ԱՀԿ-ն բարձրացրել է Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսով հիվանդանալու վտանգի մակարդակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) ախտահարվելու վտանգի մակարդակը «բարձրից» բարձրացրել է մինչեւ «շատ բարձր»: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ մայիսի 17-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ ԿԴՀ-ում ԷՎՊՀ-ի առաջին հաստատված դեպքը գրանցվել է քաղաքային տեղանքում, ինչը կարող է սպառնալ հիվանդության հետագա տարածմամբ: Իրադարձությունների նման զարգացումն անհանգստություն է առաջացնում, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Սակայն, նրա խոսքով, այժմ առողջապահական մարմիններն «առաջվանից ավելի շատ միջոցներ ունեն Էբոլայի դեմ պայքարելու համար»: Ներկա դրությամբ ԿԴՀ-ից հաղորդումներ են ստացվել ԷՎՊՀ-ի ավելի քան 40 դեպքի վերաբերյալ:
Սա ԷՎՀՊ-ի արդեն իններորդ բռնկումն է ԿԴՀ-ում 1976 թվականին երկրում վիրուսի հայտնաբերման ժամանակներից ի վեր: Նախորդ բռնկումը տեղի է ունեցել 2017 թվականին. այդ ժամանակ վիրուսից մահացավ ութ մարդ: ԷՎՊՀ-ն արդիականության առավել վտանգավոր հիվանդություններից մեկն է, այն առաջացնում է սաստիկ դող եւ բարձր ջերմություն, ջղաձգություն, սրտխառնոց եւ փսխում, արնահոսություն, այդ թվում՝ ներքին, դեպքերի 60-90 տոկոսն ավարտվում է մահով:
1976 թվականին ԿԴՀ-ում (այն ժամանակ՝ Զայիր) Էբոլա վիրուսի հայտնաբերումից հետո դրա բռնկումներ են գրանցվել Սուդանում, Գաբոնում, Կոնգոյի Հանրապետությունում, Անգոլայում եւ Կոտ-դ՛Իվուարում: Արեւմտյան Աֆրիկայում ԷՎՀՊ-ի համաճարակի հետեւանքով 2014-2016 թվականին վարակվել է ավելի քան 28,6 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 11,3 հազարը. զոհերի մեծամասնությունը բաժին է ընկել երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա-Լեոնեին եւ Լիբերիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: