չեմ կարող ասել, թե հստակ ինչ ռազմական պատասխան պետք է տա հայկական կողմը, բայց ես վստահ եմ, որ առանց կոպիտ հանգամանքներին՝ պայմաններին նուրբ ռազմական ակնարկի՝ Ադրբեջանը շարունակելու է «հյուծող պատերազմի» ռազմավարությունը և հոգեբանական ճնշումները։

– Արցախում և Հայաստանում ռազմաքաղաքական ստատուս-քվոյի որևէ փոփոխություն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղացողների, հատկապես՝ Ռուսաստանի վրա։

– Տարածաշրջանային անկայունությունը տարբեր պատճառներով ձեռնտու չէ «եռյակին»՝ Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին, այլ կերպ ասած՝ այս հարցով ունենք «գերտերությունների համաձայնություն»։ Ինչը, ամեն դեպքում, չի բացառում կողմերի կարճաժամկետ ռազմական գործողությունների սցենարը, ինչպես դա եղավ 2016թ. ապրիլին։ Ադրբեջանը չի հրաժարվի իր ռազմավարությունից, եթե համոզիչ կերպով չցուցադրվի ռազմական այլընտրանքի վրա խաղադրույք անելու նրա սխալականությունը։

Դա վերաբերում է նաև «եռյակին», որը պետք է լիովին գիտակցի, թե իր շահերին ինչպիսի վտանգ է ներկայացնում հերթական բլից-կրիգը, որ կարող է նախաձեռնել Ադրբեջանը։ Դա առաջին հերթին՝ վերաբերում է տարածաշրջանում ռուսական շահերին, այդ թվում՝ Իրանի հարցով սցենարների հետ համատեղ։ Նախազգուշացնող խոսքերից նրանք պետք է անցնեն արդյունավետ կանխարգելումների։ Եվ այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունը լայն դաշտ ունի ակտիվ գործողությունների համար։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին՝ հայտարարեց, որ կրակոցները սահմանին պակասել են, ընդհուպ՝ 2000-ականների մակարդակի, թեև առաջնագծում ադրբեջանական զորքերի կուտակումներ և շարժ կա։ Մինչդեռ, պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ կարծես հակառակ պատկերն է դիտարկվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տարակարծությունը։

– Եթե իսկապես կա նման տարակարծություն, ապա միակ բացատրությունը, որ ես կարող եմ առաջարկել՝ քաղաքական առաջնորդի ցանկությունն է՝ չստեղծել խուճապային տրամադրություններ, հոգեբանական պատերազմի գործոնով միավորներ չավելացնել հակառակորդին։ Հայկական ռազմական հետախուզությունը բավարար միջոցներ ունի հակառակորդի՝ ակտիվ ռազմական գործողությունների անցնելու մտադրությունը ճշգրտորեն բացահայտելու համար։ Այդ պատճառով տվյալ իրավիճակում անհրաժեշտ է վճռականություն՝ համադրված վստահ հանդարտության հետ։

– Փաշինյան-Ալիև բանակցություններ հնարավո՞ր են, թե՞ երկու կողմն էլ դրանից զերծ կմնան Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու պայմանի պատճառաբանությամբ: Ընդհանրապես՝ Ալիևն ի՞նչ կարող է սպասել Փաշինյանից:

– Եթե «բանակցություններ» ասելով՝ հասկանում ենք՝ լուծումների համատեղ փնտրտուք, ապա կողմերն այսօր շատ հեռու են նման գործընթացից։ Դրա համար պարտադիր պայման է կողմերի միջև վստահությունն ու փոխըմբռնումը, որ սեղանի շուրջ նրանք կարող են ավելի լավ ու շատ շահ ունենալ, քան կարելի է ստանալ նրանց ընկալմամբ՝ բանակցություններին այլընտրանքային լուծման դեպքում։ Նման գործընթացի ուղղությամբ շարժվելու համար կողմերը պետք է պահպանեն հաղորդակցությունը, բայց պատշաճ քաղաքական կամքի բացակայության դեպքում նրանք կարող են հանդիպել շատ տարբեր մակարդակներում՝ առանց իրական բանակցությունների սեղանի շուրջ որևէ առաջընթացի։

Դրա օրինակները շատ են՝ Քաշմիրից մինչև Կիպրոս և Քուրդիստան։ Իրական բանակցություններն անհնար են՝ առանց սեղանի շուրջ Արցախի ներկայացուցիչների։ Հենց դա պետք է ընկալի և ընդունի Ալիևը Փաշինյանի հետ շփման ժամանակ։ Ցավոք, այս փուլում Ալիևն ունակ չէ ո՛չ ընկալել, և ո՛չ էլ ընդունել այս իրողությունը։ Եվ հնարավոր չէ միայն խոսակցություններով նրան համոզել, որ ուժային լուծման կամ «հյուծող պատերազմի» վրա իր խաղադրույքը ձախողված է։ Հայաստանն ու Արցախը պետք է դա ցուցադրեն գործով՝ օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության պայմաններում տնտեսական առաջադեմ զարգացմամբ, ռազմական հզորության ավելացմամբ և ժողովրդագրական խնդիրների լուծմամբ։

– Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին ռազմական հռետորաբանություն կիրառեց, որ Հայաստանի հետ պատերազմի միայն առաջին փուլն է ավարտվել, խոսեց Նախիջևանում հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի առաջընթացի մասին: Հակառակորդը սահմանների մոտակայքում իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, պետության խորքից սահմանամերձ հատվածներ է տեղափոխել ստորաբաժանումներ, և առ այսօր դրանք դուրս չի բերել։ Այսպիսի լայնամասշտաբ մոբիլիզացիայի հայկական պատասխանը ո՞րը պետք է լինի:

– Հայաստանում իշխանափոխության մեջ ադրբեջանական կողմը հնարավորություն է տեսել ՀՀ նոր վարչապետին փորձարկելու համար, ուժի ցուցադրությամբ «բռնելու նրա թույլ կողմը»։ Անհրաժեշտ է հանդարտ կենտրոնացած գործունեություն։ Ընդ որում՝ պետք չէ ներգրավվել հռետորական փոխհրաձգության մեջ։ Գործունեության որոշ բնագավառներ պետք է ադրբեջանական կողմին հստակ ազդակներ ուղարկեն՝ տրամադրված ենք վճռական, պատրաստ ենք իրադրության ցանկացած զարգացման, հետևանքները պակաս ծանր չեն լինի Ադրբեջանի համար, որը պատերազմի «առաջին փուլի» նախաձեռնողն է։ Եթե կարճ, ապա ըստ ասացվածքի՝ շունը հաչում է, քամին՝ փչում, իսկ քարավանը՝ գնում։

– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով Ալիևին՝ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում, և մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է Բաքվին ստիպել «ավելի պատասխանատու ու խելամիտ» դառնալ։

– Միայն գիտակցումը, որ նրանք կարող են սեփական ռազմավարության արդյունքում ավելի շատ կորցնել։ Մնացյալ ամեն ինչ «խոսքեր, խոսքեր, խոսքեր» են։ Դրանք կարող են դիվանագետի շատ ճիշտ խոսքեր լինել, բայց ադրբեջանական կողմին կարելի է համոզել միայն գործով։

– Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը չի բացառել Սերժ Սարգսյանին Արցախի հարցով հատուկ բանագնաց նշանակելու հնարավորությունը։ Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասել է, թե Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ խորհրդականը, որի աշխատանքն այս կամ այն թեմայի համակողմանի վերլուծություն անելն է, իսկ պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք Ս. Սարգսյանին «հատուկ բանագնաց» նշանակելու մասին։

– Այս բանավեճում ինձ ավելի շատ դուր է գալիս Խառատյանի դիրքորոշումը։ Ես նայել եմ այդ հարցազրույցը։ Խառատյանը չէր առաջարկում հենց այդպես վարվել, նա ուղղակի չբացառեց նման հնարավորությունը։ Հայկական պետականությունը «թավշյա հեղափոխությունից» հետո չի սկսվում մաքուր էջից, այն շարունակվում է, և դա, իմիջիայլոց, պետության համար նշանակում է՝ շարունակականություն և հետևողականություն, հատկապես՝ ծայրահեղ ուղղություններով, իսկ բանակցային գործընթացը, դրա պատմությունը և մանրամասները պետք է հենց այդպես բնորոշել։

Գիտելիքների փոխանցումը շարունակականության պարտադիր պայման է, առանց որի՝ անխուսափելի են որակական կորուստները։ Եվ այստեղ էական չէ՝ խոսքը նախկին նախագահի և վարչապետի՞ մասին է, թե՞ մեկ այլ փորձառու պետական ծառայողի։ Հանուն պետության շահի՝ քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այս երկաթյա կանոնն աշխատում է բոլոր հաջողակ պետություններում։

Եթե դա պահանջում է պետական շահը, դեմոկրատները դիմում են հանրապետականների օգնությանը, և հակառակը՝ պահպանողականները՝ լեյբորիստներին, լիբերալները՝ սոցիալիստներին, և այլն։ Ես լավ հասկանում եմ, թե ինչով ավարտվեց Սահակաշվիլիի թիմի համար հրաժարումը՝ համագործակցել Շևարդնաձեի բանակցողների հետ այն պատճառաբանությամբ, որ այն ամենը, ինչ արվել է նրա օրոք, սխալ է եղել։  Բոլորովին էլ ոչ ամենը։

Այլ հարց է, թե ինչ ձևաչափով պետք է ընթանա նման համագործակցությունը, ինչ կարգավիճակով այդ պետծառայողները պետք է ներգրավվեն՝ գիտելիքի և փորձի փոխանցման համար։ Այդ հարցերում ընտրությունը կողմերինն է։ «Սերը» և «հաշտությունը» վերացական հասկացություններ չեն։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա խոսքը համընդհանուր բարօրության, պետական շահի սիրո և հանուն այդ շահի հաշտեցման մասին է, որոնք պետք է ավելի բարձր լինեն յուրաքանչյուրիս համար, քան մեր անձնականը՝ անկախ անցյալում կամ ներկայում զբաղեցրած պաշտոններից։

Տեսանյութեր

Լրահոս