«Ով այս ամեն ինչն անտեսեց ու մի ամսից մոռացավ, նա կլինի ազգի թշնամի, ու հաջորդն իր հերթը կլինի». Ալիկ Սարգսյան
«Ընտրություն պետք է կատարվի, այդ հարցը պետք է սահմանադրական ճանապարհով լուծվի, որովհետև ամբողջ աշխարհի առաջ խայտառակվելու խնդիր կլինի, հրապարակային ընտրություն չի լինում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելով ապագա վարչապետի ընտրության մասին:
Ա. Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին՝ այդ քանակով մարդկանց փողոց դուրս գալը, իշխանության մեջ եղած մարդկանցից շատերի համար դաս էր: Հարցին՝ չէի՞ք կանխատեսում, որ նման բան կլինի՝ Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես դա վաղուց եմ կանխատեսել: Ես վաղուց զգում էի, որ երկրում մաղձ կա, արտելություն կա, նեղվածություն կա, դա վաղուց էի տեսնում»:
Հարցին՝ պատճառները որո՞նք էին, պատգամավորն այսպես պատասխանեց. «Դուք չգիտե՞ք. արտագաղթ, անարդարության մթնոլորտ, սոցիալական ծանր վիճակ և այլն»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ա. Սարգսյանը Սերժ Սարգսյանին այդ մասին ասե՞լ էր՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանին սխալ են զեկուցում, նա չի տիրապետում իրավիճակին: Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Կարող է՝ ճիշտ չեն զեկուցել՝ ժողովրդի քանակի հետ կապված, հավաքների թվի հետ կապված, գուցե ընդհանուր մթնոլորտը ճիշտ չեն ներկայացրել, բայց ամեն դեպքում Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչը չէր, որ այս ամեն ինչը չտեսներ ու չզգար»:
Դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ասում է՝ ինքն արդեն գիտի ՀՀԿ-ականների, որոնք պատրաստ են իրեն ձայն տալ, Ա. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Դե, եթե ասում է, ուրեմն՝ գիտի, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում: Այսպես թե այնպես, որ իշխանությունը կլինի, արդեն երկրում բան է փոխվել, համակարգային փոփոխությունը եղել է, ու կապ չունի՝ ով կլինի երկրի ղեկին: Ով այս ամեն ինչն անտեսեց ու մի ամսից մոռացավ, նա կլինի ազգի թշնամի, ու հաջորդն իր հերթը կլինի»: