Մանվել Գրիգորյանի հայտարարությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով:
Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին:
Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նագոռնի Կառաբախը, ողջ աշխարհը առիթ ունեցել է համոզվելու արցախցու վճռականության, արիության, ազատասիրության մեջ:
Արցախցի մեր եղբայրներ եւ քույրեր, վերհիշենք, որ 1988-ին միասնական էինք: Երբ արցախցին իր իրավունքների համար պայքարի ելավ, չկային խավեր, կաստաներ, կար միասնական, ազատատենչ ժողովուրդ: Արցախցին ապացուցել է աշխարհին, որ 150 000 բնակչությամբ կարող է կանգնել տասը միլիոնանոց Ադրբեջանի նվաճողական ծրագրերի դեմ, որ կարող է իրեն պատերազմ պարտադրող թուրք ազերուն հրադադար պարտադրել: Արցախն աշխարհին 2016-ի ապրիլյանի ժամանակ էլ ապացուցեց, որ տեր է իր օջախին, իր բնօրրանին, իր ինքնիշխանությանը:
Ինչ որ ունի Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ազգը, ձերն է, սիրելի արցախցիներ, եւ Արցախն էլ ողջ հայությանն է` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությանը, Արցախը հայ ազգի հպարտությունն է: Միշտ հպարտացել ենք Արցախի հերոսական մայրերով, ովքեր շարունակաբար զորություն, էներգիա են փոխանցել հայ ազգին: Հարգելի արցախցիներ, մենք վստահ ենք, որ դուք բարձր կպահեք եռամիասնության պատիվը:
Մենք վստահել եւ վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արցախի բոլոր իշխանություններն էլ` սկսած Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ուժայինների պատասխանատուները` Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան, Արշավիր Ղարամյան, Կամո Աղաջանյան, Լեւոն Մնացականյան, անմնացորդ ծառայել են Արցախին եւ բարձր են պահել Արցախի ու հայ ազգի պատիվը: Արցախի իշխանությունները կարողացել են իրենց ժողովրդի հետ, ամբողջ հայ ազգի հետ սխրանքներ գործել, թշնամուն պատժել թե 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, թե 2016-ի ապրիլյանի:
Արցախի իշխանությունները կարողացել են հետեւողականորեն հիմնավորել, որ Արցախի Հանրապետությունն առավել կայացած, առավել ժողովրդավար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախի ժողովուրդն ու իշխանությունը կարողացել են հիմնավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, խնդիրներ են եղել, թերություններ եղել են թվարկածս բոլոր անձանց գործունեության մեջ: Եվ դա բնական է` աշխատող մարդն է, որ կարող է եւ երբեմն սխալվել: Բայց միշտ ցանկացած կարգի բանավեճ Արցախում լուծվել է հաշտության, միասնության մթնոլորռում:
Հարգելի արցախցիներ, դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ երեք սերունդների երկրապահներս ուժ եւ էներգիա ենք ստանում Արցախի սուրբ հողից, լիցքավորվում ենք արցախցու հետ շփումներից: Միշտ արցախցու կողքին են ավելի քան 28 000 պատանի երկրապահները, մոտ 13 000 երիտասարդ երկրապահները, մոտ 30 000 ավագ սերնդի երկրապահները:
Ամբողջ հայ ազգն է Արցախի կողքին: Անձամբ ես 1989 թվականից Արցախում եմ, հայրենյաց սահմանների ազատագրման եւ պաշտպանության առաքելության մեջ եմ եւ համոզվել եմ, որ Արցախը, արցախցին երբեք-երբեք մենակ չեն մնա: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք հայ ազգին: Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ: Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին, չի ուրախացնի մեր դարավոր թշնամուն:
Իսկ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի Արցախի պաշտպանը` գործակցելով պետության, բանակի, ժողովրդի հետ:
Փառք Արցախի հերոս ժողովրդին եւ Արցախի հայկական պետությանը:
Միասնություն հայ ազգին, քանզի միասնական հայությունն անպարտելի է:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ