ՀՀԿ-ն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքի ձևաչափով. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար, սակայն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքների ձևաչափով: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձախողմանը:
«Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բանակցելու: Հանրապետության նախագահին մենք կոչ ենք արել, որ քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպվեն: Մենք բաց ենք բանակցությունների համար և ցանկացած օրակարգային հարց պատրաստ ենք քննարկել, բայց մենք ուլտիմատումների, պարտադրանքների չենք գնալու և նման ֆորմատով մենք չենք գնալու բանակցելու»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ իրավիճակը կլարվի, այս ամենը կտանի բախումների, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Եթե մտավախություն չունենայինք, ապա վաղուց գնացած կլինեինք բախումների, մեր ամբողջ նպատակն այն է, որ որևէ բախում չլինի»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ բանակցությունների երրորդ փորձը լինի, Բաղդասարյանն ասաց, որ բանակցությունները հայտարարված են, իրենք պատրաստ են, և երբ քաղաքական ուժերը կտան իրենց համաձայնությունը, իրենք կբանակցեն: