Հայաստանում տրվեց Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկը
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ում մասնակցել են Starkey հիմնադրամի կողմից լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին։
Մանկական վերականգնողական կենտրոնը «Երևան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից է, որի հիմնադիրներից է նաև ՀՀ ԱԺ նախագահը:
«Դեռ անցյալ տարի շուրջ 2000 մարդ ստացավ լսողական սարքեր: Դրանից հետո մենք շարունակեցինք աշխատանքը: Ես այստեղ եմ, քանի որ ծրագրի հիմնադիրներից մեկն եմ և առաջին քայլն անելուց հետո` ստեղծվեց մի ծառայություն, որը շարունակական սպասարկում էր այդ մարդկանց, որպեսզի սարքերի խափանվելու դեպքում` վերանորոգվեն»,- նշեց Արա Բաբլոյանը:
Լրագրողների հետ զրույցում մանրամասնելով, թե ինչն է կապում բրիտանացի երգչին, իրեն և Starkey հիմնադրամը միմյանց՝ նա ընդգծեց, որ դեռ 25 տարի առաջ իր նախաձեռնած «Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը մի նպատակ է ունեցել՝ կարողանալ օգնել Հայաստանի բնակչության այն հատվածին, ում պետական ծրագրերը դեռևս չեն կարողանում տալ այն օգնությունը, ինչի կարիքը նրանք ունեն:
«Ծրագրերից մեկը հաշմանդամության կանխարգելումն է հատկապես երեխաների, բայց նաև մեծահասակների մոտ: «Արաբկիր» բժշկական համալիրն ունի խրոնիկ խնդիրներով, զարգացման տարբեր արատներով 11 հազար 800 երեխա, որից ութ հարյուրը՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաներ են: Մենք մշտական իրականացնում ենք այդ ծրագիրը, որպեսզի մի կողմից կարողանանք կանխարգելել հաշմանդամությունը, մյուս կողմից էլ պետք է կարողանանք լրացնել այն խնդիրները, ինչը կհանգեցնի հասարակությունում լիարժեք մասնակցության: Այսօր Starkey հիմնադրամի հետ միասին մենք և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին տրամադրում ենք լսողական սարքեր»,- ասաց Բաբլոյանը:
Նա նաև նշեց, որ այսօր՝ մայիսի 27-ին, սկսվեց երկրորդ փուլը, որին մասնակցեց նաև աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը: ԱԺ նախագահը շեշտեց, որ արտիստին սպասում էին դեռ անցյալ տարի մասնակցելու ծրագրին, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտի երգահանի այցը չէր կայացել:
«Բարեբախտաբար, այս տարի եկավ Հայաստան և ներկա գտնվեց երկրորդ փուլի մեկնարկին: Ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ երկրներում Starkey հիմնադրամն իրականացնում է այս ծրագիրը: Այսօր դոկտոր Բիլը (հիմնադրամի նախագահ – հեղ.) մի բան ասաց, ինչը շատ շոյեց ինձ. «Ես այս ծրագիրը շատ երկրներում եմ իրականացնում, բայց Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը, զգում եմ այն ջերմությունը, որը գուցե ոչ բոլոր տեղերում կա»: Սա կարծում եմ շատ մեծ գնահատական է»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:
Բարեգործական ակցիայի շրջանակում՝ մայիսի 27-ին, մանուկներին 100 լսողական սարք է տրամադրվել: