Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրի տնակները
Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:
Փաստագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.03.2018թ. N361-Ն որոշմամբ, որի համաձայն փաստագրման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:
Փաստագրումը կարգի համաձայն պետք է իրականացվի համապատասխան համայնքների կողմից՝ մինչև հոկտեմբեր ամիս, և փաստագրման արդյունքներով ակնկալվում է ունենալ ոչ հիմնական շինությունների թվի, վիճակի և տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերը:
Փաստագրումից հետո կազմված նյութերի հիման վրա կմշակվեն և սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվեն առաջարկություններ՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և փաստագրման արդյունքում ի հայտ եկած՝ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: