
The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի մասին լուսանկարչական նախագծին

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել: Նախագիծը բացահայտում է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի՝ սահմանից այն կողմ շարունակվող կյանքը։ Լուսանկարիչները փնտրում էին ծպտյալ հայերի, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են:
Ըստ պարբերականի՝ լուսանկարիչները հասել են ժամանակակից Թուրքիայի ամենախուլ գյուղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում: «Ծպտյալ հայերը, ում փնտրում էին լուսանկարիչները, 1915-ին ողջ մնացած հայերի ժառանգներն են՝ հիմնականում այն կանանց ու երեխաների, որոնց ընդունել են տեղաբնակ քուրդ, թուրք ու արաբ ընտանիքները, և որոնք դավանափոխ են եղել:
Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելությունը՝ հարևանների ճնշումների պատճառով:
Ծնողները հազվադեպ են տեղեկացրել երեխաներին իրենց ժառանգության մասին, շատերը նույնիսկ խուսափում էին հայերեն խոսելուց», – գրում է պարբերականը։
Ծպտյալ հայերից շատերը պատմել են, որ մինչև վերջերս չեն իմացել իրենց ծագման մասին: Մի տղամարդ պատմել է, որ իմացել է իր հայկական ծագման մասին՝ բացահայտելով տատի գաղտնիքը. մի անգամ նա հետևել է տատին, երբ նա ասել է, որ գնում է բույսեր հավաքելու մոտակա բլուրներից, և տեսել է, թե ինչպես է նա աղոթում հայկական եկեղեցու փլատակներում՝ իրեն անհայտ լեզվով: Այդպես նա իմացել է, որ հայ է:
Սերրա Աքչանը և Անահիտ Հայրապետյանը հանդիպել են 2006 թվականին, երբ մասնակցել են հայ և թուրք լուսանկարիչների համատեղ նախագծին և պարզել, որ դրանք շատ ընդհանուր են: Հենց այն ժամանակ կանայք հայտնաբերեցին, որ բավականին շատ ընդհանուր բան ունեն:
Լուսանկարը` Nytimes-ի