Ինչպես վերացան մոնոպոլիաներն առևտրի ոլորտում
Մսի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Համենայն դեպս, այսպես է հայտարարել ՏՄՊՊՀ բարդ հապավում-անուն ունեցող հանձնաժողովը: Հայտարարել ու ահագին լուրջ բացատրություններ է հրապարակել:
Հարգարժան կառույցը փորձում է մի կողմից՝ ցույց տալ, որ ինքն աշխատում է, մյուս կողմից՝ բացատրել, թե ինչու գների տատանում արձանագրվեց մսամթերքի շուկայում: Հանաք բան չէ` մարդիկ ամբողջ երկու օր դիտարկում են արել մայրաքաղաքի խոշոր խանութներում: Դիտարկման արդյունքում բացահայտումներ են արել, որոնցով ուզում են կիսվել հասարակության հետ: Թավշյա հեղափոխությունից հետո այս մղումն անզուսպ է դարձել բոլոր հին ու բարի հանձնաժողովների համար: Հասարակական կարծիքը հիմա շատ կարևոր է դարձել: ՏՄՄՊՊՀ տարածած տեքստում նախ բերվում են պարզ ու առերևույթ ոչինչ չասող փաստեր:
Օրինակ, պարզվում է, որ մանրածախ առևտրում խոշոր հինգ ընկերություններ («ԱլեքսՀոլդինգ», «Նոր Զովք», «ՍԱՍ գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ») զբաղեցնում են շուկայի ընդամենը 15 տոկոսը: Հետևաբար՝ նրանք չեն կարող գնագոյացման վրա էական ազդեցություն ունենալ: Որովհետև, ըստ հանձնաժողովի՝ մեր երկրի մանրածախ առևտրի ոլորտում գործում է 17 հազար 223 առևտրի օբյեկտ: Այսինքն՝ մանրածախ առևտրի ոլորտում գերակա դիրք ունենալն անհնար է: Ի սկզբանե: Հատկապես, որ ըստ գործող օրենսդրության ու նույն ՏՄՊՊՀ-ի՝ մանրածախ առևտրի որևէ խանութների ցանց-գրուպ-հոլդինգի շրջանառությունը «գերիշխող դեր ունենալու համար պետք է գերազանցի 1,5 մլրդ դրամը»:
Անցած օրերի ընթացքում բոլորն իմացան, որ խոշոր խանութներն ու ցանցերն ԱՁ գրանցելով՝ կարողանում են առևտրի շատ ավելի համեստ ծավալներ գրանցել: Այդ խանութներում առևտրի ծավալը 115 մլն դրամը չի գերազանցում, ուր մնաց՝ 1,5 մլրդ դրամը գերազանցի: Այնպես որ, մեր փառապանծ ՏՄՊՊՀ-ն հաջողությամբ ետ մղեց խանութների ցանցերի գլխին բարձրացած հասարակական կարծիքի «պատժիչ սուրը»:
Եվ այս ամենը՝ երկօրյա դիտարկման արդյունքում: Բա սույն հանձնաժողովի «դիտարկիչ» մարմինն իր լիազորությունները գերազանցելով՝ չէ՞ր ուսումնասիրելու գյուղատնտեսության ոլորտում գրանցված տեդենցները: Այդ դեպքում նրանք ստիպված էին լինելու ընդունելու, որ մսամթերքի շուկայում գների թանկացման հիմքում օբյեկտիվ պատճառներ կան:
Հիմա հետհեղափոխական խառնակ ժամանակներ են: Օբյեկտիվ գործոնները, մեղմ ասած, մոդայիկ չեն` հասարակայնորեն կարող են չընկալվել: Շատ ավելի հեշտ է խանութների ցանցին առժամանակ ստիպել վերադառնալ նախկին գներին: Ոչինչ, որ հետո գնաճի անակնկալ ցատկն ավելի բարձր է լինելու: Բայց անգամ պետական պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ անցած տարի նկատելիորեն կրճատվել է անասնագլխաքանակը երկրում: Խոսքը, բնականաբար, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի մասին է: 2017թ. ընթացքում կովերի գլխաքանակը պակասել է 10 տոկոսով: Խոզերինը` մոտ 5 տոկոսով: Ոչխարներինը` մոտ 9: Այծերինը` մոտ 20:
Այսինքն՝ արձանագրվել է գյուղկենդանիների քանակի էական նվազում: Փաստ, որը չի կարող չանդրադառնալ մսամթերքի գնագոյացման համակարգի վրա: Բայց այսօր շատ ավելի հեշտ է վարչահրամայական մեթոդներով մի քանի շաբաթով կանխել գնաճը, քան փորձել հասկանալ գնաճի պատճառներն ու գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությամբ փորձել կարգավորել այս խնդիրը: Հատկապես, որ 2017թ. գյուղկենդանիների գլխաքանակի նվազմանը զուգընթաց, աճել են այդ կենդանիների, մսի, ու մսամթերքի արտահանման ծավալները: Ոլորտում այնքան լուրջ իրավիճակ էր ձևավորվել, որ երեք ամիս առաջ կառավարությունը հատուկ նիստ գումարեց խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար:
Դա դեռ նախկին կառավարությունն էր, որ քննեց-քննեց ու հայտարարեց, որ լուծում գտել է: Լուծումին նույնիսկ հատուկ անուն տրվեց` ոլորտի «զարգացման ծրագիր»: Բայց դա հիմա ո՞վ է հիշում:
Կարևորն այն է, որ ՏՄՊՊՀ-ն նշում է, որ հինգ խոշոր, կամ, որ ավելի ճիշտ է, «առաջատար սուպերմարկետներին պատկանող առևտրային օբյեկտների ընդհանուր քանակը 82 է»: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդամենը 82 ցանցային խանութ՝ ազատ գործող 17 հազար 223 խանութի դիմաց: Այդ մասին մեկ-երկու ամիս առաջ հարգարժան ՏՄՊՊՀ-ում հավանաբար չգիտեին: Այլապես մոնոպոլիզացված տնտեսության դեմ խոսողներին ի ցույց կդնեին՝ որպես հակափաստարկ: Իսկ հիմա իրադրություն է փոխվել, ու հարկավոր է ապացուցել, որ տնտեսական կյանքում ու հատկապես մանրածախ առևտրի ոլորտում մոնոպոլիաներ չկան: Փոխարենը՝ կա ազատ, արդար, ազնիվ մրցակցություն: