«Ես յուրաքանչյուր վայրկյան աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, թե այս օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին դպրոցականների և, հատկապես, մանկահասակ երեխաների ներրգրավումը կարմիր գիծ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ դրպոցահասակ երեխաների ներգրավումը բացարձակ պետք է տարբերակել ուսանողներից։
«Ես հենց դպրոցական տարիքը նկատի ունեմ, անչափահասներին նկատի ունեմ և մանկահասակ երեխաներին նկատի ունեմ և դրա մեջ տեսնում եմ 2-3 մակարդակի խնդիր։ Առաջինը՝ զուտ ֆիզիկական անվտանգության խնդիրն է։
Նայեք, այս ակցիաները, ցույցերն անցնում են փողոցների երթևեկելի մասով, հաճախ մեքենաների բռնի արգելափակմամբ, տեղաշարժը խանգարելով և այլն։ Ես յուրաքանչյուր վայրկյան ուղղակի մտքում նաև աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի, որովհետև դա, ցավոք սրտի, հնարավոր վիճակ է նման լարվածության մեջ։
Ես կարծում եմ, որ դա առաջին մակարդակն է, և ծնողը, որ իր երեխային բերում է դպրոց, իրավունք ունի ակնկալել նույն դպրոցից ստանալ դասերի ավարտին երեխային և տանել տուն, բացարձակ պարտավոր չի քաղաքով ընկել ու ման գալ, թե երեխան որտեղ է հայտնվել։
Երկրորդ մակարդակը գաղափարական, բարոյական մակարդակն է, որովհետև այս օրերին շատ ենք տեսնում, որ երեխաներին կանգնացնում են տեսախցիկի առջև և շատ ոգևորութամբ ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի այս կամ այն առաջնորդի ու, ենթադրենք, Մոնթե Մելքոնյանի միջև, թեև ո՛չ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ո՛չ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին։
Երբ ինքը ոստիկանին կոչերով դիմում է, պարբերաբար խաղարկելով ոստիկան, միլիցա եզրույթները, որը մի քիչ տարօրինակ է, ինքը դա պետք է իմանա՞, թե՞ իրեն դա անգիր սովորացրել են։ Հիշում եք, տենց վատ պրակտիկա կա հայկական որոշ շրջանակերում, որ մեկի ձեռները բռնում են, ասում են, բալիկ ջան, դե, հազար ներողություն, քֆուր տուր։ Մոտավորապես նույն մակարդակից ա ու դա պատիվ չի բերում ոչ մեկին։
Ես կարծում եմ, որ երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ ա, դա անթույլատրելի ա»,- ասաց Վ.Սարգսյանը։
Նա նշեց, որ մտահոգված չէ, թե ինչ է կատարվելու, երբ բանակ զորակոչվեն մարդիկ, որոնք մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումների, որովհետև դա էլ քաղաքացիական դաստիարակության մաս է, այլ հարց է, թե դրա դիմաց ինչ գին է վճարվում։
Նրա խոսքով՝ բանակ ոչ թե պետք է գա չկայացած մարդ ու բանակում կայանա, այլ բանակը պետք է նաև միջոց լինի լրացուցիչ հնարավորություններ տալու կոփվելու կրթության, ֆիզիկական պատրաստվածության, ամենատարբեր ուղղություններով.
«Չի կարելի ծածկվել նրանով, որ բանակը հասարակաության հայելին է ու ինչ խնդիր կա հասարակությունում, պետք է լինի նաև բանակում։ Բանակն ունի հրամանատարներ, բանակն ունի ընթացակարգեր և բանակը պետք է մեկ քայլ առաջ լինի և լինի ոչ թե հայելին, այլ իրոք դպրոցն ու դարբնոցը հասարակության»։