«Լավ կլիներ, որ նոր իշխանությունը մեզ ազատեր Ռուսաստանի կցորդ լինելու իմիջից». Գևորգ Մելիքյան
«Այս իշխանությունը ժառանգել է բավականին ծանր բեռ, դրանք խնդիրների մի ամբողջ շարք են։ Մոտ 24 խնդիր եմ ցուցակագրել, որոնք վերաբերում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Հայաստանի մասին իմիջային հարցերի բարձրաձայնմանը տարբեր ռուսական ԶԼՄ-ներում, Ադրբեջանի լոբբինգի հզորացմանը Մոսկվայում, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։
Ըստ քաղաքագետի՝ որոշակի վստահության վերականգնման խնդիր կա ռուս-հայկական հարաբերություններում. «Պետք է հստակ բացահայտենք բոլոր այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում։ Խնդիրներ միշտ եղել են, դրանց մասին խորքային քննարկումները չեն խրախուսվել։ Մենք եկել ենք մի հանգրվանի, որտեղ պարտավոր ենք բոլոր հարցերը շիտակ ձևով դնել և տեսնել, թե ինչ կա։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք հստակ պատկերացնենք, թե ինչ խնդիրների հետ գործ ունենք, տեսնենք, թե ինչ են ակնկալում ռուսները մեզնից, և իրենք հասկանան, թե ինչ ենք ակնկալում մենք իրենցից։ Մենք ունենք պայմանագրեր, որոնց կետերը միշտ չէ, որ կատարվում են, և կարծում եմ՝ նոր իշխանությունների համար կարևոր է լինելու, որպեսզի երկկողմանի պարտավորությունները հստակեցվեն, և մենք ունենանք հորիզոնական հարաբերություններ»։
Նա ընդգծեց. «Մենք ունենք ամենաբարձր հարաբերությունները ՌԴ-ի հետ, և դրանից բարձր հնարավոր չէ պատկերացնել։ Խոսքը վերաբերում է քաղաքական, իրավական կողմին, և մենք առաջ գնալու տեղ չունենք, բացի բովանդակությունը լավացնելուց»։
Գևորգ Մելիքյանի խոսքով՝ նոր իշխանությունները պետք է հասկանան, թե ինչու են Ռուսաստանից Հայաստանի կախվածություններն այդքան շահագործվել Ռուսաստանի կողմից. «Գուցե հին իշխանություններն են այդպես ներկայացրել։ Հորիզոնական հարաբերությունները հնարավոր են, որևէ խնդիր չկա։ Եթե մենք պետք է Ռուսաստանի դեմ պայքարենք, նշանակում է, որ մեր ռեսուրսները պետք է ծախսենք մեր դաշնակիցների հետ խնդիրներ պարզելու վրա»։
Մելիքյանը նկատեց՝ Հայաստանն ունի իմիջի խնդիր. «Լավ կլիներ, որ նոր իշխանությունը մեզ ազատեր Ռուսաստանի կցորդ լինելու իմիջից»։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, նա ասաց, որ բախվել ենք մի իրողության հետ, որ պետք է հասկանանք, թե ինչ է ուզում Ռուսաստանն այս հարցում. «Արդյո՞ք նա փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ տարածքների վերադարձի հարցում, արդյո՞ք տարածքների վերադարձն ինքնանպատակ է Ռուսաստանի և Ադրբեջանի համար։ Մենք այս առումով սխալվելու իրավունք չունենք, ես վստահ եմ, որ չենք էլ սխալվի»։