Թոշակի, աշխատավարձերի և եկամտային հարկի մասին. Ինչո՞ւ հենց հիմա
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձավ որոշ տնտեսական ցուցանիշների՝ պարզաբանելով ավելի վաղ Ազգային ժողովում հնչեցրած իր մտքերը ՀՆԱ-ի աճի և ավանդների մասին:
Սակայն ամենակարևոր նորությունները, որ հնչեցին վարչապետի շուրթերից, վերաբերում էին մարդկանց եկամուտներին՝ աշխատավարձերին, թոշակներին և եկամտային հարկին։
«Արդեն կառավարությունը ծրագրել է, և կարծում եմ՝ մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի: Այդ բոլոր հնարավորությունները տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչու է վերանայվում եկամտային հարկը, ինչու է դա արվում հիմա, և ինչու է հիմա՛ հայտարարվում, որ նվազագույն աշխատավարձն ու թոշակները բարձրացվելու են։
Նախ, նշենք, որ նվազագույն աշխատավարձն ու թոշակները 2019 թվականից բարձրացնելու հնարավորության մասին կարելի էր վաղուց գլխի ընկնել, քանի որ կառավարությունն այդ մասին անուղղակիորեն հայտարարել էր դեռ անցյալ տարվա վերջին։ 2017 թվականի դեկտեմբերին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը
«168 Ժամի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե բնակչությունը ե՞րբ կսկսի զգալ տնտեսական աճի ազդեցությունը, ասաց. «Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ»։
Իսկ, օրինակ, մոտ կես միլիոն թոշակառուներն այդ աճի ազդեցությունը զգալու միայն մեկ եղանակ ունեն՝ թոշակի չափը։ Բացի այդ, կառավարությունը հայտարարում է, որ պետբյուջեն խնդիր չունի. հարկերը ոչ միայն հավաքագրվում են, այլ՝ գերակատարվում։ Այսինքն՝ տնտեսական աճի և ստվերի կրճատման հաշվին պետբյուջե ավելի շատ հարկեր են մտնում, ինչը թույլ է տալիս վերանայել աշխատավարձերն ու թոշակները։
Կարելի է ասել, որ եկամտային հարկի դրույքաչափի վերանայումը նույնպես մասամբ պայմանավորված է հարկերի նորմալ հավաքագրմամբ։ Կառավարությունը տարբեր առիթներով անուղղակիորեն խոստովանել է, որ Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ (այդ թվում՝ ակցիզային հարկի բարձրացում, եկամտային հարկի ավելացում՝ 280 հազար դրամից ավելի ստացողների համար, շահաբաժինների հարկում, ՓՄՁ շեմի վերանայում և այլն) ընդունվել են միջազգային ֆինանսական կառույցների անուղղակի ճնշման տակ։ Ու նաև ակնարկում էին, որ իրադարձությունների բարենապաստ զարգացման դեպքում (հարկերի նորմալ հավաքագրում) չի բացառվում, որ Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ վերանայվեն։
Իսկ ինչո՞ւ է եկամտային հարկի վերանայման մասին խոսվում հենց հիմա։
Պարզ է, որ կառավարությունը կասի՝ այդտեղ որևէ թաքնված պատճառ չկա. հիմա են համոզվել, որ եկամտային հարկը նվազեցնելու ռեսուրս կա, հիմա են անում։ Բացի այդ, բնական է, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում իր առաջին հարցազրույցում պետք է անդրադառնար նման կարևոր թեմաների։
Ընդդիմությունը սա կարող է պայմանավորել այս օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող բողոքի ակցիաներով։ Այսինքն՝ այս քայլով իշխանությունը փորձում է որոշ չափով թուլացնել կրքերը, սիրաշահել ազգաբնակչությանն ու մեղմել դժգոհությունները։
Իհարկե, սրա մեջ էլ ճշմարտության տարրեր կան, սակայն կարծում ենք՝ եկամտային հարկի նվազեցման գլխավոր պատճառն այս պահին դա չէ։ Կա մեկ այլ, շատ ավելի կարևոր գործոն. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Այսինքն, հուլիսի 1-ից սկսած՝ արդեն բոլոր վարձու աշխատողները՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից, իրենց աշխատավարձի 5%-ը փոխանցելու են կենսաթոշակային հիմնադրամներին։ Դա այս պահին փաստացի նվազեցնում է վարձու աշխատողների կողմից տնօրինվող եկամուտը, ինչը, բնականաբար, շատերի սրտով չի լինի։ Ու ահա, հնարավոր դժգոհությունները մեղմելու համար եկամտային հարկը նվազեցվում է, որպեսզի մարդիկ լրացուցիչ բեռն առայժմ չզգան։ Սա ճի՞շտ քայլ է, թե՞ ոչ։ Կարծում ենք՝ ճիշտ է, ու փորձենք պարզաբանել։ Որքան կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ լինի, այն իրականում անհրաժեշտ համակարգ է և ըստ էության միակ ճանապարհը՝ ծերացող հասարակության մեջ նորմալ կենսաթոշակ վճարելու համար։
Pay as you go կոչվող համակարգը, որտեղ մենք վճարում ենք ավագ սերնդի թոշակը, մեր երեխաներն էլ վճարելու են մեր թոշակի համար, Հայաստանում արդեն չի աշխատում. աշխատունակ բնակչության թիվը կրճատվում է, թոշակառուներինը՝ ավելանում։ Լուծումն այն է, որ յուրաքանչյուր մարդ կուտակի ինքն իր համար և ստանա իր վճարածին համարժեք թոշակ (իր վճարածը՝ գումարած տարբեր արժեթղթերում ներդրված ակտիվների բերած եկամուտը)։
Դա հնարավոր է դարձնում, որ և՛ մարդը արժանապահիվ կենսաթոշակ ստանա, և՛ հնարավորություն է տալիս, որ տնտեսության մեջ հայտնվեն «երկար» փողեր, որոնք կարող են ներդրումներ ու տնտեսական աճ ապահովել։ Սակայն մարդիկ դժվարությամբ են համակերպվում այս ռեֆորմին։
Ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է այդպես. մարդու բնույթն է այդպիսին։ Վարքագծային տնտեսագիտությամբ զբաղվողներն ապացուցել են, որ մարդու համար այսօր փաստացի ունեցած X դրամն ավելի մեծ արժեք ունի, քան ապագայում վճարվող X + 10% գումարը։ Օրինակ, մարդը, կարող է՝ այսօր հրատապ խնդիրներ ունի լուծելու, և չցանկանա հրաժարվել իր մոտ գտնվող 1000 դրամից, թեկուզ, եթե նրան խոստանան մեկ շաբաթից 1100 դրամ վերադարձնել։
Ու նման դեպքերում պետությունը ստիպողաբար է դա անում՝ օրենքի ուժով մարդուն ստիպելով կուտակել ինքն իր համար։ Մեզ մոտ 2014-ին չհաջողվեց այդ ռեսուրսն ամբողջությամբ կյանքի կոչել՝ ինչ-ինչ պատճառներով։ Այժմ, ինչպես նշեցինք, այն պետք է ամբողջությամբ մտնի ուժի մեջ, և որպեսզի այս անցումը հնարավորինս սահուն լինի, պետությունը որոշել է սկզբնական շրջանում փոխհատուցել դա՝ եկամտային հարկի մի մասից հրաժարվելով։
Եթե սա «ապակոդավորենք», կստացվի, որ պետության համար այս պահին կենսաթոշակային ռեֆորմի իրականացումն ավելի կարևոր է, քան որոշ ծավալով հարկերը։ Պետությունը պատրաստ է այդ ռեֆորմի համար այսօր վճարել՝ հարկերի տեսքով։ Որովհետև հարկերը հետո աստիճանաբար հետ բերելն ավելի հեշտ և անցնցում է։ Ու բացի այդ, կենսաթոշակային համակարգի պոտենցիալ տնտեսական օգուտն այնքան մեծ է, որ չարժե «ժլատություն» անել և կրկին վիժեցնել այս ռեֆորմը։
Սակայն ամենակարևոր խնդիրը՝ կենսաթոշակային ռեֆորմի իրականացման համար, որը խանգարեց 2014 թվականին, մնում է չլուծված։ Դա պետության նկատմամբ ոչ բավարար (մեղմ ասած) վստահությունն է։ Այսինքն, բացի այն, որ մարդը չի ցանկանում այսօր հրաժարվել իր աշխատավարձի 5%-ից, նա չի հավատում, որ 20 կամ 30 տարի հետո այդ գումարը ետ է ստանալու։
2014-ից առ այսօր աճե՞լ է վստահությունն իշխանության նկատմամբ, թե՞ ոչ՝ այս հարցի պատասխանը թողնենք ընթերցողներին։ Սակայն այն, որ կառավարությունը փորձում է աննկատ դարձնել ամբողջական անցումը կենսաթոշակային համակարգին, անուղղակիորեն վկայում է այն մասին, որ իշխանությունն այս պահին վստահության մակարդակը բավարար չի համարում։