Բաժիններ՝

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողության ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, փրկված մուսալեռցիների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ժան Իվ Լը Դրիանը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ դրեց Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին, այնուհետև այցելեց Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվել և մասնակցել աղբյուր-հուշարձանի հանդիսավորի հանդիսավոր բացման արարողությանը:

«Մեծ հուզմունք ապրեցի, երբ այսօր այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու համար, նույնչափ հուզմունք եմ ապրում այս արարողությունից: Ցեղասպանության հուշարձանը մեր սրտերում անդառնալի կորստի ցավ է, բայց այս հուշարձանը, որի բացումը կատարեցինք, հույսի ուղերձ է: Ֆրանսիացի նավաստիները, որոնց հիշատակը մենք մեծարում ենք, այդ օրը կյանքեր փրկեցին իրենց արարքով` ադմիրալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի գլխավորությամբ: Դա մարդասիրության մեծ ուղերձ էր համայն աշխարհին: Ֆրանսիայի կառավարությունը շատ զգացված է այս հուշարձանի բացումից»,- ասաց Ժան Իվ Լը Դրիանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` շատ խորհրդանշական է, որ Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ հանդիպումը մեկնարկում է հենց այս հուշահամալիրի տարածքում:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական են և դրանք ունեն շատ հստակ արտահայտություն: Մեր հարաբերությունները պատմական են՝ հիմնված արժեքների վրա և այդ արժեքների հիմքում դրված են մարդու արժանապատվությունը և ազատությունը: Մուսալեռցիները պայքարել են իրենց ազատության և արժանապատվության համար և գտել են իրենց փրկությունը բարեկամ Ֆրանսիայի միջոցով»,- ասաց Մնացականյանը:

Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի խոսքով` այս հուշարձանը պետք է անմահացնի սխրագործություն կատարած նավաստիների անունները:

«Մեծ է Ֆրանսիայի դերը նաև այսօրվա Հայաստանի կյանքում, ինչպես որ մեծ էր Հայաստանի առաջին հանրապետության տարիներին»,- ասաց Արիստակեսյանը՝ մեծապես կարևորելով նաև Ֆրանսիայի ներկայի աջակցությունն ու ներկայությունը Հայաստանի հասարակական-մշակութային կյանքի տարբեր ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս