Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից առաջ փոխվել է զինվորական ղեկավարությունը

Հյուսիսային Կորեայում վերադասավորումներ են տեղի ունեցել բարձրագույն զինվորական ղեկավարության կազմում, իրենց պաշտոնները թողել են բոլոր երեք հիմնական զորահրամանատարները: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գուրծակալությունը՝ հղում անելով հետախուզության աղբյուրների: Այսպես, փոխարինվել է ԿԺԴՀ-ի ժողովրդական զինված ուժերի նախարարը. ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Պակ Յոն Սիկը, այժմ՝ նախարարի նախկին տեղակալ Նո Գվան Չհոլը:

Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Լի Մյոն Սուն նույնպես թողել է իր պաշտոնը, նրա փոխարեն նշանակվել է նրա տեղակալ Լի Յոն Գիլը: Երկրի զինվորական հրամանատարության՝ պաշտոնը թողած երրորդ անդամը դարձել է Կորեական ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության տնօրեն Կիմ Չոն Գակը: Նրան փոխարինել է Կիմ Սու Գիլը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Կորեայի աշխատանքային կուսակցության Փհենյանի կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Հյուսիսային Կորեան, հավանաբար, նոր դեմքեր է ներգրավել միջկորեական հարաբերություններում եւ Կորեական թերակղզու իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին, քանի որ նրանց նախորդները բավականաչափ ճկուն չէին իրենց դատողություններում»,-պատմել է աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ մասնավորապես, Նո Գվան Չհոլին նկարագրում են որպես «չափավոր հայացքների տեր մարդու»:

Այս փոփոխությունները կարող են ուղղված լինել «զինվորականներին զսպելուն», քանի որ զինված ուժերի անդամները կարող են դեմ հանդես գալ միջուկազերծման շուրջ գործարքին, որը Կիմ Չեն Ընը կարող է կնքել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում, գրում է «Ռյոնհապ»-ը:

Նաեւ խոսքը կարող Է վերաբերյալ պարզապես սերնդափոխմանը զինվորական ղեկավարությունում, հայտարարել է գործակալության աղբյուրներից մեկը: Անցած շաբաթ նախագահ Թրամփը հավաստել է հունիսի 12-ին Սինգապուրում Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս