Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25-ին շրջայց է կատարել Մեծամորի ատոմակայանում: Նա ծանոթացել է ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբո ագրեգատը: «Պլանավորված է, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:
Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել այդ տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում:
Վերանորոգման աշխատանքներն ուղղված են 10 տարով 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը: