«Չի կարող ԱԺ-ն վերաֆորմատավորվել, իսկ մարզպետներն ու քաղաքապետները՝ մնան Հանրապետական»
Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մտադրություն չկա տապալելու կառավարության ծրագիրը, իսկ արտահերթ ընտրությունների անցկացման համար կան այլ հնարավորություններ։ Ինչպե՞ս է դա հնարավոր, և ի՞նչ ժամկետներում պետք է կայանան արտահերթ ընտրությունները։
– Այո, ամեն դեպքում կարող են Սահմանադրության կամ օրենքների մեջ գտնել կետեր և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրա համար պետք է իրավաբան լինել և կարդալ համապատասխան օրենքները։ Դա խնդիր չէ։
Խնդիրն այն է, թե ինչ քաղաքականություն կվարի կառավարությունն այս կարճաժամկետ ընթացքում, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունները կլինեն հուլիսի՞ն, թե՞ աշնանը, օրինակ՝ հոկտեմբերին։ Դրանից հետո մի քիչ անտրամաբանական կդառնա արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եթե անգամ ընտրությունները լինեն մյուս տարի գարնանը, ապա քաղաքական դաշտում շատ փոփոխություններ կարող են լինել։
Բայց հուլիս և հոկտեմբեր ամիսներին ընտրությունները կարող են տեղի ունենալ։ Եթե վարչապետն իր թիմով կարողանա մի քանի արմատական փոփոխություններ կատարել այս 2 ամսվա ընթացքում, ապա տրամաբանական կլինի հուլիսին անցկացնել ընտրությունները, իսկ եթե ինչ-ինչ հարցեր չհասցնեն լուծել, տրամաբանական ժամկետ կլինի հոկտեմբերը։
Այս կարճաժամկետ ընթացքում վարչապետը բավականին շատ գործ ունի անելու, մասնավորապես՝ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որի համար հարկավոր են նաև հանրապետականների ձայները, որովհետև դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն։ Պետք է փոխել «Կուսակցությունների մասին» օրենքը։ Երկրորդ ուղղությունը՝ պետք է ամբողջովին փոխել ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այլև դրան ենթակա բոլոր ընտրական հանձնաժողովների կազմերը։ Երրորդ՝ պետք է վերաֆորմատավորել հեռուստաընկերությունների դաշտը, հատկապես՝ փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, որպեսզի օբյեկտիվորեն ներկայացվի ողջ գործընթացը։
Նաև կուսակցությունները պետք է գործողությունների որոշակի ռազմավարություն մշակեն ընտրությունների հետ կապված, պետք է որոշել՝ վարչապետը «Ելք» դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին, թույլատրվելո՞ւ է դաշինքներով մասնակցել ընտրությունների, թե՞ նախընտրական գործընթացում արգելվելու են դաշինքները, ինչպես անում են մի շարք երկրներ։
Քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ընտրական գործընթացին, որն այս պահի դրությամբ տեսանելի է։ Պետք է նաև տնտեսական բարեփոխումներ արվեն, որպեսզի ցույց տան, որ այս հեղափոխությունը բավականին դրական դեր է կատարում։ Եվ Նիկոլ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է որոշակի հարաբերություններ ունենա Հանրապետականի հետ, այսինքն՝ ՀՀԿ-ի վարչական ռեսուրսը պետք է չեզոքացվի, որովհետև նրանք խանգարելու են վարչապետին։ Այսինքն՝ մի քանի գործողություններ պետք է իրականացվեն։
– Վարչական ռեսուրսի հետ կապված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարական տալ, շարժման առաջնորդներն ու ՔՊ-ն էլ կարծես չեն խոսում այդ մասին։ Բարձրացվել է մարզպետների հրաժարականի հարցը, սակայն դեռևս շարժ չկա այդտեղ։
– Երբ ասում ենք՝ վարչական ռեսուրս, դա միանշանակ է, որ կառավարությունում որոշ նախարարներ պետք է հեռանային, ինչն արդեն տեղի է ունեցել։ Դա արտաքին գործերի նախարարն էր, որը պարտադիր պետք է հեռանար, որովհետև Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի ոչ ինքնուրույն արտաքին քաղաքականության խորհրդանիշ է հանդիսանում։
Երկրորդը պաշտպանության նախարարն էր, որն անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորում էր ՀՀԿ-ի ցուցակը և խորհրդանիշն էր։
Երրորդն արդարադատության նախարարն էր, որը նախկին քրեաօլիգարխիկ համակարգին տալիս էր իրավական վիզան, և բնական է, որ նա պետք է հեռանար։
Չորրորդը սփյուռքի նախարարն էր, որը բրեժնևյան ժամանակաշրջանից գալիս էր և խորհրդանիշ էր սեփական տեսակետներն անընդհատ՝ ըստ օրվա իշխանության, փոխելու։ Բնականաբար, վարչապետի կողմից կփոխվեն փոխնախարարները, այստեղ որևէ խնդիր չկա։
Միանշանակ փոխվելու են բոլոր մարզպետները, դա ՀՀԿ-ի ամենակարևոր ռեսուրսներից մեկն է, և պարտադիր բոլորը պետք է հեռանան՝ անկախ նրանից՝ հրաժարական կտա՞ն, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է Երևանի կամ այլ խոշոր համայնքների քաղաքապետներին, դա նույնպես լուրջ խնդիր է, և այս իշխանությունները պետք է հասնեն նրանց փոփոխությանը 2 ճանապարհով՝ կա՛մ ավագանու միջոցով, կա՛մ, բնականաբար, Ազգային ժողովի ընտրությունների հետ նշանակել նաև ՏԻՄ բազմաթիվ մարմինների ընտրություններ՝ այս կամ այն առիթն օգտագործելով, որովհետև քաղաքական համակարգի վերաֆորմատավորում է տեղի ունենում, և, բնականաբար, չի կարող Ազգային ժողովը վերաֆորմատավորվել, իսկ ՏԻՄ մարմինները, հատկապես՝ խոշոր համայնքները՝ Երևան, Գյումրի, Վանաձոր և այլն, մնան հանրապետական։ Նրանք բոլորն այս ընթացքում պետք է քայլ առ քայլ փոխվեն մինչև ընտրությունները։
Կա նաև դպրոցների տնօրենների խնդիրը, որը նույնպես պետք է լուծվի, որ նրանք չլինեն հանրապետականներ։ Դա կանի Կրթության և գիտության նախարարը, որն արդեն Փաշինյանի թիմակիցն է։ Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը 3 սյուն ունի՝ առաջին՝ վարչական ռեսուրսը, որ կամաց-կամաց զիջում է, երկրորդ՝ գործարարների ռեսուրսը, իսկ ՊԵԿ-ը հաստատ կանցնի վարչապետի հսկողության տակ, բացի այդ՝ նաև Ընտրական օրենսգրքով թույլ չի տրվում գործարարներին մտնել խորհրդարան և, ամենայն հավանականությամբ, դրանից կզրկվի նաև Հանրապետականը, ի դեպ, նաև «Բարգավաճ Հայաստանը», որտեղ նույնպես կան գործարարներ։
Եվ եթե կրիմինալը ևս նոր ոստիկանապետի կողմից վերցվի հսկողության տակ, ապա հաջորդ ընտրություններում Հանրապետականը 5%-ի շեմն անգամ չի հաղթահարի, կարելի է ասել, անգամ կասկածելի է՝ 1% կհաղթահարի՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ դեռևս շատ գործողություններ կան, որ վարչապետը պետք է իրականացնի մինչև արտահերթ ընտրությունները։