
Թեհրանում Իրանին, ՌԴ-ին և ՉԺՀ-ին կոչ են արել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու ռազմավարություն ընդունել

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին կոչ է արել Իրանին, ՌԴ-ին եւ Չինաստանին՝ միասնական ռազմավարություն ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու համար: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
«Թեհրանը, Մոսկվան եւ Պեկինը պետք է ընդունեն Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող միջոցներին հակազդելու ընդհանուր ռազմավարություն, քանի որ այս երկրներն ԱՄՆ-ը ներառել են ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակի մեջ»,-հայտարարել է Շամխանին:
Արծարծելով ահաբեկչության դեմ պայքարի հարցերը՝ ծովակալը նշել է, որ ծայրահեղականները կորցրել են իրենց դիրքերը Իրաքում եւ Սիրիայում: Նա նաեւ հիշեցրել է Աֆղանստանի տարածքում զինյալների վերատեղաբաշխման հնարավոր ռիսկերի մասին:
«Այս համատեքստում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ համագործակցությունն անհրաժեշտ է տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը խոչընդոտելու համար»,- հավելել է Շամխանին: IRNA-ն նշում է, որ այս թեմաները քննարկվել են Շամխանիի՝ Սոչի ուղեւորության ընթացքում: Այնտեղ ապրիլի 25-26-ին ընթանում է 118 երկրների անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: