«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ». «Ազատ Դեմոկրատներ»

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:

Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ փակուղի չմտցնել բանակցությունների հնարավորությունը, որի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, առանց բռնության և բացառապես քաղաքական ճանապարհով:

Մենք արձանագրում ենք, որ վերջին օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ընթացող բողոքի ակցիաները, հավաքները և երթերը բացառապես խաղաղ բնույթ են կրել: Իսկ խաղաղ անհնազանդության ակցիաները  ժողովրդավարության հիմնական նորմերից բխող գործընթաց է, որին դեմ գնալու և բռնի ուժով կանխելու փորձերը սպանում են քաղաքացու հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, խարխլում ներքի համերաշխությունը՝ հարված հասցնելով ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործընթացին և ՀՀ միջազգային հեղինակությանը։

Ազատ դեմոկրատներ կուսակցություն

22 ապրիլի, 2018թ.

ք. Երևան

Տեսանյութեր

Լրահոս