
«Ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում որևէ բան կփոխվի, միամտություն է». ԱԳ փոխնախարար

ՀՀ-ԵՄ համաձայնագրի մոտ 80 տոկոսը հունիսի 1-ից մտնելու է ուժի մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը:
«Ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում որևէ բան կփոխվի, միամտություն է: Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի և, ես հուսով եմ, որ կամաց-կամաց ժամանակի ընթացքում այն հանձնառությունները, որ երկկողմանի վերցրել են իրենց վրա կողմերը, կյանքի կկոչվեն»,- ասաց Ա.Պապիկյանը:
Ըստ նրա` այս պահին պայմանագրերը վավերացել է 3 երկիր` Մերձբալթյան երկրները, վավերացման հարցը ՀՀ արտաքին օրակարգում է և բոլոր հանդիպումների ժամանակ խոսվում է փաստաթղթի վավերացման անհրաժեշտության մասին և կոչ է արվում գործընթացն իրականացնել, որպեսզի այն ամբողջությամբ ուժի մեջ մտնի: Նա վստահեցրեց, որ որևէ մեսիջ չունեն, որ որևէ եվրոպական երկիր խոչընդոտում է վավերացմանը:
Ա.Պապիկյանը նշեց, որ 2017-20 թթ. համար ՀՀ-ին ԵՄ-ն տրամադրելու է մոտ 176 մլն եվրո դրամաշնորհ, ՀՀ-ում իրականացվելու են ամենատարբեր բարեփոխումներ և պետք է սպասել ու տեսնել արդյունքները:
ԱԳ փոխնախարարը հույս հայտնեց, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները կնպաստեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացմանը: