Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը
Ամերիկայի հայ իրավաբանների միության և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համակազմակերպմամբ՝ մայիսի 24-25-ը Շուշիում տեղի է ունեցել Ամերիկայի հայ իրավաբանների միության 29-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Ռ. Մելիքյանը իր խոսքում կարևորել է միության որոշումը՝ իրենց տարեկան համաժողովն Արցախում անցկացնելու վերաբերյալ: Նա բարձր է գնահատել կառույցի գործունեությունն Արցախի ՄԻՊ հաստատության և քաղաքացիական հասարակության կարողությունների բարելավման գործում: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ ուղղությամբ ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Արցախում հիմնված իրավաբանական կլինիկայի և ամերիկահայ ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում մեկնարկած փորձուսուցման ծրագրերի կարևորությունը:
Անդրադառնալով Արցախի ՄԻՊ գործառույթների առանձնահատկություններին՝ Ռ. Մելիքյանը շեշտադրել է, որ իր գլխավորած հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանի սովորական գործառույթները համատեղում է այն գործառույթների հետ, որոնք առնչվում են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով առաջացող մարդու իրավունքների խախտումներին:
«Մարդու իրավունքները համընդհանուր են բոլորի համար, դրանք պակաս կամ ավելի չեն վերաբերում ոմանց: Ադրբեջանի քաղաքականությունը միտված է և՛ իրենց հասարակության ներսում հայատյացություն սերմանելուն, և՛ միջազգային հանրությունից Արցախը հնարավորինս մեկուսացնելուն: Միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանում հայատյացության քաղաքականությանը, որով այդ երկրի կառավարությունը քարոզում է իր ժողովրդին ատել և սպանել հայերին: Բազում օրինակներ կան, թե ինչպես են իշխանությունները պարգևատրել հայերի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարած զինվորականներին կամ ինչպես են օրինակելի համարում այդպիսի վարքը»,- նշել է Պաշտպանը:
ՄԻՊ Մելիքյանը հանդես է եկել առանձին զեկույցով՝ հակիրճ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և պետականակերտման գործընթացը Արցախի Հանրապետությունում: Նա շեշտադրել է, որ տարիների ընթացքում պետական ինստիտուտները զարգացում են ապրել Արցախում, ինչը բարձրացրել է նրանց արդյունավետությունը:
Ամերիկայի հայ իրավաբանների միության պատվիրակությունը, Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել ԱՀ Նախագահի, արտգործ նախարարի, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի դատավորների հետ, ինչպես նաև այցելել է Արցախի պետական համալսարան: