«Համոզված եմ, որ միջազգային հանրությունը նորմալ կընդունի դա, քանի որ հետհեղափոխական վիճակ է». Արմեն Գրիգորյան
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարները խնդիր են դնում՝ նախքան արտահերթ ընտրությունների անցկացումը փոխել Ընտրական օրենսգիրքը։ Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, միջազգային պրակտիկայում ընդունված է և Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն արվեն ընտրություններից առնվազն 1 տարի առաջ։ Արդյո՞ք ԸՕ-ում փոփոխություններից հետո արտահերթ ընտրությունները կնշանակվեն միայն 1 տարի հետո։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրականում կա նման պրակտիկա, և անհրաժեշտ է 1 տարի, որպեսզի ընտրություններ անցկացվեն։
«Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս Ընտրական օրենսգիրքը փոխելու դեպքում 1 տարի հետո անցկացնել ընտրությունները։ Բայց Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակ է, հետհեղափոխական իրավիճակ է։ Այս իրավիճակում, եթե կա ընդհանուր համաձայնություն, կոնսենսուս, կարելի է չսպասել 1 տարի»,- ասաց Ա.Գրիգորյանը։
Նա նկատեց, որ գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2016 մայիսի վերջին, իսկ խորհրդարանական ընտրությունները կայացել էին 2017 թ. ապրիլի 2-ին, այսինքն՝ այդ 1 տարի ժամկետը, ըստ էության, չի պահպանվել։
Ըստ քաղաքագետի՝ Սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ ԸՕ-ն փոխելու դեպքում։
Ա.Գրիգորյանի խոսքով՝ այժմ ԸՕ-ում մեծ փոփոխությունների խնդիր չկա, մի քանի կետ է փոխվելու, մասնավորապես՝ հանվելու է ռեյտինգային ընտրակարգը. «Այդ փոփոխությունը, մեծ հաշվով, չի ազդի ընտրական գործընթացների վրա, որովհետև ամենավատ արդյունքներից մեկը հենց դա է տվել։ Եվ համոզված եմ, որ միջազգային հանրությունը նորմալ կընդունի դա, քանի որ հետհեղափոխական վիճակ է, և նոր կառավարություն ձևավորելու խնդիրը շտապ է»։
«Մենք, օրինակ, կարող էինք պահանջել, որ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ու առաջ գնայինք՝ առանց նոր ընտրությունների, բայց մենք դա չենք ուզում։ Մենք ուզում ենք՝ ժամանակավոր կառավարություն լինի, որովհետև ցանկացած հեղափոխություն իր վերջնակետին հասնելու համար, անհրաժեշտ է, որ ունենա ազատ և արդար ընտրություններ, որպեսզի ֆիքսվի և հետագայում այլևս հեղափոխական իրավիճակներ չառաջանան»,- հավելեց Ա.Գրիգորյանը։