Ինչու է գալիս Դարոն Աջեմօղլուն
Հայաստանում իշխանությունները երբեք արդյունավետ և արժանի կերպով չեն օգտագործել մեր երկրում առկա տնտեսագիտական միտքը։ Նման կարծիք այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու մասին։
«Ըստ էության այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, Աջեմօղլուի հիմնական մտքերի իրականությունն է։ Իր հայտնի գրքում՝ «Ինչու են ձախողում ազգերը», ասում է՝ եկամուտների անհավասարությունն ու աղքատությունը պայմանավորված է տնտեսության ու քաղաքականության շփման գծով, ձախողումը կամ հաջողությունը պայմանավորված է տնտեսական և քաղաքական ինստիտուտների որակով։ Կարծես թե ինքն արձանագրում էր Հայաստանի՝ մինչ նոր կառավարության ձևավորման փաստերը»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ մեջբերելով նաև Հայաստանի համար Աջեմօղլուի ձևակերպումը՝ Հայաստանի խնդիրը աշխարհագրական չէ, աշխարհաքաղաքական չէ, մշակութային չէ, այլ քաղաքական է։
168.am-ի հարցին, թե Դարոն Աջեմօղլուի այցելությունն ավելի շատ իմիջային բնույթ չի՞ կրում, որ կարող է մեծացնել վստահությունը մեր երկրի հանդեպ, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն դեպքում Աջեմօղլուն համարվում է աշխարհի ամենաշատ կարդացվող 10 տնտեսագետներից մեկը և նրա այցելությունը հենց դրա համար է. «Կարևոր է շարունակությունը, թե դեղատոմսը որն է։ Եթե ինքը գալու է դրա մասին խոսի, շատ օգտակար կլինի»։
Վ.Խաչատրյանը ներկայացրեց նաև այս տարի հրապարակված Համաշխարհային բանկի 4 խորհուրդները Հայաստանին՝
1. բարեփոխումներն ամենայն հավանականությամբ հաջող կլինեն, եթե իրապես բարեփոխում լինեն, դրանք մեծ առավելություններ կտան թանկարժեք ստատուս-քվոյի պահպանան համեմատ, և ՀԲ-ն կոչ է անում ցանկացած փոփոխություն բարեփոխում չկոչել,
2. բարեփոխման նախաձեռնողները պետք է տեխնիկական ապացույցներ ունենան, որ ապագաղափարականացված և անկողմնակալ կլինեն, էլիտաները պետք է ցույց տան բնակչությանը, թե որքան անօգուտ է ստատուս-քվոն, և ինչ դրական փոփոխություններ կբերեն բարեփոխումները, այս հարցում կարող են օգնել անկախ վերլուծական, հետազոտական կենտրոնները,
3. եթե այս 2 կետերը պահպանվում են, բարեփոխումների խոչընդոտ է դառնում վնասը, որը հասցվում է որոշակի խմբերի։ Իշխանությունը պետք է նրանց խոստանա կիսվել բարեփոխումների դրական արդյունքներով, որպեսզի նրանք չխանգարեն, սակայն փոխհատուցումը կարող է շատ մեծ լինել և հնարավոր չլինի իրականացնել դա։ Այդ դեպքում պարտվող խմբերը կարող են փորձել համոզել քաղաքացիներին, որ փոփոխությունները նրանց շահից էլ չեն բխում, կամ էլ գիտակցաբար այնպիսի տնտեսական քաղաքականություն վարեն, որ հասարակությանը վնաս հասցնի։ Այդ պատճառով պետությունը պետք է կենտրոնանա նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա, որ թուլացնի դժգոհ լոբբիստների ազդեցությունը,
4. երբ բարեփոխումներին խանգարում են պոպուլիստական պահանջները կամ էլ պարտվող խմբերի տարածած սխալ տեղեկությունները, այդ դեպքում քաղաքական գործիչները պետք է փոփոխությունների անհրաժեշտության որակյալ ապացույցներ ներկայացնեն։
«Սա այսօրվա գործող կառավարության մարտավարությունը կամ ռազմավարությունը պետք է լինի, որովհետև իրականում այդպես էլ լինելու է, երբ փոփոխությունները կատարվեն, միշտ դիմադրող լինելու է»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ կարևորելով քաղաքական կամքը՝ բարեփոխումներն իրենց նպատակներին հասցնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում