«Սա կարող է ստեղծել լրագրողի նկատմամբ սպառնալիքի կամ վատ վերաբերմունքի բարենպաստ մթնոլորտ». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն իսկապես արդյունավետ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ունի կոռուպցիայի կանխարգելման պայքարի ոլորտում որոշակի լրազորություններ, քանի որ կոռուպցիան մարդու իրավունքներին ուղղված ամենաառաջին մարտահրավերներից է։

Նախաքննության մարմինները, ըստ Թաթոյանի՝ վերջին շրջանում ավելի շատ են հանրությանը տեղեկություններ տրամադրում գործերի ընթացքի վերաբերյալ. «Ես ուզում եմ կարևորել օբյեկտիվ տվյալները՝ տարածվող տեսանյութերը, մարդու ընկալման տեսանկյունից շատ ավելի հեշտ է, նաև ստեղծում է հանրային վստահության կարևոր հիմքեր այդ գործերի նկատմամբ։ Բայց նաև շատ կարևոր է նախաքննության գաղտնիքը հարգելը։ Ես նկատի ունեմ ցանկացած այլ անձի, ով կապ չունի նախաքննության հետ։ Կարևոր է իրավական ընթացակարգի պահպանումը, նաև շատ կարևոր է օբյեկտիվ ընթացակարգ ենթադրող պրոցեսների վերաբերյալ կանխակալ հայտարարություններ, դիրքորոշումներ չարտահայտելը, որոնք կարող են կանխորոշել այս կամ այն ընթացքի ելքը, որովհետև երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից դա կարելի է երբևէ վիճարկել»։

Թաթոյանը կարևորեց անմեղության կանխավարկածի խստիվ պահպանումը. «Երբ ծանոթանում ենք մեղադրանքին, մանավանդ, երբ տեսանյութեր ենք տեսնում, ակնհայտ վերաբերմունք է առաջանում այդ հանցանքի կատարման նկատմամբ, բայց օրենքի տեսանկյունից՝ մենք պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը, նաև իրավական ընթացակարգի պահանջները»։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների բողոքներին, մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ հատկապես ներկա ժամանակաշրջանում անչափ կարևոր է խոսքի ազատությունը.

Կարդացեք նաև

«Որքան հնարավոր է՝ պետք է խրախուսենք այլակարծությունը, իսկ դա կարող ենք անել միայն լրագրողի աշխատանքի շնորհիվ։ Սա երաշխիք է, որ մենք ունենանք հանդուրժողականության մթնոլորտ։ Կան լրատվամիջոցներ, որոնք ասում են, թե որևէ ճնշման չեն ենթարկվում իշխանության կողմից, բայց մեր հայտարարության մեջ ես շեշտադրել էի, որ պետական մարմինները պատշաճ ուշադրության չեն արժանացնում մամուլի նկատմամբ ճնշումները։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ակտիվ ճնշման մասին է, այլ, երբ ճնշումը կատարվում է սոցիալական ցանցերում՝ ինչ-որ խմբի կողմից, պետական մարմինները պատշաճ չեն արձագանքում։

Սա կարող է ստեղծել լրագրողի նկատմամբ սպառնալիքի կամ վատ վերաբերմունքի բարենպաստ մթնոլորտ։ Լավ է, որ իշխանությունը ցուցում չի տալիս, չի ճնշում, բայց մեր քաղաքացիների հետ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել»։

Նմանատիպ դեպքերում, ըստ նրա՝ պետական մարմինները պետք է առաջինն արձագանքեն. «Այս ժամանակահատվածում ես մի քանի հիմնարար հարց եմ ուզում առանձնացնել. խոսքի, լրագրողների ազատությունը, որ անընդհատ այլակարծություն տարածվի, մյուս կողմը հանդուրժի։ Երկրորդ՝ փաստաբանության ինստիտուտը ևս ամենակարևոր ինստիտուտներից է, որը լավագույն երաշխիքներից է իրավապաշտպան ողջ համակարգի համար։ Երրորդը դատական իշխանության անկախությունն է. ես այստեղ էլ չեմ ընդունում որևէ ուղղակի կամ անուղղակի ճնշում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս