Օրենքի չեղարկման դեպքում ի՞նչ կլինի կուտակային համակարգի մասնակիցների միջոցների հետ. պարզաբանում է ֆինանսների նախարարը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի 200 հազար մասնակից կա Հայաստանում.
«Բացի այդ, գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից մնացած պոտենցիալ մասնակիցները պետք է դառնան համակարգի մասնակից։ Անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել այսպիսի կարգավորում, որովհետև քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը կհասցնենք վերջնականացնել եկամտահարկի դրույքաչափերի վերանայման գործընթացը, սակայն այն դեռևս ավարտված չէ»։
Նրա խոսքով՝ 200 հազարից ավելի վարձու աշխատողների համար նոր փոփոխությամբ առաջարկվում է ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր հուլիսի 1-ից կլինեն համակարգի մասնակից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի։
«Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչու ունենք իրավիճակ, երբ կենսաթոշակն ավելի ցածր է, քան, օրինակ՝ պարենային զամբյուղի չափն է, և սա շատ տրամաբանական պահանջ է։ Սակայն դրան հասնելու լուծման ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը միակ ճանապարհն է՝ հասնելու նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին համարժեք կենսաթոշակ ստանան՝ արդեն կենսաթոշակային տարիքում»,- ընդգծեց նա։
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ այս օրենքով պետությունն ի՞նչ տիպի պետական երաշխիքներ է տալիս, որ արժեզրկումը չի սպառնա համաքաղաքացիներին։
«Մասնակից ֆոնդերի կամ կառավարիչների հավանական սնանկացման դեպքում պետությունն ի՞նչ երաշխիքներ է տալիս, ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ։ Դուք տեսնո՞ւմ եք ապագայում, որ կարող են նորից ռիսկեր լինել»,- հարցրեց պատգամավորը՝ նաև փորձելով պարզել, թե եկամտային հարկի փոփոխություն լինելո՞ւ է։
Ի պատասխան հարցադրման՝ Ջանջուղազյանն ասաց, որ գնաճի հետ կապված գործող օրենքն ունի կարգավորում, որը երաշխավորում է գնաճից ոչ ցածր եկամտաբերություն այն միջոցների համար, որոնք կուտակվում են մասնակիցների անվամբ.
«Ինչ վերաբերում է կառավարիչների սնանկացմանը, ապա կառավարիչները չունեն մոտեցման և դրանք օգտագործելու հնարավորություն, դրանք հանդիսանում են մասնակիցների սեփականությունը»։
Ինչ վերաբերում է չեղարկելու հետ կապված ռիսկերին՝ Ջանջուղազյանն ասաց, որ ոչ մի բան քարին փորագրված չէ, դա չի բացառվում. «Բայց այստեղ կարող է նաև մտահոգիչ լինել այն հարցը, որ, եթե դա տեղի ունենա, ապա ինչ կլինի այն մասնակիցների կուտակումների հետ, որոնք մասնակցության ընթացքում ունեցել են, ապա պատասխանը պարզ է՝ դա նրանց սեփականությունն է, դրանք կվերադարձվեն իրենց։ Ուղղակի այդ վերադարձը չի լինի անմիջապես և միանգամից»։
Եկամտահարկի դրույքաչափի վերանայման մասով էլ նշեց, որ այն օրակարգում է. «Փորձում ենք գտնել այնպիսի լուծում, որը լավագույնս կապահովի թե՛ մեր տնտեսական զարգացման համար անհրաժեշտ կարիքները, թե՛ մեր հանրության սոցիալական խնդիրներից բխող կարիքները»։