Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած ուխտավորների

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների, որոնց թվում էին նաև Թեքեյան մշակութային կենտրոնի «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագրակազմի անդամները՝ ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի:

Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն արտահայտեց Արգենտինայի ազգասեր և եկեղեցանվեր զավակների` Հայաստան և Արցախ կատարած այցի առիթով` ընդգծելով, որ Արգենտինայի հայ համայնքը և նրա ջերմությունը քաղցր հուշերով է հատկանշված իր հոգում: Նորին Սրբությունը նշեց, որ արգենտինահայ համայնքի մասին խոսելիս հպարտության զգացում է ապրում, որովհետև այն Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկն է և այնտեղ տիրապետող են հայկականության զգացումն ու ոգին:

Գարեգին Բ Հայրապետը ներկաներից հետաքրքրվեց Արգենտինայի ազգային կրթական հաստատությունների վիճակով` կարևոր նկատելով, որ տեղատվություն չլինի նվիրումի, ազգային ինքնության պահպանման նկատմամբ նախանձախնդրության մեջ և ամեն ջանք գործադրեն, որպեսզի հայկական դպրոցներն անխափան գործեն:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմի եկեղեցականների ծառայությանը: Ուխտավորները շնորհակալություն հայտնեցին Հայոց Հովվապետին Մայր Աթոռի կողմից պատրաստվող եկեղեցականաց նվիրյալ և կրթված սերնդի համար, որոնք իրենց ջանադիր ծառայությամբ զորացնում են հայ ինքնության գիտակցությունը, ամրապնդում սերը հայրենիքի և Սուրբ Եկեղեցու նկատմամբ:

Վերջում Նորին Վեհափառությունն իր ջերմ բարեմաղթանքներն ու սերը փոխանցեց արգենտինահայությանը` առանձնակի կերպով գնահատելով նրանց ազգային ոգին ու հավատարմությունը` Մայր Եկեղեցու հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս