Ժպիտը մարդուն ավելի հիշվող է դարձնում. գիտնականներ
Մարդիկ անհամեմատ ավելի լավ են հիշում անծանոթների լուսանկարները, եթե նրանք ժպտում են կամ դրսեւորում այլ ուժեղ հույզեր: Այդ մասին բրիտանացի գիտնականները հայտարարում են British Journal of Psychology հանդեսում հրապարակված հոդվածում։ «Մարդու անձը լուսանկարով որոշելը կարեւոր դեր է խաղում մեր կյանքում, սակայն մենք գիտենք, որ մեր ուղեղը չափանզաց վատ է գլուխ հանում այդ խնդրից:
Փաստաթղթերը կեղծելը եւ ուրիշների անձնական տվյալներն օգտագործելն այսօր հսկայական բազմաշերտ խնդիր է, ուստի մեզ համար չափազանց կարեւոր է անձի ճանաչման նոր մեթոդներ գտնելը»,-պատմում է Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակցուհի Միլա Միլեւան: Մարդու արտաքինը շատ մեծ դեր է խաղում այն բանում, թե ինչպես Է զարգանում նրա կյանքը, ընդ որում այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի, այլեւ կարիերայի եւ ընդհանուր առմամբ հասարակության մեջ նրա դիրքի վրա:
Օրինակ, 2011 եւ 2013 թվականներին երկու խումբ բրիտանացի գիտնականներ բացահայտել են, որ գեղեցիկ մարդիկ միջին հաշվով ունեն ավելի բարձր IQ եւ հաճախ են տեղավորվում ավելի հեռանկարային աշխատանքի, քան սովորական եւ անհրապույր արտաքնով մարդիկ: Նման կախվածություն գոյություն ունի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, եւ բազմաթիվ մարդկանց, հատկապես թույլ սեռի ներկայացուցիչներին, ստիպում է արտաքինը փոխել պլաստիկ վիրահատությունների օգնությամբ կամ փոխել իրենց պահելաձեւը, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են իրենք ժպտում:
Օրինակ, նման մարդկանցից շատերն այն կարծքին են, որ ընդգծված, մինչեւ ականջները տպավորիչ ժպիտն ավելի շատ է զրուցակցին դեպի իրենց են տրամադրում, քան մարդու դեմքի սովորական արտահայտությունը: Միլեւան եւ համալսարանի նրա գործընկերները գտել են ժպիտի եւս մեկ հետաքրքիր հատկություն, փորձելով բացահայտել այն գործոնները, որոնք մարդուն խանգարում են նույն մարդուն ճանաչել այն լուսանկարներում, որոնք արվել են տարբեր լուսավորության պայմաններում կամ տարբեր իրավիճակներում, ինչպես նաեւ գտնել դրանց համակարգչային մշակման հետքերը:
Ուսումնասիրելով այդ խնդիրը՝ բրիտանացի գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ, աշխարհի երկրների մեծ մասի չափորոշիչներով, փաստաթղթերի, ֆոտոռոբոտների եւ «պաշտոնական» այլ թղթերի լուսանկարները մեկ ընդհանուր գիծ ունեն՝ դրանց վրա մարդկանց դեմքի արտահայտությունը չեզոք է եւ չհիշվող: Դա նրանց դրդել է ստուգել՝ ինչպես են տարբեր հույզերը, այդ թվում՝ ժպիտները, ազդում այն բանի վրա, թե որքան լավ ենք մենք մտապահում անծանոթներին եւ նրանց լուսանկարները ճանաչում հետագայում: Դրա համար հետազոտողները կազմել են 34 եւ 40 ուսանողներից բաղկացած երկու խումբ եւ նրանց խնդրել՝ համադրել իրենց անծանոթ մարդկանց լուսանկարների երկու հավաքանի:
Առաջինում ներկայացված են եղել միայն «լուրջ» դիմանկարներ, իսկ երկրորդում նույն այդ մարդիկ ժպտում են կամ որեւիցե այլ հույզ արտահայտում: Առաջին իսկ դիտարկումները ցույց են տվել, որ ժպիտներն զգալիորեն մեծացնում են մարդու ճանաչելիությունը: Երկրորդ խմբի ուսանողները միջին հաշվով 14 տոկոսով ավելի հաճախ են որոշել, որ լուսանկարներում պատկերված են նույն մարդիկ, եւ 7 տոկոսով ավելի լավ են գտել տարբերությունները նման, բայց տարբեր մարդկանց լուսանկարների միջեւ:
Եվ ահա թե ինչն է հետաքրքիր, երբ գիտնականները որոշել են «կեղծել» դիմանկարները եւ ժպիտներ են ավելացրել մի քանի «լուրջ» կամ տխուր դեմքերով լուսանկարներին, ուսանողներն սկսել են չափազանց վատ գլուխ հանել այդ խնդրից: Այդ ամենը, ինչպես կարծում է Միլեւան, վկայում է այն մասին, որ անձնագրերի եւ մյուս փաստաթղթերի համար լուսանկարներ պատրաստելու կարգը պետք է փոխել. եթե մարդիկ ժպտան այդ լուսանկարներում, նրանց անհամեմատ ավելի դյուրին կլինի հիշել եւ հեշտ կլինի գտնել նրանց փաստաթղթերի կեղծման հետքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: