Բաժիններ՝

Ճապոնիայի ֆիննախարարը կվերադարձնի տարեկան աշխատավարձը իր գերատեսչությունում ծագած սկանդալի պատճառով. NHK

Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն որոշում է ընդունել պետական գանձարան վերադարձնել իր մեկ տարվա աշխատավարձը ի նշան այն բանի, որ նա զղջում է իր գերատեսչությունում այն փաստաթղթերի կեղծման համար, որոնք կապված են վարչապետ Սինձո Աբեի անձնական ընկերոջ ընկերության հետ։

Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այս սկանդալային գործի կապակցությամբ ծառայողական տարբեր պատիժների կենթարկվեն եւս 20-ից ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից մի քանիսին ժամանակավորապես կհեռացնեն աշխատանքից՝ առանց աշխատավարձի վճարման: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ասոյի տարեկան աշխատավարձը կազում է գրեթե 20,9 մլն իեն՝ մոտավորապես 189,4 հազար դոլար:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայի դատախազությունն արդեն որոշել է քրեական գործ չհարուցել ծառայողական փաստաթղթերը կեղծած պաշտոնյաների նկատմամբ: Դա խիստ վրդովեցնում է ընդդիմությանը, որը մտադիր է խորհրդարանում պահանջել փոխվարչապետի հրաժարականը:

Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն ընդդիմության եւ մամուլի ճնշման ներքո մարտի 12-ին խոստովանել է, որ կեղծվել է պետական այն հողատարածքին առնչվող գործարքի վերաբերյալ խորհրդարանին ներկայացված 14 փաստաթուղթ, որը շուկայականից յոթ անգամ ցածր գնով վաճառվել է վարչապետի կնոջ ծանոթին: Փաստաթղթերից, մասնավորապես, հեռացվել էին Սինձո Աբեի ու նրա տիկնոջ՝ Իկիեի, փոխվարչապետ Ասոյի, մի շարք խոշոր քաղաքական գործիչների անունները:

Ջնջվել Էին նաեւ այդ գործարքի «բացառիկ բնույթի» եւ այդ հողատարածքի վաճառումն ակտիվորեն առաջ տանելու կառավարության ղեկավարի տիկնոջ ցուցման վերաբերյալ հիշատակումները: Սկանդալի կենտրոնում գտնվող «Մորիտոմո գակուեն» կրթական ընկերությունը մասնավոր ուսումնական հաստատությունների սեփականատեր է, հայտնի է մանկավարժական գործունեության ազգայնական թեքումով եւ վարչապետի ընտանիքի հետ ունեցած կապերով:

Տոյոնակա քաղաքում (Օսակայի պրեֆեկտուրա) այդ ֆիրման պատրաստվում էր բացել մասնավոր տարրական դպրոց, որի համար էլ առավելագույնս էժան վաճառվել էր պետական հողատարածքը, ինչը կասկածներ էր արթնացրել գործարքի օրինականության շուրջ: Վարչապետի կինը պետք է դառնար այդ ուսումնական հաստատության պատվավոր տնօրենը, բայց սկանդալի ֆոնին հրաժարվել է պաշտոնից: Այս պատմությունը հանգեցրել է կառավարության ղեկավարի հանրային աջակցության մակարդակի էական անկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս