Առճակատումը խնդրահարույց ուղղություններով կխորանա

«Թուրքիայում տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր և ինչը վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահի ձգտումն էր: Թեև շատերը սպասում էին այս արդյունքներին՝ հասկանալու համար` լինելո՞ւ է արդյոք արտահերթ նախագահական  ընտրությունների երկրորդ փուլ  Էրդողանի և Ինջենի միջև, թե ոչ, քանի որ դա առանցքային հարց կարող էր դառնալ Թուրքիայի ներկայիս պատմության մեջ, երբ իշխանությունները ԺԴԿ-ին ճանաչեին, որպես քաղաքական ուժ: Սրանից կարող էր սկսվել այլ փուլ Թուրքիայի կյանքում, կարող էր կոտրվել ավտորիտար վարչակարգը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել թուրք պատմաբան, հրապարակախոս Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հունիսի 24-ին անցկացված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Նրա խոսքով,  ականատեսը դարձանք նրան, ինչ ինքն ակնկալում էր` ամրապնդվեց այդ համակարգը, կշարունակվի ամրապնդվել, առճակատումը խնդրահարույց ուղղություններով կխորանա:

էրդողանը ստացավ վերահսկողություն բոլոր մարմինների նկատմամբ, որի նպատակով էլ նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունները:

«Արտաքին քաղաքական և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ առաջընթաց չի գրանցվելու: Առաջընթաց չէր գրանցվելու նաև այն պարագայում, եթե չհաղթեր Էրդողանը, քանի որ նրա մրցակիցներն էլ ավելի ազգայնական են, հույսեր չէր ներշնչում, որ նրանց հաղթանակը, որը բացառված էր, որևէ փոփոխություն կբերի: Քանի դեռ Թուրքիան կախված է Ադրբեջանից, որևէ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չեն կարող լինել, քանի որ ադրբեջանական թելադրանքի ազդեցությունը բավականին ուժեղ է: Այս դեպքում էական չեն, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի»,-ընդգծել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս