Որո՞նք են լինելու շարժման հետագա քայլերը՝ առանց ղեկավարության. Ներկայացնում է Ալեն Սիմոնյանը

Քիչ առաջ Ալեն Սիմոնյանը Շենգավիթ վարչական շրջանում հայտարարեց, որ քիչ հետո իրենք քայլերթով գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է տեղի ունենալու:

Նա կոչ արեց ժողովրդին՝ ոստիկաններից հեռու մնան: Ա. Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունները ցայտնոտի մեջ են, իրենք չգիտեն՝ ինչպես կարելի է առանց փող բաժանելու՝ 10 հազարավոր մարդկանց փողոց հանել:

«Այստեղ են գտնվում ԱԺ պատագամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Մենք հիմա նախ կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին՝ բոլոր քաղաքներում, փողոցներում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները: Կրկնում եմ՝ ոչ մի շփում ոստիկանության հետ, բաց ձեռների քաղաքականությունը հաղթել է մի ամբողջ համակարգի: Ժամը 7-ին դուրս եկեք տներից, լայֆերից ու եկեք հրապարակ: Մենք իզուր չենք պայքարել: Հիմա մենք այստեղ կսպասենք որոշ ժամանակ, կոչ կանենք, որ մեր հայրենակիցները մոտենան, ու քիչ անց կշարժվենք ՀՀ հրապարակ, ուր ժամը 7-ին տեղի է ունենալու հանրահավաք»,- հայտարարեց Ա. Սիմոնյանը:

Այնուհետև, լրագրողների հետ զրույցում Ա. Սիմոնյանը նկատեց, որ, թեև ձերբակալված է շարժման ղեկավար կազմը, բայց շարժումը շարունակում է ինքնաբուխ: Նա վստահ է, որ պատգամավորներին ձերբակալելով՝ իշխանությունները ոչ մի խնդիր չեն լուծելու: Ըստ նրա՝ ոստիկանները պարտավոր են ազատ արձակել ԱԺ պատգամավորներին:

Հարցին, թե որտե՞ղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Էրեբունու կապեզեում: Ես միակ տեղեկությունը, որ ունեմ, դա իր ֆեյսբուքյան էջի գրառումն է»: Նա կարծում է՝ Ն. Փաշինյանն իր գտնվելու վայրի մասին չի գրում, որ տասնյակ-հազարավոր մարդիկ չգան այնտեղ ու սադրանքների չենթարկվեն:

«ԱԺ երրորդ խմբակցության ղեկավարին գողացել են փողոցից»,- հայտարարեց Ա. Սիմոնյանը: Նա վստահեցնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մի քանի անգամ ճշտվել է հանդիպման օրակարգը, սակայն իշխանությունները գնացին այս ճանապարհով:

Հարցին՝ այս պայմաններում, երբ ղեկավար կազմը ձերբակալված է, ինչպե՞ս է ընթանալու ամեն ինչ՝ Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Համենայն դեպս, հիմա ունենք փաստ, որ իրոք ձերբակալված է ղեկավար կազմը, և այս ամենը շարունակվում է: Պետք է մաքսիմալ արագ ժամկետներում բաց թողնեն ԱԺ պատգամավորներին, որովհետև, անկեղծ եմ ասում, ես վստահ չեմ, որ կկարողանամ ամեն ինչ հասցնել»:

Դիտարկմանը, թե Սահմանադրության համաձայն՝ նրանց չեն կարող կալանավորել առանց ԱԺ-ի հավանության՝ Ա. Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է երրորդ ժամկետին գնացող անձնավորությունն իրեն թույլ տալու ձերբակալելու ԱԺ երրորդ խմբակցության ղեկավարին և մի քանի պատգամավորների: Մենք կգնանք դիկտատուրայի նման երկրի ճանապարհով: ՀՀ-ն Ադրբեջան չէ, Բելառուս չէ: Լավ, ասենք՝ Նիկոլին ձերբակալեցին, ինձ տարան, բա էս ժողովրդին ի՞նչ են անելու, սա ժողովրդական շարժում է»:

Հարցին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպիսի անակնկալի եկավ, նա չգիտե՞ր՝ ինչի համար էր եկել «Մարիոթ» հյուրանոց, Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Նպատակը դիմացինին վարկաբեկելն էր, որ ցուցադրեն, թե ընդդիմությունը, ժողովուրդը չի գնում որևէ բանակցության, այնինչ մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների նշած հինգ կետերով: Դա գուցե նաև արվեց նրա համար, որ միջազգային հանրությանը ցույց տրվի, որ՝ իբր «ես փորձեցի մի բան անել», բայց կարող եմ վստահ ասել, որ չստացվեց»:

Տեսանյութեր

Լրահոս