Ամուլսարի դեմ արշավը շարունակվում է
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը երեկ կրկին պարզաբանում էր հրապարակել, այս անգամ՝ վերջին օրերին տարածվող որոշ տեսանյութերի կապակցությամբ։
Տեսանյութերից մեկում երևում է դեռևս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է՝ որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրև թե կայուն չէ անձրևաջրերի նկատմամբ: «Լիդիան Արմենիան» պարզաբանել էր, որ Ամուլսարի ծրագիրը պոչամբար չունի: «Արտադրական ավազանը պոչամբար չէ: Այն պահելու է ոչ թե թափոններ, այլ ոսկով հագեցած արտադրական հեղուկը, և արտահոսքը բացառվում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական նպատակով»,- նշված էր ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև պարզաբանել էր, որ արտադրական ավազանը դեռևս կառուցման ընթացքում է, և գեոմեմբրանը միայն մասամբ է այն ծածկում, ինչը հստակ երևում է այդ տեսանյութում: Անձրևային եղանակի դադարից հետո ավազանն ամբողջությամբ մեմբրանով ծածկելու աշխատանքները կավարտվեն, որից հետո, բնականաբար, ամբողջությամբ ծածկված մեմբրանի տակ ջուր չի կարող կուտակվել. «Ավելին՝ հենց այն հանգամանքը, որ դեռևս կիսատ տեղադրված մեմբրանի բաց հատվածից լցված անձրևաջուրը կուտակվել է և չի ներծծվել, խոսում է այն մասին, որ մեմբրանի տակ տեղադրված շերտն այնքան ամուր է, որ կանխում է ջրի ներթափանցումը նույնիսկ մեմբրանի տակից»: Մյուս տեսանյութում փաստերն ավելի դաժան ձևով էին աղավաղվել։ Հեղինակը նկարահանել էր անձրևաջրերից վարարած Արփա գետը և պնդել, որ Ամուլսարի տարածքից այնտեղ հոսող ջրերի հետևանքով գետի հոսքից ներքև գտնվող ձկնաբուծարանում ձկներ են սատկել:
Ձկնաբուծարանի տերը՝ Լավրենտ Հակոբյանը, ընկերության հետ զրույցում հերքել էր, որ ձկնաբուծարանին վնաս է հասցվել: Ավելին, հաղորդագրությանը կից «Լիդիան Արմենիան» ներկայացրել էր նաև տեսանյութ, որտեղ երևում են ձկնաբուծարանի ավազանները: Նույն տեսանյութում երևում է նույն հատվածում Արփա գետի լիովին մաքուր հոսքը՝ այսօր:
«Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: Ծրագիրը դեռևս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների և ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են և հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես և նախագծված է»,- նշված էր ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Փաստորեն, Ամուլսարի շուրջ ընդգծված հետաքրքրությունն ամենևին չի թուլանում։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի դեմ թեժացած բողոքի ակցիաներից հետո հանքերի թեմային անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նախ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց հանքերի մասին, իսկ հաջորդ օրը՝ կառավարության նիստում, արդեն հստակ հանձնարարականներ տվեց։ Եթե կարճ ձևակերպենք, Փաշինյանի ասելիքը հետևյալն էր. ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, հանքարդյունաբերությունից հրաժարվել չի կարելի։
Սակայն, ինչ խոսք, քան թե՛ բնապահպանական, թե՛ ֆինանսական թափանցիկության առումով մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն։ Վարչապետը հանձնարարեց ստուգումներ սկսել հանքերում և ըստ այդմ որոշել՝ ինչպես վարվել առանձին հանքերի հետ։ Հունիսի սկզբին մոտ երկու տասնյակ մարդ փակեցին Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ խոչընդոտելով ընկերության աշխատանքները։ Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով չխոչընդոտել խոշոր ներդրումային ծրագրի ընթացքը։
Մի քանի օր անց ԶԼՄ-ներից մեկը գրեց, որ «Լիդիան Արմենիան» պատրաստվում է հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ Լոնդոնի արբիտրաժային դատարան։ Նշվում էր, որ ընկերությունը պահանջելում է ՀՀ իշխանություններից վճարել 2 մլրդ դոլար՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։ Ընկերությունը, բնականաբար, հերքեց այս ապատեղեկատվությունը, որի նպատակը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ բացասական տրամադրություններ ձևավորելն էր։
Հունիսի 12-ին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություն տարածեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ արձագանքելով հանքարդյունաբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին։ Նախարարությունը, անդրադառնալով Ամուլսարի ծրագրին, տեղեկացրել էր. «Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում՝ նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա: Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների՝ «Լիդիանը» համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:
Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ՝ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից:
Ներկայումս, Ամուլսարում արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել է: Կատարվել են մի քանի միլիոն խմ հողային, 9000 խմ բետոնային աշխատանքներ: 90 000 խմ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները և ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրանների տեղադրման աշխատանքները»:
Սակայն Ամուլսարի շուրջ աղմուկը չի դադարում։ Վերջին «ակցիան» վերը նշված տեսանյութերն էին, որոնց ապատեղեկատվական բնույթը հասկանալու համար մասնագետ պետք չէ լինել։ Ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված բնապահպանների ընդգծված ուշադրությունը՝ հատկապես Ամուլսարի ծրագրի նկատմամբ, որը Հայաստանում գոյություն ունեցող հանքերից շահեկանորեն առանձնանում է բնապահպանական խիստ չափանիշերով, պատասխանատվությամբ և հաշվետվողականությամբ։
Այս թեմային անդրադարձել է մի մարդ, ով լավ ծանոթ է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին, և, ինչպես ասում են՝ ներսից գիտի ամեն ինչ։ Խոսքը կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանի մասին է։ Նա «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության սեփականատերն էր, որ լուրջ վնասներ կրելով՝ տարիներ առաջ վաճառեց այն այլ ընկերության:
Կանադական Noranor կայքին տված հարցազրույցում Ջաբրայանն ասել է, որ ուսումնասիրելով այսօր ոլորտում առկա իրավիճակը՝ համոզվել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը միակն է, որ միջազգային նորմերին համապատասխան է գործում:
«Ես «Լիդիանի» հետ ոչ մի կապ չունեմ, բայց իմ անձնական դիտանկյունեն ուսումնասիրելով իրենց քայլերը՝ կկարծեմ, որ իրենք շատ ճիշտ քայլեր են առնում, կարևորը, որ շարունակեն: Այսինքն՝ եթե սկսին հանքարդյունաբերության աշխատանքները, արտադրեն և հետևողական չըլլան այս ստանդարտներին, բնականաբար շատ մեծ վնաս կհասցնեն շրջակա միջավայրին, բայց եթե պաշտպանեն դրանք, կկարծեմ, որ ոչ մեկ պրոբլեմ չենք ունենա, բայց ես կկարծեմ, որ Հայաստանի մեջ պրոբլեմներ ունենք ուրիշ հանքերու հետ կապված:
Արդյոք ինչի՞ մեր բնապահպանները այդ հանքերի հետևից չեն գնում. Ասեմ՝ դուք ի՞նչ եք արել, թալանել եք, գողացել եք, շրջակա միջավայրը վնասել եք, և կենտրոնանում են միայն օտարերկրյա ներդրողների վրա»,- ասել է կանադահայ գործարարը:
Նրա համար տարօրինակ է նաև այն, որ մտահոգությունները փարատելու համար դիմում էր միջազգային փորձագետների, հրավիրում Հայաստան՝ գնահատականներ տալու համար, և երբ Հայաստանում բնապահպաններին էին ներկայացնում արդյունքները, նրանք չէին վստահում դրանց, թե ինչու, նշում է. «Երբ այդ գնահատականը ներկայացնում էինք հանրության, բոլորը ընդունում էին, բնապահպանները ասում էին՝ սուբյեկտիվ է: Այո, ես իրենց փող եմ տալիս, որ ինձ հետ աշխատեն, բայց փող չեմ տալիս, որ իմ ուզածը գրեն, և երբ որ իր գնահատականը դրական է տալիս, պետք է ընդունելի լինի: Մեր բնապահպանները ասում են՝ սուբյեկտիվ է, որովհետև դու փող ես տվել, որ գրի: Եթե մենք այդքան հետամնաց պիտի մնանք Հայաստանի մեջ, ուրեմն պրոբլեմները կշարունակվին»:
Ջաբրայանն ընդունում է, որ հանքերի շահագործման ընթացքում ռիսկեր կան, բայց ըստ նրա՝ գոնե «Լիդիան Արմենիա» ընկերության պարագայում դրանք նվազագույնի են հասված, հետևաբար՝ ոչ թե պետք է քննադատեն, այլ մյուս ընկերություններից, որոնք մեծագույն վնասներով են գործում, պահանջեն նման գործելաոճ: «Երբ որ մենք Կապանում էինք, նույնն էլ մեզ հետ էր տեղի ունենում, ըստ երևույթին բնապահպանների ամենամեծ մտահոգությունը ամենաբարձր ստանդարտներով աշխատող հանքերն են, երևի այս մեկը կապ ունի նախ՝ օտար ներդրողների հետ, որովհետև «Լիդիանն» էլ, մեր ընկերությունն էլ եղել են ամերիկյան կամ կանադական ընկերություններ, չեն պատկանել այս կամ այն օլիգարխի, և երկրորդ՝ կկարծեմ, որ Հայաստանի մեջ, դժբախտաբար, բնապահպաններու մեծ մասը աշխատում են հ/կ-ներով և ստանում են ֆինանսավորում իրենց աշխատանքը տանելու համար»,- ասում է Ջաբրայանը:
Իսկ ովքե՞ր են ֆինանսավորում առավել ակտիվ բնապահպանական շարժումները, հայտնի չէ։ Մի անգամ էլ ենք գրել՝ փորձաքննություններ պատվիրելու, ֆիլմեր նկարելու, նյութերը սոցիալական ցանցերում և այլ տեղերում գովազդելու համար մեծ գումարներ են պետք։ Ու արդար կլինի, եթե հանքարդյունաբերական ընկերություններից թափանցիկություն պահանջող կազմակերպություններն իրենք նույնպես թափանցիկ գործեն։ Այլապես այս ամենից կեղտոտ պատվերի հոտ է գալիս, որը մթնոլորտն աղտոտում է ոչ պակաս չափով, քան պոչամբարները։