«ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը զգոնության կոչ էր ՀՀ իշխանությանն ու ընդդիմությանը». փորձագետ

«ԱՄՆ-ը հետաքրքրված է, որ Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակն ավարտվի առանց զոհերի և քաղաքական բարձր մշակույթի դրսևորման պայմաններում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով նախօրեին Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ ասվում էր. «Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»:

Փոլ Գոբլի խոսքով՝ որևէ մեկը չէր ակնկալում Հայաստանում նման բեկումնային ներքաղաքական զարգացումներ, թեև խնդիրների մասին խոսակցությունները շարունակվում էին երկար տարիներ: Ամերիկացի վերլուծաբանը հիշում է, որ Հայաստանում հետընտրական զարգացումներ եղել են գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո, և վերջին ամենաէական բողոքի ակցիաները եղան 2008 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի, և 2013 թվականին` Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում, դրանք բոլորը բազմամարդ հանրահավաքներ էին, սակայն չունեցան այն ուժը, որ իշխանություն փոխեին երկրում: Ստեղծված իրավիճակին, նրա խոսքով, նպաստեց նաև այն, որ Հայաստանում փոխվեց կառավարման համակարգը: Գոբլի կարծիքով՝ ներկայումս ՀՀ հրապարակներում են այն բոլոր մարդիկ, ովքեր ձախողել են նախկինում:

«Այս ամենն այսքան ուժեղ է, քանի որ ընդդիմությունը նախկինում շատ է տապալվել, այդ զանգվածի շահերը երբեք չեն արտացոլվել, հասարակության այդ հատվածը գնալով աճել է»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ամերիկացի քաղաքագետը լիահույս է, որ փոփոխությունները Հայաստանին կտանեն է՛լ ավելի բարձր քաղաքակրթության ուղղությամբ, ուստի Պետքարտուղարության հայտարարությունը զգոնության կոչ էր իշխանությանն ու ընդդիմությանը: Ըստ Գոբլի՝ կողմերը պետք է պատասխանատու քայլեր իրականացնեն՝ վերացնելով երկրում ստեղծված փխրուն իրավիճակը:

«Պետք է հասկանան, որ երկխոսություն պետք է ծավալեն, բանակցեն, իրավիճակին լուծումներ գտնեն: Եթե կողմերը հայտարարում են, որ պետք է բանակցեն, ուրեմն պետք է բանակցեն, եթե երկրում տեղի է ունենում հեղափոխություն, ուրեմն իշխանությունը պետք է հեռանա՝ ընդունելով հեղափոխականների պայմանները:

Պարզապես հենց Հայաստանում գտնվող մարդը կարող է հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը: Եթե իշխանությունը դեռ դիմադրում է, ուրեմն դեռ ամուր է, եթե ճնշումը շարունակվի, գուցեև իշխանությունը չդիմանա, կամ դիմանա և ստիպված լինի բանակցել, եթե ընդդիմությունը դրան համաձայնի: Դժվար իրավիճակ է»,- նման տեսակետ հայտնեց Գոբլը:

Նրա կարծիքով, Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը Հայաստանում ստեղծված իրավիճակը ճանաչում և ընկալում է՝ որպես հեղափոխության կայացած փաստ, քանի որ տեղեկացնում է, որ ակնկալում է սերտ համագործակցություն ՀՀ նոր կառավարության հետ: «Բայց իրավիճակը փոխվում է ժամառժամ, դժվար է կանխատեսումներ անել: Հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս անցնցում կլինի հայ ժողովրդի համար»,- ասաց Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս